Անհնար է բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրել, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը. Շավարշ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կողմը երբեք չի խուսափել Լեռնային Ղարաբաղ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններից և տարբեր հանդիպումներից: Նոյեմբերի 23­-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Միակ ակնկալիքը եղել է այն, որ նման հանդիպումները լինեն արդյունավետ: Իսկ արդյունավետության մասին մենք կարող ենք դատել այն տեսանկյունից, որ առ այսօր բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Ավելին, ներկա փուլում անհնար է սպասել առաջընթաց, քանի դեռ չեն իրականացվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները»,­ «Արմենպրես»­ի
հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

Նա հավելեց, որ անհնար է բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրել, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում են, շփման գծում
սադրանքներ են կազմակերպվում:

«Սա այն իրողությունն է, որն արձանագրվել է Վիեննայում ապրիլյան պատերազմից
հետո և այդ ուղղությամբ են առաջին հերթին պետք բանակցություններ, որպեսզի 1994թ. զինադադարի անժամկետ համաձայնագիրը գործի: Հիշեցնեմ ձեզ, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման
գաղափարը նորություն չէ:

Դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, որովհետև 1995թ. եռակողմ
համաձայնագրում արդեն այդ մեխանիզմի մասին խոսվում էր: Ակնհայտ է, որ ցանկացած զինադադար պետք է պարունակի այդ տարրը, որպեսզի հրադադարը պահպանվի»,­ մանրամասնեց Շավարշ Քոչարյանը:




Լրահոս