Քաղաքացի Դանիել Զ.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգմամբ զուգորդված ցուցմունք տալուն հարկադրելու և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Հաղորդման հեղինակ Դանիել Զ.-ն, մասնավորապես, հայտնել է, որ 2016 թվականի մայիսի 19-ին ոստիկանության ծառայողներն իրեն բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ հիշյալ ստորաբաժանման ծառայողները իրեն խոշտանգել են՝ ստիպելով իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ՝ 2016 թվականի մայիսի 15-ին Եղեգնաձորի «Իվանի խաչմերուկ» կոչվող վայրում տեղի ունեցած վիճաբանության և սպանության մասնակիցների գործողությունների վերաբերյալ:
Այնուհետև ոստիկանության ծառայողները իրեն տարել են քննիչի մոտ, ում հայտնել է, որ դեպքին ականատես չի եղել և որևէ տեղեկություն չունի: Վերջինս արձանագրություն է կազմել, թե ինքը ականատես է եղել կատարված վիճաբանությանը և սպանությանը, որի տակ ինքը ստորագրել է:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից Դանիել Զ.-ին խոշտանգմամբ զուգորդված ցուցմունք տալուն հարկադրելու և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն