«Ավագ դպրոցը խնդիրներ ունի, բայց ռեալ ոչինչ չի արվում». ինչ խնդիրներ է ներկայացրել «Քվանտ» վարժարանի տնօրենը Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սերժ Սարգսյանն այցելել էր «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է իր հիմնադրման 25-ամյակը: Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երևանի քաղաքապետի և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց էր կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:

Այնուհետև, Սերժ Սարգսյանը վարժարանի տնօրենի հետ քննարկել  է  կրթության ոլորտի խնդիրները, կրթական համակարգի զարգացման ծրագրերը:

Առկա խնդիրների և քննարկված ծրագրերի շուրջ  ArmLur.am-ը զրուցեց «Քվանտ» վարժարանի տնօրեն Սերոբ Վարդանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրներից մեկը ինֆորմատիկա առարկայի քննություններն են, որ պետք է   մտցնեն դպրոցում, քանի  որ դա ամենակարևոր  առարկաներից մեկն է. «Արդեն երկար տարիներ վեցերորդ դասարանից ինֆորմատիկա  են անցնում, սակայն ո՛չ ավարտական , ո՛չ ընդունելության քննություններ չկան»:

Սերոբ Վարդանյանի խոսքով՝ խոսել են նաև դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացման մասին. «Բոլոր դեպքերում Նախագահի արձագանքը դրական էր: Նախագահն ասաց, որ այդ հարցերին կպատրաստվեն և մոտ ժամանակներս իր մոտ քննարկումներ կանցկացվեն»:

Վարժարանի տնօրենը մյուս խնդիր մատնանշեց առարկանների ծանրաբեռնվածությունը.« Արդեն առաջին քայլերը կատարվել են: 12-ի երկրորդ կիսամյակում թեթևացել են առարկաների թիվը: Դա ամենակարևոր հարցերից մեկն էր, որի մասին խոսեցինք»:

Ըստ նրա՝ երեխաները մեծ թվով առարկաներով են ծանրաբեռնված ՝ ավագ դպրոցում: Ավագ դպրոցը խնդիրներ ունի, բայց ռեալ ոչինչ չի արվում: Կոնկրետ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս