Արտակ Զաքարյանը Մեքսիկայում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնի հրավերով նոյեմբերի 22-ին Մեխիկո է այցելել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Այցի ընթացքում Արտակ Զաքարյանին ընդունել է Սենատի նախագահ Պաբլո Էսկուդերո Մորալեսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գրասենյակից:

Ողջունելով հյուրին` Սենատի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում միջխորհրդարանական դիվանագիտության դերը և գոհունակություն հայտնել 2015 թվականի մայիսին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հրավերով Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայաստան այցի շրջանակում երկու հանձնաժողովների միջև համագործակցության վերաբերյալ ձեռք բերված Փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ: Սենատի նախագահն այս համատեքստում ընդգծել է նաև ձեռք բերված պա յմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը` հաստատելով Մեքսիկայի խորհրդարանի Վերին պալատի շահագրգռվածությունը Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման գործում:

Փոխանցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջերմ ողջույնները` Արտակ Զաքարյանը Սենատի նախագահին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է Սենատի նախագահի կողմից:

Զրույցի ընթացքում ներկայացվել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, կարևորվել է Հայաստան-Մեքսիկա հարաբերություններում տնտեսական կապերի խթանման և մի շարք ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը և միակողմանի դիրքորոշման անթույլատրելիությանը:

Այցի ընթացում Արտակ Զաքարյանը հանդիպել է նաև Մեքսիկայի էկոնոմիկայի քարտուղար (նախարար) Իլդեֆոնսո Գուախորդո Վիլյառեալի հետ: Հանդիպման ընթացում ներկայացվել է ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները, ոլորտի լայն հնարավորությունները, ներդրումային միջավայրի բարելավման նպատակով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը: Արտակ Զաքարյանը հրավիրել է էկոնոմիկայի քարտուղարին գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ այցելել Հայաստան, ինչը մեքսիական կողմից ընդունվել է գոհունակությամբ: Քննարկումների արդյունքում նախարարը հանձնարարել է կազմակերպել Արտակ Զաքարյանի հանդիպումները Մեքսիկայի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ` խոստանալով հետամուտ լինել և հետագայում նպաստել Հայաստանի հետ տնտեսական գործնական կապերի ձևավորմանը և զարգացմանը:

Նույն օրը Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել նաև Պատգամավորների պալատի նախագահ Էդմունդ Խավյեր Բոլանյոս Ագիլարի և այս տարվա հոկտեմբերին առաջին անգամ ձևավորված Մեքսիկա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև պատգամավորական բոլոր խմբակցությունների ղեկավարները, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հատուկ հրավիրյալներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Համատեղ քննարկումների ընթացում երկուստեք արձանագրվել են միջխորհրդարանական կապերի զարգացման գործում բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարևորությունը ու պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել Պատգամավորների պալատի նախագահի և բարեկամության խմբի անդամների այցը Հայաստան: Արտակ Զաքարյանը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները` ընդգծելով պաշտոնական Երևանի համապարփակ փոխշահավետ գործակցության հաստատման կարևորությունը Լատինական Ամերիկայի առաջատար պետության՝ Մեքսիկայի հետ:

Հանդիպման ավարտին Պատգամավորների պալատի նախագահ Էդմունդ Խավյեր Բոլանյոսն Արտակ Զաքարյանին հրավիրել է մասնակցելու խորհրդարանի Ստորին պալատի լիագումար նիստին, որի ընթացքում մեքսիկացի պատգամավորները ջերմորերն ողջունել են Հայատանի ԱԺ ներկայացուցչին: Պատգամավորների պալատում Արտակ Զաքարյանը նաև հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորգանա Խիմենեսի հետ:

Զրուցակիցները միմյանց ներկայացրել են երկու տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները` համակարծիք լինելով միջպետական հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության հարցում: Արտակ Զաքարյանը մանրամասն ներկայացրել է ԼՂ հիմնահարցի էությունը, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, ինչը վտանգում է ողջ տարածաշրջանի կայունությունը և տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու հանձնաժողովների միջև առաջիկայում փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի շուրջ ստեղծել համագործակցության և խորհրդակցության մեխանիզմ, ինչպես նաև ձևավորել փոխայցելությունների օրակարգ:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին ուղեկցում էր Մեքսիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:

Նոյեմբերի 23-ին ևս նախատեսված են հանդիպումներ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:




Լրահոս