«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիան հարցում է անցկացրել ՀՀ 1104 քաքացիներից շրջանում` պարզելու համար, թե արդյոք նրանք տեղյակ են եղել 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Երևանում ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելուն: Ըստ այդ հարցումների` հարցվածների 91%-ը տեղյակ է եղել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նաև նոյեմբերի 2-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած հարցումների մանրամասն արդյունքները:
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները եղել են բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից:
Հարցազրույցներն իրականացվել են Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերում. Երևանում՝ 33%, մարզերում՝ 67%:
Ընտրված հարցը եղել է թե՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն էր «Սասնա ծռերի» գործողությունների հիմնական դրդապատճառը, որին հարցվածների 46 տոկոսը պատասխանել է՝ երկրում անարդարության մթնոլորտի առկայությունը։
Հարցվածների 41 տոկոսի համար պատճառը եղել է երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի առկայությունը, 32 տոկոսի համար՝ իշխանափոխություն իրականացնելու այլընտրանքի բացակայությունը, 21 տոկոսի համար՝ ԼՂՀ հակամարտության գործընթացում ոչ հայանպաստ լուծումների կանխատեսումը: Իսկ ահա 10 տոկոսի գնահատմամբ էլ ՊՊԾ գնդի գրավումը եղել է արտաքին ուժերի կողմից իրականացված պատվեր, 6 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
Նավասարդյանը նաև տեղեկացրեց, որ «Գելլափ Ինթերնեյշնլը» նաև փորձել է պարզել տարբեր ինստիտուտների կողմից «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների ընթացքում գործունեության, արձագանքի գնահատականը։ Գնահատումն իրականացվել է 1-ից բալային սանդղակով, որտեղ 1-ը նվազագույնն է, 5-ը՝ առավելագույնը։ Հարցվածներն ամենաբարձրը գնահատել են ԶԼՄ-ների աշխատանքը՝ 3.5 բալ, իսկ ամենցածրը ԱԺ նախագհին՝ 1. 6 բալ։
Իսկ «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների ընթացքում տարբեր քաղաքական գործիչների գործունեության, արձագանքի գնահատականի սանդղակում ամենաբարձր բալերը ստացել են Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը:
ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գործունեությունը նույնպես աչքաթող չի արվել կազմակերպության կողմից: Եվ հարցվածների 44.9 տոկոսն ավելի շուտ դրական են գնահատել նրա աշխատանքը:
Հարց է եղել նաև կապված ոստիկանության աշխատանքի հետ հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում, ինչին ի պատասխան հարցվածների 41.7 տոկոսն ընդհանրապես բացասական է գնահատել ոստիկանության աշխատանքը, 26.6 տոկոսը՝ ավելի շատ բացասական, քան դրական, լիովին դրական՝ 3.9 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 20.3 տոկոսը, իսկ 7.6 տոկոսը դժվարացել է պատասխանել։
ՀՀ ոստիկանության աշխատանքը Խորենացի փողոցի և Սարի թաղի միջադեպերի ժամանակ հարցվածների 57.9 տոկոսն ընդհանրապես բացասական են գնահատել, 23.1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, լիովին դրական են գնահատել 2.4 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 9.7 տոկոսը, իսկ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել։