22Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել 2016 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետին, որն ավարտվում է դեկտեմբերի 1-ին:
«Հաշվի առնելով, որ 2016 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, հարկավոր է բանակցել վարչական շենքերում գործող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ և հնարավորություններ ստեղծել մեր բնակիչների համար աշխատանքից հետո կատարելու իրենց հարկային պարտավորությունները: Մենք պետք է հնարավորինս ապահովենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ»,- ընգծել է Տարոն Մարգարյանը:
Հաշվի առնելով, որ հատկապես աշխատող քաղաքացիներն, ըստ էության, աշխատանքային օրվա ավարտից հետո միայն կարող են այցելել համապատասխան վայրերն ու կատարել իրենց հարկային պարտավորությունները, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի եկամուտների վարչության պետին հանձնարարել է բանակցել վարչական շենքերում առկա բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ ու այսօրվանից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ եկամուտների բաժինների աշխատանքները կազմակերպել մինչև 19:30-ը: Միաժամանակ պատասխանատուներին հանձնարարվել է նաև խստորեն հետևել բնակիչների սպասարկման որակին՝ կուտակումներ չառաջացնելու առումով: