Սովորաբար, երբ որեւէ պաշտոնյա իր ոլորտում թերանում էր, մինչեւ վերջերս ՀՀ նախագահի նստավայրից զանգահարում եւ նրան հանդիմանում էր Վիգեն Սարգսյանը: Պարզվում է՝ «նախագահի անունից» բարկանալն ավելի հեշտ է: Մասնավորապես երեկ ԱԺ-ում արդեն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արագացված ընթացակարգով ներկայացնում էր մի նախագիծ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», որով նախատեսվում է «պարտադիր նվիրատվություն» Հայոց բանակում զոհված կամ հաշմված զինծառայողների համար: Թեեւ նախագիծը ենթադրում է պարտադանք՝ բոլոր աշխատողները պետք է 1000 դրամ վճարեն ամեն ամիս, այնուամենայնիվ, մինչ ԱԺ ներկայացնելը հանրային քննարկում չարվեց: Վիգեն Սարգսյանը շտապեց գնալ ու միայն Սերժ Սարգսյանին ներկայացնել «ազգ-բանակ գաղափարի» այս դրսեւորումը՝ անտեսելով ՀՀ քաղաքացու կարծիքը: Իհարկե, գաղափարը ողջունելի է, եւ եթե շատ հարցերով փորձում ենք համեմատվել Իսրայելի հետ, ապա աշխարհի բոլոր հրեաները իրենց վաստակի մի մասը հատկացնում են հայրենիքին, ուրեմն մենք էլ կարող ենք: Բայց ինչու այս ձեւով:
Երեկ ԱԺ դարպասների մոտ խմբված քաղաքացիները դժգոհում էին պարտադիր եզրույթի դեմ՝ վիճարկելով վստահության գործոնը, որ չունեն իշխանության ցանկացած նախագծի, առավել եւս դրամահավաքության մասով: Ու թերեւս հենց այս ճնշումների հետեւանքն էր, որ կեսօրից հետո արդեն ՊՆ-ն տեղեկացրեց, որ կազմակերպում է հանրային քննարկում, բայց պարզ չէ՝ երբ եւ որտեղ: Մի խոսքով, Վիգեն Սարգսյանն առաջին քննությունը, որպես ՊՆ, լավ չհանձնեց:
Նկատենք, որ նախագիծը վերաբերելու է մյուս տարվա հունվարի 28-ից հետո զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին, եւ շատ պատգամավորների բնութագրմամբ՝ ապագա զոհերի մասին է: Ամենակարեւորը՝ նախագծում ոչինչ նախատեսված չէ կամավորների համար, որոնք զինվորականներից ոչ պակաս եռանդով էին մարտնչում ապրիլյան ռազմական գործողությունների օրերին: Նրանց մասով ՊՆ-ում դեռ մտածում են:
Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման մասին «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնական հանդիպումից հետո գործարարներն առանձնազրույց են ունեցել վարչապետի հետ, որի ընթացքում մի շարք մտահոգություններ են առաջ քաշվել: Մասնավորապես խոսվել է գազի գնի վերանայման հարցի, բանկերում տարվող բարձր տոկոսադրույքներով վարկային քաղաքականության խնդիրների մասին: Վարչապետը պարզաբանել է, որ կառավարությունն իրավասություն չունի բանկերին տոկոսադրույքների մասով որեւէ պահանջ ներկայացնել, սակայն խոստացել է, որ հետագայում կարող է սուբսիդավորում իրականացնել: Թե որքանով այս խոստումն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գործում է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի թելադրանքով: Նման եզրահանգման կարելի է գալ երեկ տարածված հաղորդագրության բառապաշարից. «…նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել Սարի թաղում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել ՊՊԾ գունդ, օժանդակել 2016 թվականի հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին»: Ճիշտ եւ ճիշտ 2008 թվականի մարտի 1-ի գործի բառապաշարն է: Այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, ում ջանքերով նման հիմնավորումներով 100-ից ավել քաղաքացիներ լցվեցին բանտերը: Եւ հիմա ՊՊԾ գնդի գրավման ու Սարի թաղում հուլիսի 29-ի բախումների դեպքերը միացվել են 1 վարույթում: Իսկ ինչով է պայմանավորված այս որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ սպասվող համաներմանն ընդառաջ՝ հրահանգվել է խստացնել քաղաքական հնչերանգ ունեցող գործերի մեղադրանքները, որպեսզի անցանկալիները «չհամաներվեն»:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը գնել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» գույքը՝ սեղաններ, աթոռներ, գորգեր, նկարներ, ֆոտոնկարներ, վարագույրներ եւ այլն: Իսկ գործարքը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, կազմել է 1 մլրդ 24 մլն 943 հազար 800 դրամ: Գործարքն ուշագրավ է այն առումով, որ դեռեւս մայիսին, երբ նշված իրերն աճուրդի էին հանվել, լոտի արժեքը կազմել էր 2,3 մլրդ (շուրջ 4,8 մլն դոլար) դրամ: Սակայն պետական գույքի կառավարման վարչությունը համալիրի գույքի համար հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: Ենթադրվում է, որ պետգույքը միտումնավոր է ձգձգել ընկերության գույքի գնումը, որպեսզի ավելի քիչ գումարով գնի. չէ որ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո գույքը վաճառքի է հանվում նախորդ աճուրդին սահմանված գնից ավելի ցածր արժեքով: Բայց «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ գույքը Արման Սահակյանի վարչությունը անհատույց օգտագործման է տվել համալիրին:
ՄՌԱՅԼ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին լարվածության աճի վերջին դրսեւորումները կարծես թե կրում են նպատակաուղղված բնույթ, ինչի մասին, ի դեպ, ԼՂՀ ՊՆ-ն նախազգուշացել էր դեռ 2 շաբաթ առաջ: Օրերս էլ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էր մտահոգություն հայտնել այս օրերին Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում ակնկալվող հանդիպումից առաջ սահմանված կարգով չհայտարարված այս զորավարժությամբ Ադրբեջանը պատասխանում է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու` ԵԱՀԿ միջնորդների կոչերին: Եվ ահա Թալիշի ուղղությամբ վերջին արկակոծումները, փաստորեն, ցույց տվեցին, որ հայկական կողմի մտահոգությունները տեղին են: Իսկ արդեն շաբաթվա վերջին զինվորական համազգեստով սահմանագիծ, այդ թվում եւ Լելե Թեփե այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները էլ ավելի խորացրին այդ մտահոգությունները: Ալիեւը, փաստորեն, արդեն բաց տեքստով արձանագրեց, որ մինչ ԵԱՀԿ միջնորդները ջանքեր են գործադրում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչման եւ 2 երկրների նախագահների նոր հանդիպում կազմակերպելու շուրջ, Ադրբեջանը բացահայտ կերպով հայտարարում է նոր ռազմական գործողություն, եթե չասենք՝ պատերազմ սանձազերծելու մտադրության մասին: «Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն։ Եթե հայերը եզրահանգումներ չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով։ Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան, ապրիլյան մարտերը եւս մեկ անգամ ապացուցեցին դա»,- հոխորտացել է Ալիեւը:
Անշուշտ, առաջին անգամը չէ, որ Ալիեւը նման հռետորաբանություն է կիրառում, սակայն Վիեննայի, ապա Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո Բաքուն տեւական ժամանակ բավականին հանդարտ քաղաքականություն էր վարում թե՛ հայտարարությունների, թե՛ հրադադարի խախտման առումով: Ամեն ինչ կարծես թե փոխվեց սեպտեմբերի 21-ի զորահանդեսին Երեւանում ռուսական իսանդերների ցուցադրությունից հետո: Իսկ արդեն ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո վերջինիս հետ անձնական կապեր ունեցող Ադրբեջանի իշխանական վերնախավը, ըստ ամենայնի, համարեց, որ այժմ իրենց դիրքերն ավելի ուժեղ են, եւ դա հարկ է արձանագրել՝ արկակոծելով Թալիշն ու ռազմական նոր գործողություններով սպառնալով:
Արդյոք Ադրբեջանը կդիմի նոր ռազմական արկածախնդրության, ցույց կտա ժամանակը, սակայն այս ամենի ֆոնին արագացված ընթացակարգով հայրենիքի պաշտպանության համար զոհվող եւ հաշմանդամություն ստացող զինվորների փոխհատուցման վճարների բարձրացում նախատեսող նախագծի քննարկումն ԱԺ-ում բավականին մռայլ սպասումներ է ձեւավորում: