Հավասար պայմանների ապահովում բիզնեսի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությանն անմիջապես հաջորդել է ՊԵԿ նախագահի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ և հետևողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար և ազատ մրցակցային միջավայր: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ հայտարարությունից անմիջապես հետո ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել:

ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, սակայն, օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե: Այսպես, Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը: Հաշվի առնելով միջադեպը՝ Պետական եկամուտների կոմիտեն խստագույնս նախազգուշացնում է զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից, միաժամանակ կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել. ապրանքների արտահանումը, ներկրումը, արտադրությունը և առևտրի կազմակերպումն ամենօրյա հսկողության ներքո է, և ՊԵԿ-ը պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս