Դատական համակարգի «ջահելների» պայքարն «ահելների» դեմ. ինչ է իրականում տեղի ունեցել դատավորների սեմինարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին hraparak.am կայքը հայտնեց, որ դրա նախորդ օրը՝ ուշ երեկոյան, Ծաղկաձորի «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ» հյուրանոցում դատավորների միջեւ տեղի է ունեցել կռիվ, ծեծկռտուք: Ըստ կայքի տեղեկությունների` դատավորները մասնակցում էին սեմինարի, որից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, չարաշահելով ալկոհոլը, դարձել է անկառավարելի: Նա հենց հյուրանոցի սպասասրահում սկսել է «կպչել» դատավորներին եւ ոչ վայել պահվածք դրսեւորել այնքան, մինչեւ որ դատավորներից մեկը նրա վրա բաժակ է շպրտել, ինչից հետո էլ սկսվել է ձեռնամարտ: Սպասասրահում գտնվող դատավորները, սակայն, հասցրել են բաժանել նրանց:

Ավելի ուշ կատարվածի մասին իրար հակասող միանգամայն այլ հրապարակումներ եղան: Մասնավորապես խոսվեց այն մասին, որ միջադեպին մասնակցել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, ով էլ հանդիսացել է բաժակ նետող դատավորը:
Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել նշված օրը: «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Նախ նշենք, որ տեղի ունեցածի շուրջ հրապարակումները արդարադատության համակարգի եւ իրավաբանական համքարության միջեւ բանավեճի առիթ դարձան: Ակտիվ քննարկումներ եղան նաեւ փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչների շրջանում: Ստեղծված խառնաշփոթում ակնհայտ երկու թիմ էր գործում` Վազգեն Ռշտունուն պաշտպանողներ եւ հանգամանքներն այլ տեսանկյունից ներկայացնողներ:

Փաստաբանական համայնքի շատ ներկայացուցիչներ փորձեցին ատամներով պահել Ռշտունուն, եղան նաեւ մարդիկ, որոնք հաստատեցին, որ միջադեպն իրականում տեղի է ունեցել, եւ փաստերի դեմ կռվել պետք չէ:
Իհարկե, հասկանալի է, որ այս պատմությունն իրականում ավելի խոր արմատներ ունի, քանի որ նորություն չէ, որ Հայաստանի նման երկրում տաքարյուն տղամարդկանց պակաս չկա, եւ կատարվածը չպետք է զարմանք հարուցեր:
Ներկաներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում վստահեցրին, որ Ռշտունուն պաշտպանողները համարվում են նրա համախոհները: Բանն այն է, որ Վազգեն Ռշտունին համարվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ամենահավանական փոխարինողը, ինչը, ի դեպ, չեն հերքում նաեւ համակարգի ներկայացուցիչները: Ավելին՝ կարծիքներ կան, որ Ռշտունին փորձում է իր համախոհ-փաստաբանների միջոցով «ցեխ շպրտել» Մկրտումյանի վրա` հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Արման Մկրտումյանի կայացրած որոշումներից մեկի մասով վճիռ էր հրապարակել ընդդեմ ՀՀ կառավարության: Այս հակահարվածից հետո կրքերն ավելի բորբոքվեցին:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ միջադեպ իսկապես եղել է, սակայն այն այնքան բուռն չի եղել, որպիսին քննարկվում է: Պարզեցինք, որ դատարանների իրավունքների, իրավասությունների վերաբերյալ քննարկում է եղել, որի ընթացքում տարակարծություններ են հնչել, ինչն էլ բանավեճի տեղիք է տվել: Մասնավորապես Ալեքսեյ Սուքոյանը եւ Վազգեն Ռշտունին բանավիճել են դատարանների իրավասություններին առնչվող հարցի վերաբերյալ: Միջադեպին ներկա դատավորներից մի քանիսը մեզ հետ զրույցում անկեղծացան, որ ալկոհոլ բոլորն էլ օգտագործել են. «Բոլորն էլ խմել են, ո՞վ չի խմել: Բայց ծեծկռտուք եւ նման այլ բաներ չեն եղել»,- կես կատակ-կես լուրջ ասացին մեր զրուցակիցները:
Ուշագրավն այն է, որ կողմերից որեւէ մեկը պաշտոնապես չցանկացավ խոսել կատարվածի մասին: Մեր բոլոր ջանքերը՝ Ռշտունուց մեկնաբանություն ստանալու, անցան ապարդյուն: Իսկ Ա. Սուքոյանը կարճ պատասխանեց. «Որեւէ լուրջ բան չկա, ներկայացնելու բան եւս չկա»:

«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանից, ով, մեր տեղեկություններով, ներկա է գտնվել սեմինարին, սակայն նա հրաժարվեց խոսել կատարվածի շուրջ:
Իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանից մեր հարցին ի պատասխան՝ խոստացան, որ բոլոր հանգամանքներին ծանոթանալուց հետո կատարվածի շուրջ կտան իրենց պաշտոնական պարզաբանումը: Իսկ Վազգեն Ռշտունու հեռախոսին պատասխանեց վարորդ ներկայացած մի անձնավորություն, որը հեռախոսն անջատեց ու «անհետացավ»:

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանում ընթանում է դատաիրավական համակարգի իշխանության ձեւավորման ստվերային գործընթաց, որի գլխավոր խաղացողները սկսել են միմյանց դեմ «նախընտրական արշավ» իրականացնել:
Ինչպես հայտնի է՝ Արման Մկրտումյանը համարվում է Սերժ Սարգսյանի միակ ընկալելի կերպարը` որպես վճռաբեկի նախագահ: Սակայն նա համակարգում, մեղմ ասած, չի ընդունվում, իսկ ահա Վազգեն Ռշտունին ՀՀ ազգային անվտանգության ծառայության երիտասարդ պետի` Գեորգի Կուտոյանի պրոտեժեներից է, այնպես, ինչպես եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Իսկ զուգահեռները տարվում են այն պատճառով, որ ԱԱԾ պետը ցանկանում է ողջ իրավական համակարգը իր վերահսկողության տակ առնել: Այսպիսով՝ հերթական անգամ բախվում ենք այն իրականությանը, որ երիտասարդ կադրերը կենաց-մահու պայքար են տանում հնաբնակների եւ իրենց ավագ գործընկերների դեմ՝ հող նախապատրաստելով Սերժ Սարգսյանին «արժանահավատ» փաստեր զեկուցելու համար:
Հ.Գ. Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ կադրային փոփոխություններ լինելու են բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ: Դատական համակարգում հասկացել են նախագահի «մեսիջը» եւ վստահ են, որ առաջիկայում պաշտոնանկ կանեն վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ում, ըստ ամենայնի, կփոխարինի Վազգեն Ռշտունին: Սրանով փորձ կարվի «երիտասարդացնել» դատական համակարգը, ազատվել հին կադրերից:
Մեզ մնում է սպասել զարգացումներին եւ տեսնել, թե տիտանների կռիվն ինչով կավարտվի:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս