Ինչպես հայտնի է՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս Սերժ Սարգսյանին էր ներկայացրել զոհված եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ծրագրի մեկնարկի մասին, որով 2017թ. հունվարի 28-ից հետո զոհված եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացածները՝ 5 միլիոն դրամ: Զոհվելու կամ 1-ին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական վճարները կկազմեն 300 հազար դրամ՝ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ՝ ենթասպաների եւ 200 հազար դրամ՝ շարքայինների համար: 2-րդ կարգի հաշմանդամների դեպքում՝ 250, 200 եւ 150 հազար դրամ: Երեկ Ազգային ժողովում Վ. Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնեց, որ հիմնադրամն ունենալու է կայք, որտեղ իրական ժամանակում արտացոլվելու է, թե որքան գումար է հավաքվել, եւ ով որքան գումար է ստացել:
«Ժողովուրդ-ի հետ զրույցում ԱԺ պատգամավորները նախագծի հետ կապված հայտնեցին իրենց մտահոգությունը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան
-Պարո՛ն Քոքոբելյան, Ձեր միակ եկամտի աղբյուրը աշխատավա՞րձն է:
-Ո՛չ, երբեւիցե չեմ թաքցրել, այսօր միայն աշխատավարձով հնարավոր չի այն խնդիրներով զբաղվել, որոնցով նաեւ զբաղվում եմ: Այլ եկամուտները դրանք դիվիդենտներն են, դրանք տարբեր մասնաբաժիններից հատկացումներն են:
-Նշեցիք, որ միայն աշխատավարձով չեք ապրում, այդ դեպքում, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, արդարացի՞ եք համարում, որ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում որպես փոխհատուցում քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1000-ական դրամ են հավաքագրելու, որը հասարակ քաղաքացու երկու օրվա հացի գումարն է:
-Ո՛չ: Որեւիցե մեկը չի ասում, որ բանակին չպետք է օգնել, ուղղակի հարկերը, որոնք որ մենք հատկացնում ենք, բնականաբար բանակի համար է, դա նաեւ առկա սոցիալական խնդիրներ լուծելու համար է, եւ, վերջապես, բյուջեն հավաքվում է հարկերից: Այսինքն՝ խոսել այն մասին, որ սա հարկատեսակ չէ, ընդունելի չէ: 70 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդու համար դա 1,5 տոկոս հարկի բարձրացում է: 70 հազար դրամ ստացող մարդուց, որի համար 1000 դրամը Երեւան քաղաքում իր մեկ շաբաթվա տրանսպորտի հարցն է, որեւիցե արդարացում չկա նրանից եւ ԱԺ պատգամավորից կամ նախարարներից նույն չափի դրամ պահելու համար: Այս նախագծում երկու լուրջ խնդիր կա. նախ՝ որեւիցե արդարացում չունի մինչեւ այս պահը զոհված քաղաքացիների, մեր հայրենակիցների ընտանիքներին այդ նույն օգնությունը չտրամադրելը, այդ թվում՝ քառօրյա պատերազմի եւ դրանից առաջ եղած գործողությունների արդյունքում վիրավորների ընտանիքներին: Այսինքն՝ այս նախագիծը 2017թ. հունվարի 28-ից հետո կատարվելիք դեպքերին է վերաբերում /տա Աստված, դեպքեր չլինեն/: Մինչեւ այս պահը մեր այն քաղաքացիները, որոնք նահատակվել են հանուն իրենց հայրենիքի, որոնց նկատմամբ մեր հարգանքն ու պարտավորություններն ունենք, նրանք այս նախագծի շահառուները չեն եւ չեն օգտվելու:
-Պաշտպանության նախարարին Ձեր մտահոգությունները հայտնե՞լ եք:
-Այո՛, հարցը բարձրացրել եմ հանձնաժողովում քննարկման ժամանակ, դա կարեւոր եմ համարում եւ սկզբունքային: Նորից եմ կրկնում՝ այն կարծիքին չեմ, որ պետությունը միջոց չունի, ո՛չ, պետությունը հնարավորություն ունի, օրինակ՝ 35 տոկոսից ավել ստվեր ունենք, ստվերը սեղմի, քանի դեռ ստվերը չենք սեղմել, քանի դեռ կոռուպցիոն երեւույթներ կան, որեւիցե մեկը բարոյական իրավունք չունի 70 հազար դրամ ստացող մանկավարժից այդ մասնաբաժինը պահանջելու:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան
-Տիկի՛ն Զոհրաբյան, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում որպես փոխհատուցում քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1000-ական դրամը կծառայի նպատակին:
-Կա՞ որեւէ քաղաքացի, որը կասի՝ դեմ է այս նախաձեռնությանը, իհարկե ոչ: Որտեղ է պրոբլեմը, պրոբլեմը այնտեղ է, որ չկա վստահություն, որ քաղաքացուց գանձված գումարը կհասնի տիրոջը: Այո՛, բանակը այսօր մեր այն ոլորտն է, որը կարող է ազգային համախմբման գաղափարը դառնալ: Բայց երբ նախարարն ասում է, որ ինքը չի հավատում, որ պաշտպանական ոլորտում եղել են կամ կան մարդիկ, ովքեր հարստացել են բանակի հաշվին, ես էլ ասում եմ, որ հավատում եմ, որ բազմաթիվ գողեր, նրանց ասում եմ գողեր, հարստացել են բանակի հաշվին: Երբ տեսնում ենք, թե ինչպես են ապրել, ապրում պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնյաներ, գեներալներ, մատակարարման բաժնի տարբեր պատասխանատուներ, որոնց աշխատանքից հանեցին: Հանեցին, որ լավ էին աշատո՞ւմ, հանցեին, որ վատ էին աշխատում: Ի՞նչ արեցին այդ չարաշահումների համար, գնացին սանատորյա՝ իրենց թալանածը, իրենց գողոնը վայելելու: Երբ այդ գանձագողերին, բանակագողերին կբերեին, պատասխանատվության կենթարկեին ու կտանեին, շան թուլի նման կնստացնեին կալանավայրում, մենք կհասկանայինք, որ զինվորի հաշվին հարստացածը, գողը, շունը նստած է ճաղերի հետեւում, այդ ժամանակ վստահություն կլիներ համակարգի հանդեպ:
-Ո՞րն է լուծումը:
-Չգիտեմ, պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, այս պահին լուծումը տեսնում եմ այն, որ գողոցածը պետք է վերադարձվի, գողերը պետք է նստեն ճաղերի հետեւում, եւ այդ ժամանակ նոր կարելի է մտածել հաջորդ քայլի մասին:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԵՆ, ՈՐ ՀՀԿ-ԻՑ Է
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին ՊՆ ներկայացրած նախագիծը համացանցում քննադատողներին ԱԺ ՀՀԿ խմբակցության Գագիկ Մելիքյանը «տականք» էր որակել: Թեեւ երեկ ԱԺ-ում Մելիքյանը փորձեց սրբագրել իր ասածը` հավաստիացնելով, որ ամենեւին նկատի չի ունեցել հանրությանը եւ անգամ նշեց` եթե իր խոսքերը սխալ են հասկացել, պատրաստ է ներողություն հայցել:
Այդ արտահայտությունից հետո ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր գործիչ, «Գարեգին Նժդեհ» շքանշանակիր Արմեն Պապյանը բաց նամակով դիմել էր Մելիքյանին, քննադատել նման պահվածքը եւ հայտնել, որ ինքը ցանկանում է ՀՀԿ-ից դուրս գալ: Սակայն արդեն երեկ ՀՀԿ խմբակցության քարտուղարը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքը չի ճանաչում Արմեն Պապյանին, ավելին` նրան «փնտրում են իրենց շարքերում», բայց չեն գտնում: Ե՞րբ է համալրել կուսակցության շարքերը, եւ ինչո՞ւ հիմա առաջացավ կուսակցությունից դուրս գալու ցանկությունը, «Ժողովուրդ»-ը պարզել է հենց Արմեն Պապյանից:
-Պարո՛ն Պապյան, ե՞րբ եք անդամակցել ՀՀԿ-ին:
-Ոչ այդքան վաղուց, երեւի մոտավորապես 7 տարի է:
-Ինչո՞ւ որոշեցիք համալրել ՀՀԿ-ի շարքերը, գաղափարախոսությո՞ւնն էիք հավանել, թե՞ այլ պատճառ կար:
-Իհարկե, առաջնայինը գաղափարներն են, հիմքում ընկած է նժդեհականությունը, որը, կարծում եմ, բոլոր հայերի համար ամենալուրջ գաղափարն է: Չնայած ասեմ, որ հիմնականում բոլոր կուսակցություններն էլ շատ քիչ են տարբերվում իրարից ե՛ւ կանոնադրությամբ, ե՛ւ գաղափարներով, բայց ես նախընտրեցի դա, որովհետեւ Նժդեհն ինձ համար մեծություն է:
-Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ Ձեզ չի ճանաչում…
-Իհարկե, չի ճանաչում, ինչի մասին է խոսքը, բնականաբար, ինքն անձամբ ինձ չի ճանաչում:
-Բայց նաեւ նշել է, որ փորձում են «գտնել»՝ արդյո՞ք Դուք կաք իրենց կուսակցության շարքերում, ավելին` ասել է, որ դեռ չեն պարզել…
-Ո՛չ, շատ լավ գիտեն, որ անդամ եմ, եւ կարծում եմ, որ պարզել են:
-Ինչու՞ հիմա որոշեցիք այդ քայլին դիմել: Ճիշտ է՝ նշել եք, որ պատճառը այլեւս հավատի բացակայությունն է կուսակցության հանդեպ, բայց միթե՞ առաջին անգամ է ՀՀԿ-ի պահվածքը հավատը սասանելու առիթ տալիս:
-Գիտեք, ցանկացած քայլ, երբ մարդ կատարում է, ինչ-որ վերջնական ազդակ է դրա համար լինում: Անմիջապես ինձ վրա ազդեց կոնկրետ այդ տականք բառը, որը մարդու համբերության բաժակը լցրեց:
-ՀՀԿ-ի կողմից արդեն արձագանք եղե՞լ է:
-Թողնեմ առանց մեկնաբանության:
-Եվ այնուամենայնիվ…
-Ես չեմ մեկնաբանում, առայժմ դա թողնենք առանց մեկնաբանության:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՆԱԽԱՐԱՐԻՆ ՉԼՍԵՑԻՆ
Մինչ հասարակության լայն շերտերը փոթորկված քննարկում էին «1000 դրամի մասին» ԱԺ բերված նախագիծը, պատգամավորները շարունակեցին նույնպիսի անտարբեր վերաբերմունք ցուցաբերել այդ կարեւոր նախագծին: Օրենսդիրները եկան, «ծիկ արեցին», քվեարկեցին ու անհետացան: Օրվա կեսից հետո ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը կիսադատարկ դահլիճում էր զեկուցում նախագծի նրբությունները: ԱԺ պատգամավորներ Արթուր Ստեփանյանը, որը ԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի պրոտեժյեն է, Սյունիքի նախկին մարզպետի հովանավորյալներ Արմեն Կարապետյանն ու Հայկ Գրիգորյանը, նախագահականի՝ հիմա երիտթեւի կողմից մերժված ՀՀԿ-անանները՝ Արա Բաբլոյանը, Կարեն Ավագյանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Մուրադ Մուրադյանը եւ էլի մի քանիսը, կամաց-կամաց հեռացան դահլիճից: Տես՝ լուսանկարը:
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ՖՆ-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական էջից տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր է: «ՀՀ ֆինանսների նախարարությունից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնի ժամանակավոր կատարող Էդգար Գեւորգյանը մասնակցելու է հայտարարված մրցույթին: Նախարարությունից տեղեկացրին, որ Գեւորգյանը հավանաբար կմասնակցի մրցույթին, սակայն այս պահի դրությամբ դեռ համապատասխան փաստաթղթերը չի ներկայացրել: Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կկայանա այս տարվա դեկտեմբերի 12-ին:
«ՆԱԻՐԻՏ»-Ը ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ՞
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը հայտարարել է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով: Հրավերին մասնակցելու համար շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ 2017 թվականի հունվարի 20-ը: «Ժողովուրդ»-ը «EU-Asia Business Finance Center Holding»-ի նախագահ Աշոտ Գրիգորյանից տեղեկացավ, որ իրենք առաջին հայտը ներկայացրած ընկերությունն են: Գործարարից տեղեկացանք նաեւ, որ այլ ներդրողներ այս պահի դրությամբ չկան: «Սա բլեֆ է, ձգձգում են, որպեսզի մենք հրաժարվենք: Իրենց հաշվարկն է: Այս քայլերը «Նարիրտ»-ը թաղելու համար է մտածված: Նրանք տասը պատճառ կհնարեն՝ վերաթողարկումը չթույլատրելու համար»,- մեզ հետ զրույցում նկատեց գործարարը: