Նոյեմբերի 22-ին շարունակվեց Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական հանձնաժողովի նիստը, որը եզրափակվեց քննարկված հարցերի վերաբերյալ արձանագրության ստորագրությամբ:
Հայկական կողմից արձանագրությունը ստորագրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավային Կովկասի պատասխանատու Յոհաննես Դոփֆելը:
Անդրադառնալով համագործակցության հեռանկարին՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ընդգծեց, որ քննարկումների արդյունքում կձևավորվի փոխհամագործակցության ավելի լայն սպեկտր, ինչը դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա:
Վերոնշյալ անձանագրությունը հիմք է հանդիսանալու ֆինանսական և տեխնիկական երկկողմ համագործակցության համաձայնագրերի և դրանց հիման վրա նաև ծրագրերի՝ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման համար: