«Մեկ միասնական ճակատով հանդես են գալիս պատերազմի ժամանակ». ինչպես է ՀՀՇ-ն պատրաստվում խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը:

– Պարո՛ն Զուրաբյան, 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություններ են ստեղծվում և դաշինքներ ձևավորվում: ՀՀՇ-ն արդեն որոշե՞լ է, թե ինչպես և ի՞նչ ֆորմատով է մասնակցելու առաջիկա ընտրություններին:

– Այս ընտրությունները մի փոքր յուրահատուկ են, որովհետև սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական ուժերը որոշակիորեն դեռ ամբողջությամբ չեն պատկերացրել, թե ինչպես են այս ընտրությունները լինելու, քանի որ այստեղ բավական նյուանսներ կան: Հիմա, կարելի է ասել, պետք է լիներ ընտրական պրոցեսին նախապատրաստվելու ժամանակահատվածը, սակայն այդպես չէ: Մենք հիմա քննարկումներ ենք անցկացնում` եթե մասնակցենք, ինչ ֆորմատով ենք մասնակցելու: Այսօր կյանքը մի իրականության առջև է կանգնեցրել, բոլորն էլ հասկանում են, որ հեշտ չի լինելու:  Թե մենք, թե այլ քաղաքական ուժեր դեռևս քննարկումների մեջ են: Եթե մեզ հաջողվի ձևավորել այնպիսի դաշինք, որ հետագայում կտեսնենք` կարող ենք լուրջ մասնակցություն ունենալ և լուրջ արդյունքներ արձանագրել, ինչպես նաև համոզված լինենք, որ լուրջ ներկայացված կլինենք պառլամենտում, ապա մասնակցելու որոշում կկայացնենք:

– Վերջերս հաճախ է խոսվում ընդդիմության` միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու անհրաժեշտության մասին: Մեր քաղաքական դաշտում նման բան հնարավո՞ր է: 

– Կարծում եմ` մեկ միասնական ճակատով հանդես են գալիս պատերազմի ժամանակ կամ մեկ խնդիր լուծելու համար: Մնացած բոլոր պարագաներում մեկ միասնական թիմով հանդես գալը բավականին բարդ է, քանի որ ընդդիմության մեջ կան տարբեր քաղաքական ուժեր, որոնք Հայաստանի ապագան տարբեր են տեսնում: Միասնական հանդես գալը շատ բարդ, շատ դժվարին հարց է: Հնարավոր է` մեկ-երկու լուրջ միավոր ստեղծվեն:

– Սահմանադրական փոփոխություններից հետո ինչպիսի՞ խորհրդարան կարելի է ակնկալել, կարծիքներ են շրջանառվում, թե գալիք խորհրդարանն ավելի վատն է լինելու:

– Ավելի վատը չի կարող լինել, քանի որ ավելի վատ դժվար է պատկերացնել: Մի բան ակնհայտ է` եթե այս ընտրություններին դա տեղի չունենա, ապա հաջորդ ընտրություններին կձևավորվի այն, որ քաղաքական ուժերը կկարևորվեն ՀՀ-ում: Այս սահմանադրական փոփոխությունները հնարավորություն ստեղծելու է, որ քաղաքական պառլամենտ ձևավորվի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս