ՀԱՆՑԱԽՄԲԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՆՁԻՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախապես հայտարարված մամուլի ասուլիսը այդպես էլ չկայացավ: Փոխարենը բանտապետի եւ լրագրողների միջեւ միջնորդավորված գրագրություն տեղի ունեցավ՝ շոուի բոլոր ատրիբուտներով:

Պլանավորված ասուլիսը
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով: Դեռեւս հոկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, նախորդ տարվա նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցախմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանը եւ իր պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն են ներկայացրել ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետ Վահե Պապոյանին, որպեսզի թույլ տա մամուլի ասուլիս կազմակերպել: Ի պատասխան՝ Պապոյանը, հղում անելով «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին, հայտնել է, թե տեսակցության օրն ու ժամը ՔԿՀ պետը չի նշանակում:
Ահա, այսպես թվում էր՝ ամեն ինչ նորմալ է, եւ պետք է մամուլի ասուլիսը կայանա: Բայց, պարզվում է, Վահան Շիրխանյանը ԱԱԾ մեկուսարանում հայտարարել է, որ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանի հասցեին դաժան քննադատություն է հնչեցնելու, ինչն էլ, թերեւս, հիմք հանդիսացավ, որ ՀՀ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը համատեղ ջանքերով «փրկեցին» Սերժ Սարգսյանին: Երբ լրագրողների՝ 10 հոգանոց խումբը ներս մտավ ընդունարան, նախ առաջարկեցին դիմում գրել ՔԿՀ պետի անունով, որպեսզի տեսակցություն թույլատրի: Սակայն դիմումի այդ անհատական ձեւը չընդունվեց երկու պատճառով. նախ, որ յուրաքանչյուրն առանձին էր ուզում տեսակցել, երկրորդ՝ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետ Վահե Պապոյանի կոչումը՝ արդարադատության գնդապետ, չէր նշվել դիմումի մեջ: Սա արդեն «լուրջ բացթողում էր», որը շտկելու համար նորից 10 թուղթ տվեցին՝ առաջարկելով լրացնել դիմումի ձեւը՝ այս անգամ հուշելով նշել, որ լրագրողները միանգամից 10 հոգով են ցանկանում ներս մտնել:
Նեղլիկ պատուհանից երեւացող երիտասարդը ընդունեց դիմումի «լուսանցով» ձեւը, եւ 1 ժամ սպասեցինք պատասխանին: Ստացանք գրավոր մերժում, քանի որ ներքին կանոնակարգով սահմանված է, որ 3 անձ կարող է տեսակցել կալանավորին: Լրագրողները արագ կողմնորոշվեցին եւ գրեցին նոր դիմում՝ այս անգամ 3 հոգու տեսակցելու խնդրանքով: Սա էլ 1 ժամ անց մերժվեց՝ ՔԿՀ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ: Մի խոսքով, ամեն արար բեմադրվեց, որպեսզի Շիրխանյանը լրագրողների հետ չշփվի:
Իսկ ի՞նչ էր ասելու
Փաստաբան Հայկ Ալումյանի տեղեկացմամբ՝ Շիրխանյանը պատրաստվում էր հայտարարել, թե ում հրահանգով է ինքը հետապնդումների ենթարկվում: Բնական է՝ նման մասշտաբի գործերը չեն կարող «կարվել» առանց Սերժ Սարգսյանի իմացության ու հրահանգի: Հետեւաբար հենց նրա անունն էլ պետք է հնչեր: Բայց ԱԱԾ-ից չցանկացան նաեւ «իրենց պադվալում» գտնվող Շիրխանյանին լրագրողները այդ վիճակով նկարեն, քանի որ նա առողջ, իր ոտքով մտել է կալանավայր, հիմա հաշմանդամ է, ինքնուրույն չի կարողանում քայլել:
Նկատենք, որ «հանցավոր խմբի» անդամների նկատմամբ նման խիստ հսկողություն է սահմանվում, քանի որ, ըստ մեղադրանքի, «հանցախումբը» համագործակցված ձեւով փորձել է յուրացնել իշխանությունը՝ այդ նպատակով ձեռք բերելով եւ պահելով ապօրինի զենք-զինամթերք: Շուրջ 300 հոգու մասնակցությամբ «կարված» այս քրեական գործը բաղկացած է 35 հատորից եւ մինչեւ նոյեմբերի 25-ը պետք է ուղարկվի դատարան: Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբեի 27-ին, երբ գնդակահարվեցին ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահն ու մի խումբ պատգամավորներ, հարուցված քրեական գործը 42 հատոր ուներ: Այսինքն՝ 8 հոգու սպանության գործը գրեթե հավասարվում է ոչինչ տեղի չունեցածի մասին գործի նյութերին:
Այս ծավալուն գործը կառուցված է հիմնականում «հանցախմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի տված ցուցմունքների եւ գաղտնալսումների վրա: Ինչպես հայտնի է՝ Վարդանյանը «Ռադիո Մարիամ»-ի աշխատակցուհի Լիլիթ Թորոսյանյանի հետ, ում հանդիպել է, խոսել Հայաստանի եւ Արցախի փրկության ծրագրերից, քննադատել իշխանություններին եւ աջակցություն հայցել, բոլորին ձայնագրել են: Բոլոր ձայնագրությունները «պապկաներով» հայտնվել են Լիլիթ Թորոսյանի աշխատանքային համակարգչի մեջ, որն էլ ԱԱԾ-ն «խնամքով» առգրավել է, կցել գործի նյութերին՝ իբրեւ իշխանության յուրացման փորձի ապացույց:
Քաղաքական ուռկան
Գործն ուշագրավ է այն իմաստով, որ երկրի քաղաքական իշխանությունը ում ցանկացել է վերահսկողության տակ վերցնել, ներքաշել է այս գործի մեջ, ում՝ ոչ, չնկատելու է տվել: Եւ հիմա «հանցախմբի գործը» յուրօրինակ ուռկան է դարձել հասարակական-քաղաքական անցանկալի գործիչների համար. նրանք կա՛մ ճաղերի հետեւում են, կա՛մ ապրում են ամեն օր այդ հեռանկարում լինելու վախով: Նախորդ համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վարդանյանը հանդիպել է ազատամարտի հերոս Արկադի Կարապետյանի՝ Ագոյի, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Սրբազանի, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Գարեգինովիչ Գրիգորյանի՝ հայտնի Գեգեի եւ այլ ազատամարտիկների ու Արցախի հարցով մտահոգ մարդկանց հետ: Այս գործով հիմա կալանքի տակ է գտնվում 33 անձ, որոնց թվում ոստիկանության գնդապետ Գառնիկ Մարգարյանն է, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, ՊՆ նախկին աշխատակից, գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:
Շիրխանյանի գործը
Իսկ ինչպե՞ս է Վահան Շիրխանյանը հայտնվել այս գործում: Նրան «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանն է ծանոթացրել Արթուր Վարդանյանի հետ: Որն էլ ծանոթացել է «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով: Ըստ գործի նյութերի՝ Թոթոնջյանը 70 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար է տվել Արթուր Վարդանյանին՝ զինված հեղաշրջում սկսելու համար: Շիրխանյանը հանդիպել է Վարդանյանին, զրուցել տարբեր թեմաների շուրջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդանյանը շուրջ 20 րոպե խնդրել է Շիրխանյանին, որպեսզի ՀՀ պաշտպանության այդ օրերի նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպում կազմակերպի: Սակայն Շիրխանյանը մերժել է՝ ասելով՝ դուք ինչ գործ ունեք նախարարի հետ, ու չի համաձայնել անգամ գիշերով, կես ժամով հանդիպում կազմակերպել:
Նկատենք, որ «Հանցավոր խմբի» գործը փորձ է արվել այնպես «կարել», որ թելերը տանեն դեպի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան՝ իբրեւ կազմակերպիչ: Իսկ Շիրխանյանը օգտագործվել է որպես Օհանյանի մտերիմ, որպեսզի առավել համոզիչ լինի:
«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան Վահան Շիրխանյանի եւ հայր Անտոնի առերեսումից: Այդ ժամանակ ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգեւորականին, թե ով է այս ամենի հետեւում: Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը: Շիրխանյանը բղավել է, թե ստում ես, ինչ կապ ունի նա: Քննիչը շարունակել է՝ Դուք պետք է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել է՝ այո: Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգեւորականը «վալերյանկա» է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը՝ պատճառաբանելով, թե վատ է զգում: Երբ փորձ է արվել արձանագրել այդ զրույցը, երջանկահիշատակ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը չի թողել արձանագրել Օհանյանի անունը: Եւ քննիչը վերջին հարցն է տվել՝ դուք պնդո՞ւմ եք, որ Օհանյանը կապ չունի՞ խմբի հետ, հայր Անտոնն արդեն ասել է՝ այո, պնդում եմ:
Ինչո՞ւ Սեյրան Օհանյանը
«Ժողովուրդ»-ը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Շիրխանյանի՝ 2015-ի դեկտեմբերի 12-ի ձերբակալման օրվանից 3-4 օր հետո պետք է կայանար «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որին մասնակցելու էին 10 հազար սպաներ աշխարհի ամենատարբեր երկրներից: Այդ միության նախագահը պետք է լիներ Սեյրան Օհանյանը, կազմակերպչական ողջ գործընթացն իրականացնում էր Շիրխանյանը: Իսկ ձերբակալումից 3-4 օր առաջ Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի մոտ մի 40 հոգով հավաքվել էին սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակից սպաները, որոնք միության «շարժիչ ուժն էին»: Ներկա է եղել նաեւ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը: Թեեւ Սերժ Սարգսյանը եւս տեղյակ է եղել այդ միության կազմավորման մասին, այնուամենայնիվ, ամեն ինչ արել է հիմնադիր համագումարի ձգձգման համար: Իսկ ձգձգման հետեւանքով Շիրխանյանը հայտնվեց կալանքի տակ, միության հիմնադիր համագումարն էլ չկայացավ:
Վահան Շիրխանյանի խնդրանքով
կալանավայր մեկնած, բայց տեսակցություն չունեցած

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 
ԲԱՆԱԿԻՑ  ԳՈՂԱՑՈՂՆԵՐԸ
Արտաշ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված, Հայաստանի Հանրապետության ՊՆ սահմանապահ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 2016 թվականի ապրիլի 15-ից 29-ը հերթապահության ընդգրկված լինելով մարտական հենակետում, այդ հենակետի կացարանների տաքացման եւ կերակուր պատրաստելու նպատակով հատկացված դիզելային վառելիքը հափշտակելու դիտավորությամբ, անօրինական կարգով հրամայել է հենակետի կացարաններում փայտ եւ գազ վառել՝ ապահովելով համապատասխան միջոցներով: Դրա արդյունքում Ա. Պետրոսյանը տնտեսել է զգալի չափերով՝ 95 հազար 242.5 դրամ արժողությամբ 270 լիտր դիզելային վառելիք, որը փորձել է յուրացնել, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ղազարյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գումարտակի հրամանատար Արտաշ Պետրոսյանից տեղեկանալով, որ նրա կողմից ապօրինի տնտեսված, հափշտակելու նպատակով զորամաս տեղափոխված 270 լիտր դիզելային վառելիքը 2016 թվականի ապրիլի 30-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Տավուշի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, այդ հանգամանքը որպես խոչընդոտ վերացնելու եւ հանցագործությունն ավարտին հասցնելու նպատակով գումարտակին ամրացված «Ուրալ 4320» մակնիշի ավտոմեքենայի բենզինի բաքը հանել է մեքենայի վրայից, տեղափոխել Տավուշի մարզի Այգեձոր գյուղում գտնվող եռակցող Սուրեն Սաֆարյանի արհեստանոց: Այնտեղ Դ. Ղազարյանը եռակցողին հանձնարարել է բենզինի բաքի ստորին հատվածը ծակել ու եռակցել: Այսպիսով իրավապահ մարմինների ուշադրությունը շեղելով՝ փորձել է նրանց մոտ պատրանք ստեղծել, թե իբր հայտնաբերված դիզելային վառելիքը գումարտակին ամրացված ավտոմեքենայի բաքինն է:
Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելու կամ վատնելու՝ հանցավորին վստահված ուրիշի զգալի չափերով գույքի հափշտակության փորձը, որը կատարվել է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով), Դ. Ղազարյանին՝ 38-34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելու կամ վատնելու՝ հանցավորին վստահված ուրիշի զգալի չափերով գույքի հափշտակության փորձին հանցակցելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս