«Ժողովուրդ»-ը երեկ մի շարք քաղաքացիներից հեռախոսազանգեր ստացավ այն մասին, որ նախորդ շաբաթվա վերջին օրերին ՀՀ գրեթե բոլոր դեղատներում իրենց համար անհրաժեշտ դեղամիջոցները (անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցերը) թանկ գնով են վաճառվել:
Այս հեռախոսազանգից հետո «Ժողովուրդ»-ը ուսումնասիրություններ անցկացրեց երեւանյան մի քանի դեղատներում. պարզվեց, որ թանկացել է «Սերվիեր», «Նիկոմեդ», «Գեդեոն Ռիխտեր», «Էգիս» ընկերությունների դեղամիջոցների ողջ տեսականին: Իսկ թանկացած դեղամիջոցները հիմնականում լայն սպառում ունեն, որոնք եղանակային փոփոխությունների հետ կապված սովորականից շատ են վաճառվում: Նկատենք, որ նշվածներից «Նիկոմեդ» ընկերության դեղամիջոցները նախատեսված են հորմոնալ, արյունը ջրիկացնող եւ անոթային խնդիրների համար, իսկ «Սերվիեր» ընկերության դեղամիջոցները՝ սրտանոթային: Այս ընկերությունից հիմնականում թանկացել է «Պրեստանս», «Պրեստարիում», «Նոլիպրիլ ֆորտե» եւ այլ դեղամիջոցները, որոնք նախատեսված են սրտանոթային հիվանդների համար:
Դեղատան աշխատակիցների խոսքերով՝ դեղերը թանկացել են նախորդ շաբաթվա վերջերին՝ ուրբաթ եւ շաբաթ օրերին՝ 10-20 տոկոսով: Ապա ստացած բողոքների արդյունքում կրկին էժանացել են:
Այսինքն՝ թանկացումը տեւել է ընդամենը 2 օր: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից մեզ հայտնեցին, որ իրենց մասնագետները յուրաքանչյուր ամիս մոնիտորինգ են անցկացնում դեղերի շուկայում: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի խոսքերով՝ հոկտեմբերին դեղերը 50 տոկոսով էժանացել են: Այդ թվում նաեւ՝ անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղերը: Ըստ Հայթայանի՝ ԱՆ մասնագետների կողմից դեղերի շուկայում նոյեմբերի մոնիտորինգը դեռ ընթացքի մեջ. «Բայց այս ընթացքում մեր մասնագետների կողմից դեղերի թանկացում չի արձանագրվել»:
Եւ քանի որ դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններով զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուստի հուսանք, որ դեղերի երկօրյա թանկացումը իրենց աչքից չի վրիպի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ