«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ Է «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրազդան» մարզադաշտի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: «Ժողովուրդ»-ը «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանից տեղեկացավ, որ մարզադաշտը գրավադրված է «Առէքսիմբանկ»-ում:

Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015թ հունիսի 26-ի վճռով սնանկ էր ճանաչվել: Դեռեւս անցած տարի «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի պարտատերերի կողմից ներկայացվել են պահանջներ: Սակայն մինչեւ հիմա պարտատերերի առաջին ժողովը չի կայացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը տեղեկացրեց, որ պարտատերերի ցուցակի նկատմամբ մարզադաշտի տնօրինության կողմից առարկություն է ներկայացվել: Նրա խոսքերով՝ պարտատերերի ցուցակը չի հաստատվել, եւ սրա կապակցությամբ դատական նիստ է հրավիրվել: Ըստ Կոշեցյանի՝ գործը շահառուների բավարարման փուլում է գտնվում: Իսկ պարտատերերի կողմից ներկայացված պահանջների հետ մարզադաշտի տնօրինությունը չի համաձայնել, եւ դատարանում պահանջի հարցը կքննվի:
«Դեռեւս պարտատերերի ցուցակը հաստատված չէ, քանի որ պարտատերերի ներկայացրած պահանջների նկատմամբ առարկություններ կան: Ընկերությունը առարկություններ ունի եւ չի ընդունում պահանջները, որ իր նկատմամբ ներկայացրել են: Բայց պարտապանը իր հերթին պնդում է՝ երբ դատարանը վերջնական որոշում կկայացնի պահանջի չափով գումար տալու մասին, այդ ժամանակ չի առարկի: Բայց հիմա չի ընդունում: Այսինքն՝ մարդն իր մեջ մտածել է, որ ընկերությունն իրեն պարտք է, օրինակ՝ 1 մլն դրամ: Բայց «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն ապացուցում է, որ այդ 1 մլն դրամը, որը պարտատերը ներկայացրել է, ինքը վճարել է: Ու դա ընկերությունը հիմնավորում է: Իսկ մյուս կողմը պնդում է՝ չէ՛, դու սխալ ես, ու պարտքը կազմում է 1 մլն դրամ, եւ վերջ: Երկու կողմերը հիմա իրար հետ վիճում են: Դատական նիստ պետք է հրավիրվի, ու դատարանն իր վերջնական որոշումը կկայացնի»,- ներկայացրեց սնանկության գործով կառավարիչը: Ի դեպ, այդ երկար սպասված դատական նիստը կկայանա նոյեմբերի ընթացքում, բայց սնանկության գործով կառավրիչը հստակ օրը դժվարացավ նշել:
«Ժողովուրդ»-ը Կոշեցյանից տեղեկացավ, որ «Հրազդան» մարզադաշտը գրավադրված է «Առէքսիմբանկում»: Հիշեցնենք, որ «Առէքսիմբանկը» ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների ցանկում էր՝ որպես «Գազպրոմբանկի» դուստր ընկերություն: Եւ վերջերս «Առէքսիմբանկը» ձեռք է բերվել հայաստանյան մեկ այլ բանկի՝ «Արդշինբանկի» կողմից: «Հրազդան» մարզադաշտի ճակատագրի հետ կապված Կոշեցյանն ասաց, որ ընկերությունը մտադիր է առողջացման ծրագիր ներկայացնել, որպեսզի բոլորի պահանջները բավարարի, եւ, ի վերջո, մարզադաշտը գրավադրումից հանվի:
«Ընկերության նկատմամբ պահանջը կազմում է ընդամենը 3 մլն դոլար, եւ այդ արժեքով է այն գրավադրված բանկում, իսկ ստադիոնը արժի, օրինակ, 15-20 մլն դոլար: Այսինքն՝ ընկերության ունեցած գույքը պահանջից ավելի է կազմում»,- նշեց սնանկության գործով կառավարիչը:
Մեր զրուցակցի խոսքով՝ գրավադրված գույքի վարկային պարտավորությունները կատարում է «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն: Եւ նույն ընկերությունն էլ առաջիկայում մտադիր է առողջացման ծրագիր ներկայացնել: «Ընկերությունը պահանջում է, որ իրեն սնանկ չճանաչեն՝ խոստանալով, որ կմարի պարտքերը: Ամեն դեպքում, առաջիկայում պարզ կդառնա, թե ինչ է լինելու «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»-ի ճակատագիրը»,- ներկայացրեց Կոշեցյանը: Վերջինս հայտնեց նաեւ, որ օրենքով, մինչեւ պարտատերերի առաջին ժողովը, ընկերությունը կարող է բնականոն հունով աշխատել եւ իր գործունեությամբ զբաղվել: «Եթե ընկերությունը առողջացման ծրագիր է ներկայացնում, ապա դրա պայմաններով պետք է նաեւ գումարներ հայթայթի: Պետք է աշխատի, չէ՞, որ գումար, եկամուտ ունենա, որպեսզի պարտքերը մարի: Բոլոր աշխատողներին վարձատրում է: Եթե մարդիկ աշխատում են, ապա բոլորին պետք է վարձատրել, քանի որ առողջացման ծրագրում այդ ամենը երեւալու է: Պարտք չի կուտակվում, իմ կողմից հսկողություն է սահմանված, որպեսզի պարտքեր չգոյանան»,- հավաստիացրեց Կոշեցյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՏՈՒՐՔԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վանաձորի տաքսու վարորդները շարունակում են բողոքել տեղական տուրքից՝ նշելով, որ այն ամենաբարձրն է հանրապետությունում: Հարցը մեկ անգամ եւս քննարկելու համար վանաձորցի վարորդները հանդիպել են քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Նման օրինակ մեկ հանդիպում էլ կայացել էր ամիսներ առաջ այն ժամանակվա քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Նշենք, որ Վանաձորում տարեկան տուրքը 15 000 դրամ է, որը սահմանվում է համայնքի ավագանու կողմից:
Վարորդները նշում են, որ տաքսի վարելու թույլտվություն ստանալու համար իրենք ամսական վճարում են 8000 դրամ գումար, եւ եթե դրան էլ գումարվում է տեղական տուրքի 15000-ը, բավականին մեծ բեռ է դառնում իրենց համար:
Իսկ, ահա, հանրապետության մյուս երկու խոշոր քաղաքներում՝ Երեւանում եւ Գյումրիում, տեղական տուրքը կազմում է 10 եւ 12 հազար դրամ: Վարորդներից Վարդան Պողոսյանն ասում է, որ գումարն իսկապես մեծ է, մանավանդ այն դեպքում, երբ Վանաձորում այլեւս մարդ չի մնացել, եղածներն էլ կա՛մ ամենավճարունակ մարդիկ են, ովքեր սեփական մեքենայով են շրջում, կա՛մ էլ անվճարունակները, ովքեր տաքսուց օգտվելու գումար չունեն:
Վարորդի խնդրանք-պահանջը մեկն է՝ կա՛մ առհասարակ հանել նշված տուրքը, կա՛մ էլ պարզապես նվազեցնել.«Վանաձորը էսօր դատարկվող քաղաք ա, բայց ամենամեծ տուրքը վանաձորցիներից են գանձում»,- դժգոհեց նա:
Քաղաքապետի հետ հանդիպած վարորդներն ասում են, որ տուրքը իրենք պետք է վճարեին դեռեւս տարեսկզբին, սակայն նրանցից եւ ոչ մեկը մինչ օրս չի վճարել: Մինչդեռ նրանց քաղաքապետարանից արդեն իսկ մի քանի անգամ նախազգուշացրել են՝ տեղական տուրքը կա՛մ վճարել ինքնակամ, կա՛մ էլ այն կբռնագանձվի դատարանի միջոցով:
Վերջինը հաստատում է նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ նշելով, որ եթե վարորդները չվճարեն, ապա գումաը կբռնագանձվի դատական կարգով, իսկ մինչ այդ քաղաքապետարանը շարունակում է բավարարվել՝ հիշեցումներ ուղարկելով: «Քանի որ ֆինանսական տարին դեռեւս չի ավարտվել, ես զիջումների եմ գնացել, որպեսզի վարորդները մինչեւ դեկտեմբերի 15-ը վճարեն իրենց տուրքը: Հակառակ դեպքում դեկտեմբերի 15-ից հետո կդիմենք համապատասխան իրավական քայլերի»,-զգուշացնում է նորընտիր քաղաքապետը:
Ուսումնասիրելով խնդիրն ու վարորդների դժգոհությունը՝ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրել է՝ այս տարի բարձրացված հարցում որեւէ փոփոխություն չի լինի, քանի որ 2016 թվականի համայնքի բյուջեն արդեն իսկ հաստատված է դրանում ներառված տեղական տուրքերի չափով: Ուստի վարորդներին ոչինչ չի մնում անել, քան մինչեւ դեկտեմբերի 15-ը կատարել վճարումները:
Միեւնույն ժամանակ նորանշանակ քաղաքապետը վստահեցնում է, որ հաջորդ տարի նշված տուրքի հետ կապված փոփոխություններ կլինեն:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս