ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արշակունյաց պողոտայում

Բազմաթիվ վարորդներ պնդում են, որ մայրաքաղաքի այս հատվածում արդեն 2 տարի է՝ կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ: Ամեն տարի ասֆալտը մաքրում, փոխարենը նոր ասֆալտ են լցնում: Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այս հատվածի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 2014թ., սակայն ասֆալտբետոնե վերին շերտը ժամանակավոր էր տեղադրվել: Ի դեպ, վատ չէր լինի, որ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների մասին մտածեր ճիշտ ժամանակին, ոչ թե նոյեմբերին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ո՞ր դեպքում է ուսանողը հեռացվում բուհից: Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ նրան բուհից հեռացնելու համար:

Ռուբինա Մելիքյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ռ. Մելիքյանի հարցին՝ հայտնում ենք, որ ուսանողը բուհից հեռացվում է.
1) ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում (բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի),
2) բուհի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,
3) բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը մասնակցում է կամավոր կենսաթոշակային բաղադրիչին, ապա նա կարո՞ղ է օգտվել հարկային արտոնություններից:

Լիաննա Պողոսյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցելու դեպքում անձն օգտվում է եկամտային հարկի արտոնություններից: Մասնավորապես անձի եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտը նվազեցվում է մինչեւ 5 տոկոսի չափով: Օրինակ՝ եթե անձի ամսական բազային եկամուտը կազմել է 100.000 դրամ, եւ նա կատարել է 5.000 դրամ կամավոր կուտակային վճար, ապա նրա եկամտային հարկը կհաշվարկվի 95.000 դրամից:
Իսկ գործատուներն իրավունք ունեն նվազեցում կատարել շահութահարկի բազայից, եթե կամավոր կուտակային վճարներ կատարեն իրենց աշխատողների օգտին: Գործատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատուի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 2,5 տոկոսի չափով:
Գործատուն շահութահարկ չի վճարի վարձու աշխատողի օգտին կատարված կամավոր կուտակային վճարների՝ տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների, 7.5 տոկոսը չգերազանցող մասի համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կամավոր կենսաթոշակային ծառայություններ կարող են մատուցել ապահովագրական ընկերությունները, բանկերը եւ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը: Ի դեպ, ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակներ» սխեմաներ, բանկերը՝ «կուտակային կենսաթոշակային ավանդներ», իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը՝ «սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմաներ:




Լրահոս