Նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարով ստացվել է 7 հեռախոսազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն 2016թ. նոյեմբերի 4-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կայքում հրապարակվել են նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետադարձ կապի տվյալները, որոնց միջոցով քաղաքացիները կարող են անմիջական կապ հաստատել և ներկայացնել նախարարության գործունեության ոլորտներին առնչվող իրենց հարցերն ու առաջարկությունները:

Նախարարությունում գործող «թեժ գծի» հետախոսահամարով նոյեմբերի 7-21-ը ստացվել է 7 հեռախոսազանգ, որից 5-ը՝ փոստային ծառայությունների մատուցման որակի, 1-ը՝ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ընթացքում հարակից տարածքում առանձնատան մուտքի խնդրի, ևս 1-ը՝ Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի երթուղու ծանրաբեռնվածության վերաբերյալ:

Փոստային ծառայությունների որակի հետ կապված հարցերով դիմողներին նախարարության մասնագետների կողմից տրվել են համապատասխան տեղեկություններ և պարզաբանումներ, իսկ Գագարին ավանի երթուղու ծանրաբեռնվածության վերաբերյալ քաղաքացու բարձրացրած հարցը փոխանցվել է ՀՀ տրանսպորտային տեսչությանը, որի կողմից սահմանված կարգով ընթացք է տրվել:

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության վերաբերյալ բողոքին, ապա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ահազանգը ստանալուն պես անհապաղ եղել են տեղում և լուծել քաղաքացու կողմից բարձրացված խնդիրը:

Նոյեմբերի 7-21-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին բնակչության կողմից եղել է 152 հեռախոսազանգ, որից 35-ը՝ հեռուստատեսային ընդունիչ սարք ձեռք բերելու, 45-ը՝ հեռուստատեսային թվային ընդունիչ սարքը համալրելու, 66-ը՝ հեռուստաալիքների ընդունման որակը բարելավելու, 6-ը՝ այլ հարցերի վերաբերյալ:

Բոլոր զանգահարողներին ՀՀՌՑ-ի մասնագետները պատշաճ կերպով տրամադրել են անհրաժեշտ խորհրդատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս