«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ»-Ը ՉԻ ՏՆՏԵՍԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վերահսկիչ պալատը այս տարվա փետրվարի 8-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ եւ «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի գործունեությունն ու բացահայտել բազմաթիվ խախտումներ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՎՊ-ն ուսումնասիրել է կրթության եւ գիտության նախարարության կողմից իրականացվող «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ», «Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրերի իրականացումը:
Անցած տարի ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրով դրամաշնորհի տեսքով հատկացվել է 140 մլն դրամ՝ թվով 8 միջոցառման համար: Իսկ նշված դրամաշնորհը ստացել է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն՝ 90 մլն դրամ եւ «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամը՝ 50 մլն դրամ: Նշենք, որ ծրագրի նպատակն է՝ ԲՈՒՀ-երում կրեդիտային համակարգի եւ ուսանողների վարձավճարների տարբերակված մեխանիզմների ներդրումը:
Նախարարի հանձնարարությամբ կատարվել են հետեւյալ ծախսերը՝ իրականացվել է թվով 18 գործուղում, որի ծախսը կազմել է 10 մլն 213 հազար 200 դրամ: Նաեւ այլ աշխատանքների, ծառայությունների ձեռք բերման նպատակով ծախսված մոտ 68.9 մլն դրամից 58,4 մլն դրամի աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումն իրականացվել է առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված գնման ընթացակարգի ապահովման: Նախարարական գագաթնաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կայքի ստեղծման եւ անգլալեզու «studyinarmenia. Org» եւ «amhe.am» բարձրագույն կրթության պորտալի սպասարկման համար «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն դրամ, որը նախատեսված չի եղել ծախսերի նախահաշվով:
Բացի այս, «ԷՅ ՍԻ ԷՍ» ՍՊԸ-ին փոխանցվել է 12 մլն 325 հազար դրամ` գագաթնաժողովի կոնֆերենս համակարգի թարգմանչական տեխնիկայի ապահովման եւ սպասարկման ծառայության մատուցման համար: Սակայն աշխատանքների կատարման մասին հանձնման-ընդունման արձանագրություն չի կազմվել: Ի դեպ, գագաթնաժողովի մասնակիցներին «Օջախ» ռեստորանում պաշտոնական ճաշկերույթի կազմակերպման համար փոխանցվել է 11 մլն 220 հազար դրամ: Բայց ՍՊԸ-ի կողմից դուրս գրված հարկային հաշվում չի նշվել մասնակիցների թիվը, միավորի գինը: Ավելին՝ նշված միջոցառումը ինչպես բյուջետային հայտով, այնպես էլ ծախսերի նախահաշվով նախատեսված չի եղել: Իսկ աշխատանքների կատարման մասին հանձնման-ընդունման արձանագրություն կրկին չի կազմվել: Բացի այդ, իրականացված 4 մլն 445 հազար 400 դրամի հետեւյալ միջոցառումներն առնչություն չեն ունեցել ծրագրի նպատակների հետ. առանց պայմանագրի կնքման «Օջախ» ռեստորանում՝ 1,5 մլն դրամի, «Սալոն» ռեստորանում՝ 243 հազար դրամի կազմակերպված ճաշկերույթների եւ «Արմենիա» հյուրանոցային համալիրին գիշերավարձի՝ 302 հազար 400 դրամի կատարված վճարումները: Նաեւ «Սթրիթ վորկաութ ընդ Սթրիթլիֆտինգ» մարզական հասարակական կազմակերպությանը մարզաձեւի Հայաստանի առաջնության անցկացման նպատակով փոխանցված 2,4 մլն դրամը:
«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 2015 թվականի ԿԳՆ, ապա ֆինանսների նախարարություն ներկայացված բյուջետային հայտով առանձին ծախսային հոդվածներով նախատեսվել են անհրաժեշտ միջոցներից ավելի միջոցներ, որոնք հետագայում բաշխվել են նախահաշվի տարբեր հոդվածներով եւ օգտագործվել:
Այսպես՝ կապի ծառայություններ հոդվածով նախատեսվել է 19 մլն 191 հազար 500 դրամ, բայց նախահաշվով հաստատվել է 6 մլն 456 հազար դրամ, այսինքն՝ հայտով նախատեսվել է 12 մլն 735.5 հազար դրամով ավելի ծախս: Նաեւ ՓԲԸ-ի 2015թ.ի բյուջետային հայտով կապի ծառայության ծախսերը նախատեսվել են 85 հիմնական հեռախոսագծի համար: Սակայն փաստացի առկա է եւ օգտագործվում է 20 հիմնական հեռախոսագիծ: ՓԲԸ-ի եւ ԿԳՆ-ի կողմից օգտագործվում է 75 բջջային հեռախոսակապ (այդ թվում 20-ը նախարարության եւ համակարգի այլ աշխատակիցների կողմից): Կապի ծառայության փաստացի ծախսը կազմել է 8 մլն 256.9 հազար դրամ, այդ թվում բջջային հեռախոսակապի ծախսը՝ 6 մլն 783.3 հազար դրամ: Այն դեպքում, երբ 2015թ.-ի բյուջետային հայտով բջջային հեռախոսակապի համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել:
Իսկ գրասենյակային եւ տնտեսական նյութեր հոդվածով նախատեսվել է 13 մլն 385 հազար դրամ, նախահաշվով հաստատվել է 5 մլն 692 հազար 100 դրամ, այսինքն՝ հայտով 7 մլն 692 հազար 900 դրամով ավելի ծախս է նախատեսվել: Մինչդեռ փաստացի ծախսը կազմել է 5 մլն 233 հազար 700 դրամ:
Նույն իրավիճակն է նաեւ տրանսպորտային ծախսեր հոդվածի դեպքում. նախատեսվել է 3 մլն 880 հազար դրամ, նախահաշվով հաստատվել է 2 մլն 245 հազար դրամ, մինչդեռ փաստացի ծախսը կազմել է 1 մլն 288 հազար 300 դրամ: Այսինքն՝ հայտով նախատեսվել է 1 մլն 635 հազար 800 դրամով ավելի ծախս: Իսկ այլ ծախսեր հոդվածով նախատեսվել է 2 մլն 200 հազար 200 դրամ, այն դեպքում, երբ նախահաշվով ծախս չի նախատեսվել:
Բացի այդ, բյուջետային հայտով չի նախատեսվել, սակայն նախահաշվով նախատեսվել եւ կատարվել է 23 մլն 3 հազար 900 դրամի ծախս, այդ թվում 22.5 մլն դրամի կապիտալ ծախս: Մինչդեռ «Կրթության ազգային ինստիտուտը» իրավասու չէր հատկացված բյուջետային միջոցներով կատարելու կապիտալ ծախսեր, քանի որ ՓԲԸ-ին միջոցները հատկացվել են ընթացիկ դրամաշնորհներ հոդվածով: Եւ այս ամենի արդյունքում, եթե ՓԲԸ-ն չկատարեր կապիտալ եւ բջջային հեռախոսակապի ծախսերը, ապա 2015թ.-ի տարեվերջին կտնտեսեր 30 մլն 92 հազար 300 դրամ:
«Միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման բարեփոխումներ» (ՄԿՈՒ) ծրագրի 2015-2016թթ. բյուջետային հայտով ծախսերը նախատեսվել են առանց հիմնավորման եւ հաշվարկների: Օրինակ՝ ՓԲԸ-ի կողմից ստեղծված «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ազգային կենտրոն» հիմնարկը՝ ՄԿՈՒԶԱԿ-ը, իրեն ամրացված շենք, շինություններ, տրանսպորտային միջոց չունի, որեւէ ծառայության բաժանորդ չի հանդիսանում, գործում է ՓԲԸ-ին պատկանող շենքում` զբաղեցնում է 4 սենյակ եւ հանդիսանում է ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանում: Սակայն բյուջետային հայտով նախատեսվել են էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի ծառայության, տրանսպորտի պահպանման, կոմունալ եւ այլ ծախսեր, որոնց համար 2015թ-ին նախատեսվել է 9 մլն 111 հազար 200 դրամ, 2016թ.-ին` 9,5 մլն դրամ:
Հուսանք՝ ՎՊ-ի այս բացահայտումները չեն վրիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աչքից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս