Ով է Ժիրայր Սէֆիլյանի գործով հայտնաբերված անձը. ինչ գործընթաց են սկսել իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրգործով 21 մեղադրյալի նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են, եւ նախաքննությունը ավարտվել է:

Ինչպես հայտնի է՝ 2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Գրել էինք, որ հետախուզվող անձը Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է:

Ավելի ուշ ավտովթարի այս աղմկահարույց գործը միացվեց հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գնունդը գրավելու փաստի առթիվ հարուցված քրեական գործին, որից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ: Հարուցված քրեական գործերից նոր մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին, մասնավորապես այն, որ իրավապահները հետախուզման մեջ գտընվող անձանցից մեկին հայտնաբերել են, վերջինս 48-ամյա Արթուր Մովսիսյանն է: Այս օրերին սկսվել է նրան արտերկրից Հայաստան տեղափոխելու գործընթացը: Ըստ էության, 6 ամիս անց իրավապահներին հաջողվեց հայտնաբերել հետախուզվողներից մեկին, իսկ ահա Գարեգին Չուգասզյանին փնտրում են ու փնտրում:

Նշենք, որ Արթուր Մովսիսյանին ճանաչողները տեղեկացել էին, որ նա ապրում է Ռուսաստանի Դաշնությունում եւ վերջին անգամ Նոր տարվա առիթով է եղել Հայաստանում ու այցելել այս գործով կալանավորված անձանցից մի քանիսին, իսկ ահա հանդիպումը եղել է զուտ ընկերական: Իսկ թե Արթուր Մովսիսյանին Հայաստան տեղափոխելուց հետո ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան գործով, զարգացումները ցույց կտան:

Ի դեպ, գրել էինք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Մովսիսյանը, Գալուստ Գրիգորյանը կամ Հրայր Թոփչյանը ինչ-որ բաներ են հայտնել իրավապահներին Ժիրայր Սէֆիլյանի մասին: Հավելենք, որ այս գործով տղաներից շատերը միմյանց ճանաչում են Ժիրայր Սէֆիլյանի կողմից կազմակերպված հանրահավաքներից, սակայն նրանցից շատերը կալանավորման ընթացքում իրավապահներին հայտնել են, որ ավտովթարի մասին որեւէ տեղեկություն չունեն եւ, առհասարակ, որեւէ զենք- զինամթերքի հետ էլ որեւէ կապ չեն ունեցել:

Քնար Մանուկյան




Լրահոս