Կապանցիները շարունակում են հրաժարվել 70 դրամ վճարելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Սյունիքի մարզի Կապան քաղաքում 8 համարի երթուղայինի տոմսի արժեքը նոյեմբերի 1-ից թանկացել է 40 տոկոսով՝ 50 դրամից դառնալով 70: Այս հանգամանքը կապանցիների մոտ զայրույթ էր առաջացրել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն էլ այդ առիթով բողոքի ակցիաներ էին անցկացնում, իրենց սեփական մեքենաներով ժողովրդին Շինարարների թաղամասից տեղափոխում էին քաղաքի կենտրոն ու քաղաքի կենտրոնից Շինարարների թաղամաս` դրանով փորձելով սեփականտիրոջը զրկել գոնե 50 դրամի եկամուտից:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էր, որ աշխատանքային հանձնաժողով է ձևավորվել, որը ուսումնասիրելու է այդ հարցը և դրանից հետո իրենք ներկայացնելու են իրենց որոշումը:

Իսկ ի՞նչ որոշում կայացրեց նորանշանակ մարզպետի նշած հանձնաժողովը: Քիչ առաջ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ArmLur.am-ին հայտնեց, որ հանձնաժողովն իր եզրակացությունն արդեն ներկայացրել է: «70 դրամը հիմնավորված է»,-ասաց Հակոբյանը: ArmLur.am-ի տեղեկություններով` այս պահին կապանցիները շարունակում են հրաժարվել 70 դրամ վճարել, ինչի արդյունքում «Լավ ընկեր» ՍՊԸ-ն էլ հրաժարվում է իրականացնել քաղաքացիների տեղափոխումը: Սակայն Սյունիքի մարզպետը կտրուկ հերքեց մեր տեղեկությունները. «Ձեր տեղեկությունները բացարձակ սխալ են, քաղաքացիների կողմից ոչ մի բողոք չկա, երկու երթուղիներն էլ շարունակում են աշխատել»:

Մեր տեղեկությունները մարզպետի կողմից կտրուկ հերքվելուց հետո կապ հաստատեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Ղահրամանյանի հետ: Նա այդ առնչությամբ ասաց. «Ես հիմա կանգառում եմ, չի աշխատում տրանսպորտը, մարդիկ ստիպված տաքսիներով են երթևեկում, «Լավ ընկեր« ՍՊԸ-ի տնօրենը եկավ վարորդներին հրահանգեց, որ մինչև 70 չվճարեն չքշեք, քաղաքացիներն էլ իրենց 50 դրամները վերցրին դուրս եկան ավտոբուսից, այս պահին չի աշխատում ավտոբուսը, 10:30-ից չի աշխատում, որ ասում է ժողովուրդը չի բողոքում, ասեք դու ժողովուրդ ես տեսել, որ ասում ես ժողովուրդը չի բողոքում, պարոն մարզպետ, բոլորն էլ բողոքում են»:

Նկատենք, որ չնայած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից շատերը բողոքում էին, բայց ստացվում է, որ Խաչատրյանն իր որոշումները կայացնում էր հօգուտ իր մարզի բնակիչների: ArmLur.am-ի տեղեկություններով` տվյալ ընկերությունը մի քանի անգամ փորձել է սակագինը բարձրացնել, սակայն Սուրիկ Խաչատրյանը արգելել է նման որոշում կայացնել:

Վահագն Հակոբյան

15205606_1383513381688709_1808324980_o




Լրահոս