ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԳԼԽԻՆ «ՍՈՒՐ ԵՆ ԿԱԽԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ նախապես պլանավորված մամուլի ասուլիսը երեկ չկայացավ: ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Վահե Պապոյանը երկու տարբեր գրություններով անհեթեթ պատճառաբանություններով մերժեց լրագրողների մուտքը ՔԿՀ: Այս որոշումը թերեւս 2 պատճառ ունի. նախ որ լրագրողները չտեսնեն Շիրխանյանին, որը հաշմանդամ է դարձել կալանավայրում եւ ինքնուրույն չի կարողանում քայլել, երկրորդ` Շիրխանյանը խոստացել էր ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին մի քանի ուղերձ հղել:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից: Պարզվում է` քննությունն այնպես է ընթացել, որ իբրեւ հանցախմբի իրական պարագլուխ նշվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը: Երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի եւ հայր Անտոնի միջեւ, ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգեւորականին, թե ով է այս ամենի հետեւում: Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը: Շիրխանյանը բղավել է, թե ստում ես, ինչ կապ ունի նա: Քննիչը շարունակել է՝ Դուք պետք է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել է՝ այո: Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգեւորականը «վալերյանկա» է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը՝ պատճառաբանելով, թե վատ է զգում, ապա նահանջել է` ասելով ոչ:
Բանն այն է, որ Օհանյանն ու Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ Օհանյանը: Միությունը պլանավորում էր ունենալ 10 հազար անդամ` աշխարհի տարբեր երկրներից: Սակայն չստացվեց, փոխարենը Օհանյանի գլխին «սուր կախվեց»:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը անհավանական բացահայտում է կատարել: Պարզվում է՝ 2015 թվականին Թուրքիան Հայաստանին հումանիտար օգնություն է ցուցաբերել: Այս մասին արձանագրված է պաշտոնական փաստաթղթերում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015 թվականին ՀՀ կողմից ստացված մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 5 հազար տոննա, որը կազմել է մոտ 50 մլն դոլար: Պարզեցինք, որ Թուրքիայից Հայաստանի ստացած մարդասիրական օգնությունն իր մեջ պարունակել է կաուչուկ, պլաստմասսա, ռետին եւ նմանատիպ այլ իրեր: Սակայն ամենաարտառոցն ու խնդրահարույցն այն է, որ հայրենի պետական կառույցները` ի դեմս կառավարության եւ ԱՎԾ-ի, իրար հակասող տեղեկություններ են տրամադրում: ՀՀ կառավարությունը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ կտրականապես հերքեց Թուրքիայից օգնություն ստանալու հանգամանքը. «Թուրքիայի կողմից ոչ մի օգնություն, ինչպես նաեւ փոխադարձ օգնություն չի եղել»: Ստեղծված հակասության մեջ այդպես էլ անհայտ է մնում իրականությունը:

 

 
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ 2009 թվականի մայիսին մահափորձ կազմակերպելու մեղադրանքով մինչ օրս հետախուզման մեջ է գտնվում «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ սեփականատեր, Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Ալբերտ Երիցյանի որդին` մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը: Այդ դեպքից հետո Երիցյանների «գործերը» վատացան, նրանք վաճառեցին իրենց ողջ ունեցվածքը եւ հեռացան Հայաստանից: Իրադարձություններից 7 տարի անց Երեւանում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ալբերտ Երիցյանի հետ` հետաքրքրվելով` ի վերջո, ինչո՞ւ իր որդին մահափորձ արեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ: «Չկա նման բան, ոչ մի ապացույց չկա, որ իմ որդին հանցանք է կատարել: Թող Գագիկ Խաչատրյանը մտածի` ինչի մեջ է: Արդարությունը կհաղթի»: Հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ է գտնվում հետախուզման մեջ գտնվող իր որդին: Պարզեցինք` նրա նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը առ ոչինչ է. Ռ. Երիցյանը ազատ շրջում է բոլոր երկրներում:

 

 
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ վերջին շրջանում մահացած 15 ծննդկաններից երկուսի հարազատների միջեւ տեղի ունեցած հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով՝ ներկաներից մեկը նախարարին հարցրել է` ինչ քայլեր են ձեռնարկվում ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավ-Մեդ» բժշկական կենտրոնում խախտումները հայտնաբերելու ուղղությամբ: Հարցին շտապել է պատասխանել հանդիպմանը ներկա փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով այդ ընթացքում նախարարի խոսափողի դերն է ստանձնել: Ըստ փոխնախարարի` հայտնաբերվել են խախտումներ, որոնք վերացվել են: Ի պատասխան հարցի` ինչ խախտումների մասին է խոսքը, փոխնախարարն առաջարկել է երկուշաբթի օրը այցելել ԲԿ եւ տեղեկանալ տեղում: Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲԿ-ում խախտումներն ավելի քան լուրջ են եղել: Մասնավորապես, այստեղ վերակենդանացման բաժանմունքը համապատասխան սարքավորումներ չի ունեցել: Օդափոխության միջոցները նորմայի սահմաններում չեն եղել եւ այլն:

 

 

 
ԿԱՐԵՎՈՐԵԼՈՎ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում վերստին անդրադարձել է գիշերային ակումբների խնդրին՝ այս անգամ այլ, ոչ պակաս կարեւոր դիտանկյունից: Նա, մասնավորապես, հանձնարարել է պատասխանատու գերատեսչություններին բազմաբնակարան շենքերում եւ նրանց անմիջական հարեւանությամբ գործող գիշերային ակումբների եւ նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ: «Ընդ որում, անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետ եւ պայմաններ, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը ստրիպտիզ ակումբների եւ դրա նման զվարճանքի ակումբների մասին է, որոնք տեղակայված են բազմաբնակարան շենքերի տակ եւ անհանգստացնում են բնակիչներին: Շատ բողոքներ կան, եւ մենք պետք է արձագանքենք»,- ընդգծել է վարչապետը:
Նորանշանակ վարչապետի գործունեության քննադատները երեկ սոցիալական ցանցերում հեգնում էին, թե տնտեսական ճգնաժամի շեմին կանգնած վարչապետը, կարեւոր գործերը թողած, «թիթեռ է նկարում», ավելի ճիշտ՝ ընկել է «գիշերային թիթեռնիկների» գործունեության հետեւից: Մինչդեռ հանուն արդարության՝ հարկ է նկատել, որ Կ. Կարապետյանը բավականաչափ «դրայվով» զբաղվում է ե՛ւ տնտեսական՝ գլոբալ բնույթի խնդիրներով, ե՛ւ, որ շատ կարեւոր է, չի անտեսում այդպիսի՝ ոչ շատ կարեւոր թվացող խնդիրները՝ մատը դնելով «ցավոտ կետերի» վրա: Եվ ասել, որ նա շոումեն է, որի խնդիրը կառավարության նիստերն առավել դիտարժան դարձնելն է եւ ընտրություններին ընդառաջ՝ հանրության մոտ իրական փոփոխությունների սպասումներ ձեւավորելը, որոնք արդյունքում չեն իրականանալու, մեղմ ասած, այդքան էլ արդարացի չէ:
Ի վերջո, հենց նույն գիշերային ակումբների խնդիրը ունի շատ կարեւոր սոցիալական եւ բարոյական նշանակություն: Օրինակ՝ գրականագետ Արտեմ Հարությունյանը տարիներ շարունակ բողոքում էր Գրողների միության հարեւանությամբ գտնվող իրենց բազմաբնակարան շենքի տակ ստրիպտիզ ակումբի գոյությունից՝ արդարացիորեն հարցադրում անելով՝ ինչ պետք է պատասխանի իր երեխային դպրոց տանող մայրը, երբ նա հարցնի՝ թե այդ ինչ կառույց է գործում իրենց շենքի տակ: Սայաթ-Նովա կամ Խանջյան փողոցների բնակիչները եւս տարիներ շարունակ բողոքում էին իրենց շենքերի սեյսմակայունությունն ու բնակիչների նյարդերը քայքայող ակումբների գործունեությունից, սական ապարդյուն: Եվ եթե այսօր ոմանք պնդում են, թե սա էլ սեփական PR-ն անելուն ուղղված քայլ է, ապա նկատենք, որ նախորդ վարչապետներին, կամ, ինչու ոչ՝ հենց Սերժ Սարգսյանին ոչինչ չէր խանգարում լուծել այս խնդիրը՝ հետն էլ սեփական PR-ն անելով: Ի վերջո, լավին պետք է լավ ասել, վատին՝ վատ:




Լրահոս