ՊՊԾ ԳՆԴԻ ԳՈՐԾԸ ԿԴԱՌՆԱ ՄԱՐՏԻ 1-Ի ՆՄԱՆ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու գործը նոր «երանգներ» է ստանում: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ իրավապահներն այս գործով նոր անձանց են հայտնաբերել, որոնք գործի քննությանը ընթացք են տվել:

Նախ՝ պաշտոնապես: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել. «2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանի Սարի թաղ թաղամասում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը Երեւան քաղաքի Ազատության հրապարակից քաղաքացիների երթը մեկնարկելուց առաջ նախապես ծրագրվել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել Սարի թաղ թաղամասում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, օժանդակել 2016 թվականի հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին»: Նկատենք, որ դատախազությունը չակերտները չի բացում, թե կոնկրետ ով կամ ովքեր են նախատեսել, որ Ազատության հրապարակից պետք է գնան Սարի թաղ թաղամաս` նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը եւ հասցնել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ: Մամուլում գրվել է, որ այդ օրերի վայրագությունները արդարացնելու համար իրավապահ կառույցի ղեկավարներն իրենց վերադասին սխալ են զեկուցել՝ նշելով, որ մարդիկ զինված գալիս էին ՊՊԾ գունդը գրավելու: Եւ հիմա ժամանակն է, որ ասվածը վերածվի կոնկրետ ցուցմունքի: Թերեւս սա է պատճառը, որ ամիսներ անց որոշվեց երկու գործերը միացնել իրար:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր մտահոգությունը արտահայտեց այս իրավիճակի առնչությամբ` նշելով, որ սրանք խիստ տարբեր բնույթի գործեր են իրենց էությամբ. «Ենթադրենք՝ մեկ-երկու հոգու նկատմամբ դատախազությունը գտնում է, որ կարող է նման կապ տեսնել «Սասնա ծռերի» հետ, բայց սա չի նշանակում, որ իբր թե զանգվածային անկարգությունների հիմքով հարուցված քրեական գործը կարելի է միացնել, այստեղ զուտ իրավաբանական տեսակետից մեկ-երկու հոգու կարող էին առանձնացնել, ոչ թե մնացածներին, որ մեղադրում են զանգվածային անկարգություններ կատարելու մեջ, ինձ համար շատ տարօրինակ է»: Իրավապաշտպանի համոզմամբ, եթե չկա աջակցության հոդվածը, ապա չեն կարող միացնել դրանք, ենթադրենք գործողության միտումը, որը եղել է աջակցությունը ու դրա վերաբերյալ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը չեն կիրառել, մեղադրանքը չեն ավելացրել, նշանակում է՝ զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրող հոդվածների հիման վրա չէին կարող երկուսն իրար հետ միացնել: Այս քրգործերը իրար միացնելու հիմքերի մասին «Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ իրավապահ մարմինները «գտել են ինչ-որ մեկին» կամ մի քանիսին, որոնք, ըստ երեւույթին, «խոստովանել են», թե ինչպես են իրենք պայմանավորվել, որ գնան Ազատության հրապարակ, հավաքված ժողովրդին ուղղորդեն դեպի Սարի թաղ, ճեղքեն ոստիկանական պատնեշը, մտնեն ՊՊԾ գունդ եւ օժանդակեն այն գրաված զինված «ծռերին»: Այսպիսով, գործը «կարելու» հիմնական աշխատանքն ավարտված է. հասարակական ցանկացած ընդվզում այսուհետ կարող են իրավապահները վերածել կազմակերպված անկարգության, ահաբեկչական գործողության: Նախ հավաքների վայր կուղարկեն իրենց սադրիչներին, օրինակ՝ Տլեի եղբորը կամ այդ կատեգորիայից որեւէ այլ կերպարի, որոնք սադրանքներով մարդկանց կուղղորդեն իրավապահների համար ցանկալի վայր, որտեղ տեղի կունենան անհասկանալի գործողություններ, ինչպիսիք եղան Սարի թաղում, եւ կավարտվեն զանգվածային ձերբակալություններով: Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է, եկել է՝ այլ բարքերով առաջնորդելու համակարգը, հասարակական ընդվզումը ջանում է նույնացնել հանցանքի հետ: Ճիշտ այնպես, ինչպես 2008թ. արեց Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
Նկատենք, որ իրավիճակը 2008-ի մարտի 1-ի քրեական գործերին է նմանվում: ՀՀ գլխավոր դատախազությունը քննիչների հետ ջանում է ստեղծագործական տաղանդը ի ցույց դնել: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույն ավյունով շարունակում է առաջ շարժվել՝ քաղաքական ընդվզումները քրեական հոդվածներով «օրորոցում թաղելու» սկզբունքներով՝ իր ավագ ընկերոջ` 2008թ. մարտի 1-ի գործերով գլխավոր «ստեղծագործող», քննչական կոմիտեի այժմյան նախագահ Աղվան Հովսեփյանի գործելաոճով: Հիշեցնենք՝ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 100-ից ավել քաղաքացիներ լցվեցին բանտերը, ունեզրկվեցին, ունեցանք 10 զոհ, որոնց սպանությունները մինչ օրս բացահայտված չեն: Թերեւս այդպես կլինեն նաեւ հուլիսի 17-ի զինված հարձակման եւ դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ սպանված 3 ոստիկանների գործերը: Այդպես էլ չի իմացվի իրականությունը՝ ով հրահրեց, ով կազմակերպեց եւ ով սպանեց իրականում:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԾԱՓ ՈՒ ԾԻԾԱՂ
Երեկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանի ծննդյան օրն էր: Նա դարձավ 56 տարեկան: Ու երբ, ավանդույթի համաձայն, Աժ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկեց շնորհավորել հոբելյարի ծնունդը, դահլիճը ծափահարելու փոխարեն փռթկաց: Ինչո՞ւ, որովհետեւ պատգամավորները փնտրեցին Արսենյանին, բայց չգտան: «Ծննդյան օրով բացակայել էր, որ «պատիվ չտա մեզ»,- կատակեց պատգամավորներից մեկը:

 

 

ՊԱՐՏՔԵՐՈՎ Է  ԺԱՌԱՆԳԵԼ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Մասիսի նորանշանակ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը որոշակի պարտքերով է «ժառանգել» քաղաքապետի պաշտոնը: Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այդ պարտքերը տարիների ընթացքում են կուտակվել: «Մեր հանրապետությունում չկա համայնք, որը պարտք կուտակած չլինի: Դրանք հողի հարկի ու գույքահարկի գծով գոյացած պարտքերն են»,- հայտնեց նախկին քաղաքապետ Հակոբյանը՝ դժվարանալով նշել պարտքի չափը: Զրույցի ավարտին հայտնեց, որ այժմ զբաղվում է իր սեփական գազալցակայանի եւ բենզալցակայանի աշխատանքներով: Տեղեկացնենք, որ Դավիթ Համբարձումյանը «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանի (հայտնի որպես Թույների Մհեր) որդին է, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան:

 

 

ՀՌԱՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ
ՀՌԱՀ անդամի պաշտոնից Հարություն Հարությունյանի ազատվելուց հետո, բնականաբար, ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի այն: Ե՞րբ է հայտարարվելու մրցույթը, ովքե՞ր են ընդունելու հայտերը, եւ ինչպե՞ս է դա իրականացվելու, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՌԱՀ-ից: Բայց մեր հեռախոսազանգին պատասխանեց ընդունարանից մի աղջիկ, ով խնդրեց ավելի ուշ զանգահարել` ընդմիջումից հետո: 14:00-ից հետո կրկին զանգահարեցինք, բայց ընդունարանի աշխատակից ներկայացածը մեզ կրկին «օգնել» չկարողացավ` խնդրելով 10 րոպեից զանգել: Թերեւսս չէին ավարտել ընդմիջումը: Ինչեւէ: 15 րոպեից զանգահարելուց հետո այդ նույն աշխատակիցը, հրաժարվելով փոխանցել լսափողը կոմպետենտ որեւէ մեկի, ով կկարողանար պատշաճ պատասխանել մեր հարցերին, վստահ տեղեկացրեց. «Դեռ մրցույթը չի հայտարարվել, եթե ինչ-որ բան լինի, ինձ թվումա, Դուք կիմանաք դրա մասին: Մենք էլ չենք հայտարարելու, դա նախագահի աշխատակազմից են ինչ-որ հայտարարում, չգիտեմ»,- ասաց անծանոթուհին՝ հրաժարվելով ներկայանալ: Զայրույթն ըմբռնելի էր. ըստ երեւույթին խանգարել էինք սուրճի «ընթացակարգը»: Մեր այն պնդումներին, որ ուզում ենք խոսել համապատասխան մասնագետի հետ, ով կարող է մեզ տալ հստակ պատասխաններ, աշխատակիցը կրկին համառեց. «Ինչ-որ Ձեզ հետաքրքրում էր, ինձ թվումա, ես ասեցի արդեն»: Մեր հարցին` հայտերը Դո՞ւք եք ընդունում, այդ հարցին կարո՞ղ եք պատասխանել, հետեւեց համառ աշխատակցի «ոչ, չեմ կարող»-ը: Ըստ էության, նման հանձնաժողովներում պարապությունից հոգնողները «նեղվում են», երբ իրենց հանգիստը խանգարում են:

 

 
ԿՄԵԿՆԵՆ ՄՈՍԿՎԱ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 16-17-ը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու նաեւ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

 

 

ՀԱՅՏՆԻ ԿԵՆԴԱՆՈՒ ԱԿԱՆՋՈՒՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հավանություն է տվել Հայաստանի հետ համատեղ զորախմբի ստեղծման մասին Ռուսաստանի կառավարության ներկայացրած առաջարկին: Ուշագրավ է, որ այս կարեւորագույն հարցի շուրջ Հայաստանի իշխանությունները շարունակում են քար լռություն պահպանել, եւ որեւէ տեղեկություն ստանալու մեր բոլոր փորձերն անցնում են ապարդյուն: Հավանաբար այս դեպքում էլ կլինի հերթական «գիշերային» որոշումը:

 

 

ՄԱՆԴԱՏ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ԵՄ-ի Խորհուրդը երեկ հաստատել է Եվրոպական հանձնաժողովի ու արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի մանդատը՝ Ադրբեջանի հետ համապարփակ համաձայնագրի մասին բանակցություններ սկսելու համար։ Նոր համաձայնագիրը կփոխարինի 1996 թվականին ԵՄ-ի ու Ադրբեջանի միջեւ ստորագրված գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագրին։
 

 

ՉԻ ԲՈՂՈՔԻ
Tert.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին Toyota Land Cruiser մակնիշի 10 OD 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Բաղդասարյանի` «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հոր կողմից վրաերթի ենթարկված Հասմիկ Գրիգորյանը վերջինիս դեմ բողոք չի ներկայացրել: Այս գործը համարվում է մասնավոր գանգատի գործ: Ավելին՝ կողմերը՝ 1967 թ ծնված քաղաքացին եւ Վահան Բաղդասարյանը հաշտվելու են: Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից այս առնչությամբ միայն հայտնել են, որ «նյութեր են ստացել Հասմիկ Գրիգորյանի վրաերթի ենթարկվելու վերաբերյալ, կատարվում է քննություն՝ հանգամանքները պարզելու վերաբերյալ»:

 

 

ՆՈՐ ԱՆԴԱՄ
Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով ՎՊ խորհրդի անդամ է նշանակվել Սոնա Ղարիբյանը:

 

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄ
Հայաստանում 1-ին տիպի դիաբետով հիվանդ մինչեւ 18 տարեկան 497 երեխա կա։ 2007 թվականից ի վեր այդ տիպի շաքարախտով հիվանդացության դեպքերն աճել են 40.7 տոկոսով։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան։ Նրա խոսքով՝ ամեն տարի Հայաստանում գրանցվում է երեխաների շրջանում 60-75 հիվանդացության նոր դեպք։ Դա Հայաստանի համար մեծ թիվ է։ Ավելին՝ ավելի հաճախ են սկսում այդ հիվանդությունն ախտորոշել մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում։

 

 

ԿՏՐՈՒԿ ԿՑՐՏԻ
Նոյեմբերի 16-ից Հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որի հետեւանքով կդիտվեն ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ։ Ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով: Նոյեմբերի 18-19-ին տեղումները կդադարեն, սակայն արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի:




Լրահոս