Քննարկվել են Երևանի և բելառուսական քաղաքների միջև համագործակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի և բելառուսական քաղաքների հնարավոր համագործակցության ուղղություններն են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի 1-ին տեղակալ Գենադի Սվիդերսկիի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանի և բելառուսական քաղաքների բազմակողմ համագործակցության հիմքում Հայաստանի և Բելառուսի բարեկամական ու գործընկերային հարաբերություններն են: Դավիթ Օհանյանը կարևորել է նաև այն փաստը, որ ներկայում երկու երկրներն էլ ԵԱՏՄ անդամներ են, ինչն առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու նոր հեռանկարներ է ստեղծում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի 1-ին տեղակալ Գենադի Սվիդերսկին իր հերթին նկատել է, որ բազմակողմ համագործակցության լայն դաշտ կա, և իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել երկուստեք փոխգործակցության խթանմանը: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել քննարկումները` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում հնարավոր համագործակցության շուրջ:




Լրահոս