Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերին:

Նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կարևոր տեղ է զբաղեցնում եվրոպական կառույցների շարքում և, ընդհանուր առմամբ, եվրոպական ճարտարապետության մեջ. մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում ԵԽ ստեղծած չափորոշիչները համընդհանուր ճանաչում ունեն նաև Եվրոպայից դուրս, Հանրապետության Նախագահն այդ արժեքների տարածման գործում ընդգծել է Խորհրդարանական վեհաժողովի դերը, որն արտացոլում է 800 միլիոն եվրոպացիների ձայնը:

Նախագահը կարևորել է Հայաստանի երկխոսությունը ինչպես ԵԽԽՎ, այնպես էլ այնտեղ ներկայացված քաղաքական խմբերի և խմբակցությունների, մասնավորապես՝ «Եվրոպական պահպանողականների» քաղաքական ընտանիքի հետ: Այդ համատեքստում, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ «Եվրոպական պահպանողականներ» քաղաքական խմբի ղեկավարի այցելությունը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկխոսությանը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են՝ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջազգային գործընկերների աջակցությամբ:

Ընդգծելով, որ «Եվրոպական պահպանողականները» «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» հետ, որի անդամ է նաև Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ԵԽԽՎ-ում բավականին ազդեցիկ ուժ են, Յան Լիդլ-Գրեյնջերը կարևորել է Վեհաժողովի շրջանակներում Հայաստանի հետ շարունակական և ակտիվ համագործակցությունը:




Լրահոս