Հերմինե Նաղդալյանը և Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 21-ին հանդիպել են ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկ ատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի համար Եվրոպական պահպանողականների կուսակցությունը կարևոր գործընկեր է՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ում պարոն Լիդլ-Գրեյնջերի պաշտոնավարումից ի վեր համագործակցությունը ԵԽԽՎ-ում պահպանողականների խմբի հետ դարձել է ավելի արդյունավետ և ընդգրկուն: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը երախտիքի խոսք է հայտնել Յան Լիդլ-Գրեյնջերին և խմբի անդամներին՝ Ռոբերտ Վոլտերի «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիսա Մարկովիչի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցների քվեարկության ժամանակ աջակցության համար:

Պատվիրակության ղեկավարը մանրամասն ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներին, դրանով պայմանավորված օրենսդրության ներդաշնակեցման գործընթացներին: Նա ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվել են Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ, ինչի արդյունքում քննարկվել և լուծում են ստացել գրեթե բոլոր վիճահարույց հարցերը:

«Մենք հստակ քաղաքական կամք ենք ցուցաբերում, որպեսզի 2017 թվականին իրականացնենք օրինական և հանրության վստահությունը վայելող խորհրդարանական ընտրություններ»,-ընդգծել է տիկին Նաղդալյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի՝ մոնիթորինգային ընթացակարգից հետմոնիթորինգային ընթացակարգի անցման հնարավորությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը ԵԽ առջև ստանձնած պարտավորությունների գործընթացում լուրջ առաջընթաց է գրանցել:

Հերմինե Նաղդալյանը խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից՝ նշելով, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, դրդապատճառները, կարգավորման ընթացքը: Նա հավելել է, որ մեր երկրի համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է և հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերը կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Նաիրա Զոհրաբյանը ևս անդրադարձել է ընտրական գործընթացներին՝ արդար ընտրությունների անցկացման հարցում կարևորելով իշխանությունների քաղաքական կամքը:

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարն իր գոհունակությունն է արտահայտել Հայաստանում հետևողականորեն շարունակվող բարեփոխումների վերաբերյալ և ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է կոնֆլիկտի կարգավորման համար մանդատ ունեցող միակ մարմինը և պետք է բոլոր պայմաններն ունենա իր աշխատանքը կատարելու համար: Պահպանողականները ևս իրենց հնարավորությունների սահմաններում շարունակելու են օժանդակել ՄԽ շրջանակներում կոնֆլիկտի կարգավորման գործընթացին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս:




Լրահոս