Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մեկնարկել էր համայնքային ենթակայության մարզօջախները նորոգելու և համապատասխան գույքով ապահովելու ծրագիրը: Քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մարզական համալիրների նորոգման գործընթացում ներառվել են ներքին հարդարման, դռների ու պատուհանների նորերով փոխարինման, տանիքների նորոգման, օդափոխության, ջրամատակարարման համակարգերի տեղադրման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնից տեղեկացնում են, որ շուրջ 25 տարի մարզադպրոցներին նոր գույք չէր տրամադրվել: Միայն 2016 թվականին հիմնանորոգվել ու նոր գույքով է ապահովվել համայնքայինի ենթակայության 7 մարզադպրոց, 2013-2016 թվականներին` ընդհանուր թվով 32 մարզադպրոց: Հիշեցնենք, որ Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ընթացիկ տարում բացվել են նաև շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներ: Այդպիոսվ, բոլոր վարչական շրջաններն ունեցան շախմատի իրենց մարզօջախները:
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրերով մարզադպրոցների նորոգոման ու անհրաժեշտ գույքի տրամադրման աշխատանքները կշարունակվեն հաջորդ ու առաջիկա տարիներին: