ՊԵՏԳՈՒՅՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԵԼ Է ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՒՅՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը նոյեմբերի 2-ին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի գույքի ձեռքբերման նպատակով պայմանագիր է կնքել համալիրի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի հետ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 24 մլն 943 հազար 800 դրամ: Ասել է թե՝ պետգույքի կառավարման վարչությունը գնել է համալիրի աճուրդի հանված գույքը, որը հետո պետք է անհատույց օգտագործման իրավունքով նորից տրամադրի համալիրին:

Նշենք, որ պետական սեփականություն հանդիսացող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դեռեւս 2005 թվականին 5,7 մլն դոլարով վաճառվել էր Ռուսաստանում հայտնի գործարար Մուրադյան եղբայրներին՝ «ԲԱՄՕ» ընկերության սեփականատերերին: «ԲԱՄՕ Մետալը» 2009-ին վերցրել էր 9,77 մլրդ դրամի չափով վարկ, որի մարման պարտավարությունը 2012-ին փոխանցվել էր համալիրի սեփականատեր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին: Արդյունքում վարկային պարտավորության պատճառով համալիրի սեփականատեր նշված ՓԲԸ-ն խնդիրների առաջ էր կանգնել: Իսկ վարկ տրամադրած ֆինանսների նախարարությունը նույն տարում իր իրավունքները վերապահել էր ՊՆ-ին: 2013-ի նոյեմբերին ֆինանսների նախարարությունն ու ՊՆ-ն ՓԲԸ-ից 10,2 մլրդ դրամ՝ վարկի գումարը եւ դատական ծախսը, բռնագանձելու պահանջով դատարան էին դիմել ու շահել դատը բոլոր երեք ատյաններում:
Ապա 2015 թվականի օգոստոսին կառավարությունը որոշեց 30 մլն դոլարով մարզահամերգային համալիրը օտարել նորաստեղծ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին, որի սկզբնական տերը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի շրջապատից Արմեն Զավենի Գեւորգյանն էր, ապա ամերիկահայ Վահագ Դինո Ավադիսյանը: Առքուվաճառքի պայմանագիրը կնքվեց սեպտեմբերի 1-ին, սակայն գնորդը վճարում չկատարեց, եւ 2016-ի փետրվարին կառավարությունը չեղյալ համարեց օգոստոսյան իր որոշումը: Իսկ համալիրը կրկին մնաց որպես պետական սեփականություն: Կառավարությունը դրա կառավարումը ՊՆ-ից փոխանցեց ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը եւ համալիրի ֆինանսավորման համար պահուստային ֆոնդից 261 մլն դրամ հատկացրեց:
Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշմամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն սնանկ էր ճանաչվել եւ վերանվանվել ՊՈԱԿ: Ապա համալիրի սնանկության գործով կառավարիչ նշանակված Արսեն Չիտչյանը աճուրդի էր հանել ՓԲԸ-ի գույքը, որի վաճառքից գոյացած գումարով պետք է փակվեին ընկերության պարտատերերի պարտքերը:
ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության՝ այս տարվա սեպտեմբերի 22-ի նիստում ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում էր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ավելի քան 1 մլրդ դրամի շարժական եւ անշարժ գույքի գնմանը: Այս նպատակով, ըստ առաջարկի, վարչությանը ավելի քան մեկ միլիարդ դրամ հատկացվեց: Ա. Սահակյանի ներկայացրած նախագծի հետ կապված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց. «Ամբողջ աշխարհում համալիրները փող են աշխատում: Այս ոլորտը պետք է տանք մի կառավարչի, ասենք՝ մեզնից փող մի ուզի, հլը մի բան էլ դու շահույթ ունեցի ու մի հատ էլ հարկ տուր»:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության՝ սեպտեմբերի 22-ի նիստից ավելի քան մեկ ամիս անց պետական միջոցներով պետական գույքի կառավարման վարչությունը գնել է սնանկացած ՊՈԱԿ-ի 2564 անվանում ունեցող շարժական եւ անշարժ գույքը, որի դիմաց պետական միջոցներից վճարել է 1 մլրդ 24 մլն 943 հազար 800 դրամ: Ի դեպ, պետգույքի կառավարման վարչության կողմից գնված գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին:
Իսկ մինչ այդ համալիրի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի կողմից վաճառքի էր հանվել երկու լոտ, որոնց աճուրդներն առանձին-առանձին էին կազմակերպվում: Լոտերից մեկն այս ընկերությանը պատկանող եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգում՝ համալիրի հյուսիս-արեւմտյան կողմում գտնվող սրճարանն է, որը զբաղեցնում է 265 քմ տարածք: Լոտի մեկնարկային գինը կազմել է 17 մլն 730 հազար դրամ: Սակայն աճուրդը մի քանի անգամ չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: Ի դեպ, աճուրդի էր հանվել նաեւ համալիրի ներսում գտնվող գույքը: Եւս մեկ լոտի մեջ ընդգրկված է 2564 միավոր գույք՝ սեղաններ, աթոռներ, գորգեր, նկարներ, ֆոտոնկարներ, վարագույրներ եւ այլն: Կարճ ասած՝ այն ամենը, ինչ կարելի է հանել շենքից դուրս: Լոտի արժեքը դեռեւս մայիսին, երբ աճուրդի էր հանվել, կազմել է 2,3 մլրդ (շուրջ 4,8 մլն դոլար) դրամ: Սակայն պետական գույքի կառավարման վարչությունը համալիրի գույքի համար հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: Ենթադրվում է, որ պետգույքը միտումնավոր է ձգձգել ընկերության գույքի գնումը, որպեսզի ավելի քիչ գումարով գնի. չէ որ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո գույքը վաճառքի է հանվում նախորդ աճուրդին սահմանված գնից ավելի ցածր արժեքով:
Օրինակ՝ պետգույքի կառավարման վարչությունը 67 հատ ֆոտոնկարը գնել է՝ յուրաքանչյուրի համար վճարելով 1187 դրամ, գրիմի համար նախատեսված սեղանը գնվել է 13 հազար 849 դրամով, «Էրեբունի» գորգը՝ 59 հազար 353 դրամով: Պետգույքի կողմից գնված գույքի մեջ եղել է նաեւ հայելիով զգեստապահարան, քիվեր (կառնիզներ), ռեզինե գորգ, բեմական հին վարագույրներ, մարզական տարբեր սարքավորումներ:
Սպասենք մարզահամերգային համալիրի ճակատագրի տնօրինմանը արդեն նոր կառավարության կողմից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս