ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր ղեկավար Կոնստանտին Նազարովը նոյեմբերի 23-ին այցելեցին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»։
Նախարարը Կ. Նազարովի ուղեկցությամբ շրջեց կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի ներկա գործունեությանը և արդյունքներին։ Գործելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ ) տարածքում՝ կենտրոնն իրականացնում է ծրագրավորման ոլորտում տարաբնույթ կրթական ծրագրեր՝ ներգրավելով ինչպես տեխնիկական, այնպես էլ ոչ տեխնիկական կրթությամբ մարդկանց։
Ուսանողների 60-70 տոկոսը ՀԱՊՀ ուսանողներ են, ովքեր ուսումն ավարտելուց հետո որպես մասնագետներ կարողանում են աշխատանքի անցնել ՏՏ ոլորտի ընկերություններում կամ նախաձեռնում են իրենց ստարտափերը։ Ներկայում կենտրոնում ամսական դասընթացների են մասնակցում 250-ից ավելի ուսանողներ։
Շրջայցի ընթացքում հյուրերն ականատես եղան հայաստանյան ընկերություններից մեկի հետ անցկացվող պրակտիկայի ծրագրի թեստավորմանը, ծանոթացան ավստրալիական ընկերության հետ անցկացվող պրակտիկայի ծրագրում ներգրավված կրտսեր ծրագրավորողների աշխատանքին, ինչպես նաև հանդիպեցին իրենց առաջին քայլերն անող մի շարք հաջողակ ստարտափերի հետ։
«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը հայտնեց, որ վերջին 3 տարիների ընթացքում 35 ստարտափեր իրենց աշխատանքի արդյունքը մշակելիս ներգրավված են եղել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող աքսելերացիայի ծրագրին։ «Ստանալով ընդհանուր 2 մլն դոլարի ֆինանսական աջակցություն՝ կարողացել են վերջնական տեսքի բերել իրենց պրոդուկտը և ներգրավել ներդրողների»,- հայտնեց Արտաշես Վարդանյանը։
Նախարարը ողջունեց կենտրոնի գործունեությունը և հույս հայտնեց, որ կրթական այս նոր մոդելը կհաջողվի և կդառնա մասսայական, ինչն էլ կնպաստի գործազրկության կրճատմանը և ՏՏ ընկերություններում աստիճանաբար մեծացող պահանջարկի կառավարմանը։
Հանդիպման վերջում ներկաները հանդիպեցին կենտրոնում ընթացող վերապատրաստման դասընթացի մասնակիցներին, ովքեր առաջին քայլերն են անում ծրագրավորման ոլորտում։ Կենտրոնն իր քառամյա գործունեության ընթացքում վերապատրաստել է ավելի քան 5000 ուսանողների։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն