ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին։
ՀՀ ՔԿ նախագանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման ընթացքում ձեռնարկված քայլերը, առաջնահերթությունները, աշխատանքների կազմակերպման հիմքում դրված սկզբունքները, վարույթում քննվող քրեական գործերով մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում իրականացված գործողությունները: Չնայած ՔԿ կազմավորումից անցել է երկու տարի, սակայն արդեն իսկ մեծածավալ միջոցառումներ են իրականացվել` քննության կազմակերպման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու ուղղությամբ, մշակվել և ներդրվել քրեական գործերի թվայնացման, էլեկտրոնային նախաքննության ծրագրերը, որոնք նորություն են ոչ միայն հայ իրականության համար, այլ նման ծրագրեր չունեն անգամ ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրների քննչական մարմիններ։
Պրն. Ջակումոպուլոսը բարձր է գնահատել նախաքննության ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունները կիրառելու՝ ՔԿ նախաձեռնությունն ու արդյունքները, պատրաստակամություն հայտնել հավելյալ բաղադրատարրեր ավելացնել էլեկտրոնային նախաքննության ծրագրում՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ներդրման համար:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել քննչական կոմիտեի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատելով քննիչների կարողությունների զարգացմանն ուղղված երկու տարիների համագործակցության արդյունքները՝ հավաստիացրել, որ այն կրելու է շարունակական բնույթ։
ԵԽ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների Եվրոպական չափորոշիչների կիրառման հզորացման նոր ծրագիրը՝ նախատեսված առաջիկա երկու տարիների համար, որի շրջանակներում նախատեսվում է ներառել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ոչ միայն շարունակել համագործակցությունն արդեն իսկ մշակված ծրագրերով, այլ նաև՝ աշխատանքային կարգով քննարկումներ իրականացնել՝ նոր ուղղություններ նախանշելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին