«ՉԵՄ ԽԱՌՆՎՈՒՄ Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆ, Ո՛Չ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցներ հայ հայտնիների հետ: Հակիրճ, բայց բովանդակալից հարցուպատասխանի միջոցով մենք կբացահայտենք հանրության կողմից ճանաչված անձանց էությանը բնորոշ գծերը, կանդրադառնանք այնպիսի մանրուքների, որոնք կարող էին վրիպել Ձեր աչքից: Այսպիսով` մեր հերթական զրուցակիցը երգիչ, երաժիշտ Գոռ Սուջյանն է:

-Գո՛ռ, Ձեր կյանքի անբաժանելի մասը:
-Ընտանիքը, երաժշտությունը:
-Որտե՞ղ եք գտնում Ձեր խաղաղությունը:
-Ներդաշնակության մեջ:
-Մի բան, որ օրվա ընթացքում պարտադիր անում եք:
-Վերջին շրջանում անգլերեն եմ սովորում, զարգացնում եմ այդ լեզվի իմացությունս:
-Սիրելի խաղը:
-Բիլիարդ շատ եմ սիրել, հիմա ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում խաղալ:
-Հիշողություններ` կապված դպրոցի հետ:
-Մինչեւ 8-րդ դասարանը լավ եմ սովորել, հետո սկսել եմ զբաղվել երաժշտությամբ, եւ ինձ հենց դրանով էին ճանաչում:
-Իր, որը միշտ Ձեզ հետ է:
-Հեռախոս:
-Մի բան, որի համար ժամանակ չի մնում:
-Երեւի սպորտը: Սիրում եմ մարտարվեստ, լող, բայց երբեւէ չեմ զբաղվել դրանցով, թեեւ ցանկությունս մեծ է:
-Ձեր բնագավառում աշխատելու ամենամեծ բարդությունը:
-Եթե սիրում ես գործդ, բարդությունները հաղթահարելի են:
-Շոուբիզնեսցիների հետ Ձեր հարաբերությունները:
-Շոուբիզնեսյան կյանք, որպես այդպիսին, Հայաստանում չկա, օրինակ` Ռուսաստանում էլ չկա. ըստ իս, կա միայն ԱՄՆ-ում: Իսկ ինչ վերաբերում է երգարվեստի ներկայացուցիչների հետ իմ հարաբերություններին, ասեմ, որ դրանք ո՛չ վատ են, ո՛չ լավ, նորմալ են:
-Ձեր կարիերայի պիկը:
-Դեռ չեմ ունեցել:
-Ստեղծագործական ծրագրերը կապված են Հայաստանի՞, թե՞ դրսի հետ:
-Թե՛ Հայաստանի, թե՛ դրսի:
-Ձեր ուղղորդումը նրան, ով որոշել է զբաղվել ռոքով;
-Եթե իսկապես սիրում են երաժշտությունը, փառքի համար չէ, որ հետաքրքրություն են ցուցաբերում, թող շարունակեն զբաղվել դրանով: Միայն այդ դեպքում նրանք կարող են աշխարհ փոխել:
-Ռոքը ծնվում է, երբ…
-Առհասարակ, չեմ սիրում երաժշտական ժանրերն առանձնացնել. դա կրիտիկների գործն է: Ցանկացած լավ երաժշտություն ապրումների արդյունք է եւ դուրս է բիզնեսից:
-Մարդու մասին դատում եք, ըստ նրա…
-Ըստ նրա պահելաձեւի, արարքների, նաեւ` խոսքի, բայց մեծ մասամբ` գործի:
-Շատ եք հոգնել…
-Ստից ու կեղծիքից:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Որն էլ ականջիս հասել է, բավական զվարճալի է եղել: Բամբասանքն արդեն իսկ ծիծաղելի է:
-Մարդուն չեք օգնի, եթե…
-Նման բան հաստատ չի լինի. եթե կարողանամ օգնել, կօգնեմ:
-Ձեզ ի՞նչ կենդանու կնմանեցնեք:
-Ոչ մի. փորձում եմ մարդ մնալ (ծիծաղում է):
-Ֆոբիա, որ չեք հաղթահարել:
-Ավիաֆոբիա ( կամ` աէրոֆոբիա, վախ թռիչքներից):
-Ձեր քայլերը, եթե դառնայիք երկրի նախագահ…
-Ինքս ինձ գործից կհանեի. թող ամեն մեկն իր գործով զբաղվի:
-Աստծո հետ Ձեր հարաբերություններն ինչպե՞ս կբնութագրեք:
-Հավատում եմ Աստծուն, կյանքում ամենաշատը հավատում եմ Քրիստոսին: Շատ դեպքերում զգում եմ նրա ներկայությունը իմ կյանքում:
-Կյանքի իմաստը տեսնում եք…
-Ինձնից հետո ինչ-որ արժեքավոր բան թողնելու մեջ: Չեմ կարծում, որ արդեն ինչ-որ բան թողել եմ, բայց այդ ճանապարհին եմ:
-Ձեզ կարող են երջանկացնել…
-Երեխաները, կենդանիները:
-Երեւանում Ձեր սիրելի վայրը:
-Նախընտրում եմ բնությանը մոտ վայրերը, այգիները, օրինակ` Թումանյանի անվան զբոսայգին եմ շատ սիրում:
-Ափսոսանք` կապված մեր մայրաքաղաքի հետ:
-Դա կապված է հին քաղաքը քանդելու հետ: Կցանկանայի նորը կառուցեին, բայց ոչ հնի հաշվին:
-Որպես քաղաքացի` ակտի՞վ եք, թե՞ պասիվ:
-Ակտիվ չեմ: Չեմ խառնվում ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական հարցերի, որոնք կապված են համակարգի հետ: Ավելի շատ փորձում եմ մոտենալ բնությանը, քան համակարգին:
-Ո՞վ չի կարող դառնալ Ձեր ընկերը:
-Ընկերների հարցում հաշվարկներ չեն անում. ամեն բան ինքնըստինքյան է ստացվում: Ընդհանրապես, ունեմ մի քանի մտերիմ ընկեր, շատերի հետ էլ ջերմ հարաբերությունների մեջ եմ:
-Անարդարության դեմ պայքարի Ձեր ձեւը:
-Արդար ապրելը:
-Կյանքից հարկավոր է հեռանալ այնպես, որ…
-Որ քեզ հիշելով, քո արածը տեսնելով` մարդիկ դրական էմոցիաներ ունենան:

 

 

 
ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ԿԱՐՃԱՏԵՎ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ

Տեւական ժամանակ է` դերասան Արեն Վաթյանը էկրաններին չի երեւում: Վերջինս տարիներ առաջ հանդես էր գալիս Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, սակայն այժմ թատերական գործունեությամբ զբաղվելու ժամանակ չունի. «Կարոտում եմ թատրոնը, բայց գիտեմ, որ եթե վերադառնամ այնտեղ, կրկին բախվելու եմ ժամանակի սղության խնդրին»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արենը:

Նա տեղեկացրեց, որ աշխատում է գեղարվեստական ֆիլմի սցենարի վրա (սակայն հրաժարվեց այդ մասին մանրամասներ հայտնել), զբաղվում է ֆիլմերի եւ սերիալների կրկնօրինակմամբ: «Ինձ համար ավելի լավ է այդ գործն անեմ, քան նկարահանվեմ երկար ու ձիգ սերիալներում: Ստացել եմ նման նախագծերում հանդես գալու հրավերներ, սակայն մերժել եմ (կհամաձայնեմ նկարահանվել միայն կարճատեւ սերիալում), այդ պատճառով էլ ինձ էկրաններին չեք տեսնում»,- նշեց «Վանա ծովուն արշալույսը», «Այստեղ», «Ադամանդ», «Բանալի», «Հերոստրատ», «Մի վախեցիր», «Մի նայիր հայելու մեջ», «Վրեժխնդրություն» եւ այլ ֆիլմերից հայտնի դերասանը:
Ի դեպ, այս տարի տեղի են ունեցել դերասան-կինոռեժիսորի երկու փաստավավերագական ֆիլմերի («Շախմատիստ» եւ «Մեր անձնագրերը, մեր հոգիները») պրեմիերաները (սցենարի հեղինակը հայրն է` կինոսցենարիստ Արմեն Վաթյանը): Մենք հարցրինք` վավերագրական ժա՞նրն է Արենին առավել հոգեհարազատ, թե՞ գեղարվեստականը. «Ես ռեժիսորի իմ գործունեությունը սկսել եմ գեղարվեստական ֆիլմեր կյանքի կոչելով, հետո անցում եմ կատարել վավերագրականին, ապա կրկին անդրադարձել գեղարվեստականին: Այս վերջին ժանրն ինձ ավելի հոգեհարազատ է»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Արենը տեղեկացրեց նաեւ, որ որպես ռեժիսոր Հայաստանի ազգային կինոկենտրոնում զբաղված է «Գժուկ» մանկական երգիծական ծրագրի նկարահանումներով:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԿՆՎԻՐՎԻ ԵՂԵՌՆԻՆ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` լայն արձագանք գտած «Աղետ» խորագրով համերգը` Դրեզդենի կամերային երգչախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային եւ երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նախագիծը մեկնարկել է դեռեւս 2015թ. եւ հաջողությամբ իրականացվել Բեռլինում, իսկ 2016թ.` Դրեզդենում ու Բրանդենբուրգում: Համերգային ծրագրում ներկայացված են Զեյնափ Գեդիզլիօղլուի «Գրառումներ լռակյացից», Հելմուտ Oհրինգի «Դիմում Էրդողանին. դա ցեղասպանություն էր» եւ Վաչե Շարաֆյանի «Արթնացեք, փառքեր իմ» ստեղծագործությունները: Համերգի դիրիժորն է Անդրեա Մոլինոն, մենակատարներ` Մարկ Սինան, Մաթիաս Վորմ, Կարլ Թիմտ, Արայիկ Բախտիկյան:

 

 

ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔ Է ԱՆՎԱՆԵԼ
Ինչպես հայտնի է՝ Հանրապետական Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ 45-րդ նախագահը: Այս փաստն ակտիվորեն մեկնաբանվում է սոցիալական ցանցերում ու միկրոբլոգերում, օգտատերերը Թրամփին ընտրում են որպես հերոս` տարբեր մեմերի համար: ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքին անդրադարձել են նաեւ մի շարք հայտնի արտիստներ, մշակույթի գործիչներ: Նրանց թվում է հայկական արմատներով 70-ամյա երգչուհի Շերը: Վերջինս թվիթերյան իր էջում բավական կտրուկ է արտահայտվել Թրամփի հասցեին. «Աշխարհը երբեք նախկինը չի լինի: Ցավում եմ երիտասարդության համար: Թրամփը միշտ զուգարանակոնք կլինի, անհնար է ջնջել կղանքը: Նա միշտ վախկոտ կեղծավոր կլինի: Նա 1930-ականների Գերմանիան է»:




Լրահոս