ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության մասնակցությունը ՆԱՏՕ-ի բարեգործական տոնավաճառին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ «ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» (NATO Charity Bazaar) ամենամյա տոնավաճառը, որի ամբողջ հասույթը տրամադրվում է միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը:

42 երկրների շարքում այս տարի առաջին անգամ միջոցառմանը մասնակցում էր նաև ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Հայկական տաղավարում ներկայացված էին հայ վարպետների ձեռագործ հուշանվերներ ու զարդեր, հայկական կոնյակ ու գինի, հրուշակեղեն, ինչպես նաև մշտական ներկայացուցչության դիվանագետների կանանց կողմից պատրաստված քաղցրավենիք: Միջոցառմանը հայկական ժողովրդական պարերի ծրագրով հանդես եկավ Բրյուսելի «Հայք» պարային համույթը, որի ելույթը բուռն ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից։ ՀՀ առաքելությանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երևանի կոնյակի գործարանն ու Իջևանի գինու, կոնյակի գործարանը։

«ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» կազմակերպության միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության շարունակական և արդյունավետ մասնակցության շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի ֆինանսավորում ստանալ նաև Հայաստանի տարբեր բարեգործական կազմակերպությունների համար։




Լրահոս