Ներկա պահին Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի եւ շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Քրեակատարողական վարչության` ՀՀ առողջապահության նախարարություն ուղարկված միջնորդությամբ` նոյեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գ. Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տ. Սուլթանյանը, գլխավոր թերապեւտ Մ. Նարիմանյանը եւ գլխավոր սրտաբան Հ. Հայրապետյանը:
Ուսումնասիրելով կատարված գործիքային եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքները, զննելով հիվանդին կոնսիլիումը եզրակացրել է, որ ներկա պահին կալանավորված անձ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի եւ շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը:
Այդուհանդերձ պետպատվերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել եւս երկու հավելյալ հետազոտություններ»: