ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ ԻՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին ռուսական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել հայ-ռուսական զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրին: ՌԴ նախագահի կարգադրության համաձայն` Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ եւ պայմանավորվածության հանգելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել վերոհիշյալ համաձայնագիրը: Թե ինչ կտա համաձայնագիրը, եւ, առհասարակ, որն է լինելու դրա գործառույթը, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել ԱԺ պատգամավորներից:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյան
-Պարո՛ն Ջհանգիրյան, հայ-ռուսական զորքերի միավորում ստեղծելու մասին համաձայնագիրը ի՞նչ կտա Հայաստանին:
-Անվտանգության, պաշտպանունակության մակարդակի բարձրացում: Այսօր մենք մի անվտանգության համակարգի մեջ ենք, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը մեր գործընկերն է, եւ մենք այլ անվտանգային համակարգի անդամ չենք: Եթե այդ գործընկերությունը ՀԱՊԿ-ի շրջանակներից բացի՝ ամրապնդվում է տարբեր պայմանագրերով, իմ կարծիքով, դա ճիշտ է:
-ԱԺ պատգամավորներից շատերը այն կարծիքին են, որ նմանօրինակ համաձայնագրերի փոխարեն ՀՀ իշխանությունները պետք է հասնեն նրան, որ մեր դաշնակից երկիրը զենք չվաճառի մեր թշնամի երկրին: Իսկ քանի դեռ դա այդպես չէ, որեւէ նոր համաձայնագիր ընդամենը մեծացնելու է մեր առանց այն էլ չափազանց մեծ կախվածությունը Ռուսաստանից:
-Դա դրա հետ որեւէ կապ չունի, համատեղ զորախմբի ստեղծումը ուղղված չէ միայն Ադրբեջանի դեմ, մեր տարածաշրջանում էլի այլ պետություններ կան, հզոր պետություններ, ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ ենք սահմանակից: Այդ հարցը մյուսի հետ, կներեք, խառնում են այն մարդիկ, որոնք, այսպես ասեմ, մակերեսային պատկերացում ունեն պաշտպանության խնդիրներից:
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ Ռուսաստանը կարող է այս համատեղ զորախումբը ապագայում օգտագործել մեր հարեւան երկրների, մասնավորապես Վրաստանի հետ խնդիրների դեպքում, ինչը, բնականաբար, չափազանց անցանկալի կլինի Հայաստանի համար:
-Ձեր հարցը նման է ՀՕՊ պայմանագրի մեկնաբանություներին, երբ մարդիկ չէին ընթերցել պայմանագիրը կամ ընթերցել էին, ճիշտ չէին ընկալել դրա դրույթները եւ ասում էին, որ մենք մեր օդային տարածքը հանձնում ենք մեկ այլ պետության: Վստահ եմ, որ կգա ժամանակը, եւ համատեղ զորախմբի ստեղծման վերաբերյալ պայմանագիրը կլինի մեր տրամադրության տակ, եւ այդ ժամանակ դուք կտեսնեք, որ այդ համատեղ զորախումբը չի հանձնվելու միայն ռուսական կողմի կառավարմանը կամ ղեկավարմանը, այդպիսի բան չի կարող լինել:

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյան
-Պարո՛ն Շահգելդյան, Ձեր գնահատմամբ՝ ինչ կտա հայ-ռուսական համատեղ զորախմբի ստեղծումը Հայաստանին:
-Համաձայնագիրը կտա մեզ մի կարեւոր հնարավորություն ավելի սերտացնել հայ- ռուսական ռազմական համագործակցությունը եւ ունենալ մի զորամիավորում, որտեղ համատեղ կծառայեն հայ եւ ռուս զինվորները: Մենք ունենք զինված ուժեր, որոնք մեր անվտանգության հիմնական երաշխավորն են, Հայաստանում է գտնվում ռուսական ռազմակայանը, որը անվտանգության հետ կապված ունի իր գործառույթները, եւ տվյալ դեպքում ձեւավորվող ռազմական համագործակցության այս տարբերակը հնարավորություն կտա շատ ավելի օպերատիվ եւ սերտորեն աշխատել: Երկրորդ` այս մոտեցումն իմ խորին համոզմամբ համահունչ է տարածաշրջանային միավորումների այն մոտեցումներին, որոնք ընդհանրական են, նույն եվրոպական միության շրջանակներում վաղուց արդեն ստեղծված են համատեղ զորամիավորումներ:
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ Ռուսաստանը կարող է այս համատեղ զորախումբը ապագայում օգտագործել մեր հարեւան երկրների, մասնավորապես Վրաստանի հետ խնդիրների դեպքում:
-Չեմ կարծում, թե նման խնդիր առաջանա, որքան ես եմ տեղյակ, ամբողջությամբ ծանոթ չեմ, իհարկե, սա դրա հետ կապ չունեցող խնդիր է: Երկրորդը՝ Վրաստանը մեզ համար հարեւան երկիր է, որի հետ իմ կարծիքով հարաբերությունները շատ ավելի պետք է կարգավորենք, քանի որ կա նաեւ ադրբեջանա-վրացական համագործակցություն, ստրատեգիական դաշնակցություն, եւ երրորդ` այսօր վրացական քաղաքականությունը Ռուսաստանի հետ գնում է հարաբերությունների նորմալիզացման:
-Իսկ հնարավո՞ր է, որ զինված ուժերի միավորված խմբավորման ստեղծումը առաջիկա պատերազմին նախապատրաստվելու նպատակ ունենա:
-Չեմ կարող այդպես ասել, քանի որ ես չեմ վարել բանակցությունները: Ինչ վերաբերում է պատերազմական գործողություններին, մասնավորապես Ադրբեջանի ագրեսիային, ես չեմ համարում, որ 4 օրյա պատերազմ էր, քանի որ պատերազմը չի դադարել: Չեմ կարծում, որ համաձայնագրի ստորագրումը սրանով է պայմանավորված, բայց իմ խորին համոզմամբ խիստ կարեւոր համաձայնագիր է, որը մեր անվտանգության կարեւոր բաղկացուցիչն է դառնում:
-ԱԺ պատգամավորներից շատերը այն կարծիքին են, որ նմանօրինակ համաձայնագրերի փոխարեն ՀՀ իշխանությունները պետք է հասնեն նրան, որ մեր դաշնակից երկիրը զենք չվաճառի մեր թշնամի երկրին: Իսկ քանի դեռ դա այդպես չէ, որեւէ նոր համաձայնագիր ընդամենը մեծացնելու է մեր առանց այն էլ չափազանց մեծ կախվածությունը Ռուսաստանից:
-Իմ համոզմամբ սրանք պետք չէ իրար խառնել, մեր դիրքորոշումը պետք է բարձրաձայնել եւ ներկայացնել մեր գործընկերներին: Դիվանագիտական հզորությունը որտեղ է, որ քո դիրքորոշումը շատ ավելի հասանելի եւ ընկալելի լինի քո գործընկերների համար: Երկրորդ խնդիրը՝ որ մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում շատ ավելի էժան զենք ենք ձեռք բերում, քան ռուսական զենքը, որը վաճառվում է միջազգային շուկայում:
-Բայց մի՞թե նորմալ է, որ միավորված զորախումբ ունեցող գործընկերը զենք է վաճառում հակառակորդին:
-Իմ կարծիքով զենքի խնդիրը հստակ պետք է ներկայացվի: Պետք է անընդհատ աշխատել, բացատրել, թե դա ինչ խնդիր է քեզ համար: Բայց սա դիվանագիտության անելիքն է, սրանք տարբեր խնդիրներ են, եւ միախառնելն այդքան էլ ճիշտ չէ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՀԱՍԵԼ

Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ Ռուսաստանի կառավարության առաջարկին եւ հանձնարարել է ստորագրել այն:

Հանձնարարականում մասնավորապես ասվում է. «ՌԴ նախագահն ընդունել է Հայաստանի հետ ԶՈՒ միացյալ զորամիավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին կառավարության ներկայացրած առաջարկը: Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, արտգործնախարարության մասնակցությամբ, հայկական կողմի հետ բանակցել եւ համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը»:
Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը (ագրեսիային), ինչպես նաեւ «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին եւ մարտահրավերներին»:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԳՆ-ից պարզել՝ ինչ արձագանք է տվել հայկական կողմը: Մեր հարցին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց. «Ձեր կողմից վկայակոչված հրամանագրով ՌԴ նախագահի կողմից ընդունվել է հիշատակված համաձայնագրի ստորագրման վերաբերյալ ՌԴ կառավարության առաջարկությունը: Նույն հրամանագրով ՌԴ ՊՆ եւ ԱԳ նախարարությանը հանձնարարվել է վարել համապատասխան բանակցություններ հայկական կողմի հետ եւ ստորագրել նշված համաձայնագրի փոխհամաձայնեցված նախագիծը պայմանավորվածությունների ձեռքբերման պես: Ս.թ. նոյեմբերի 15-ի դրությամբ նշյալ հարցի շուրջ ռուսական կողմից առաջարկություններ չեն ստացվել»:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԿԱՅՔԸ ԿԼՈՒԾԱՐԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի: Տեղեկացնենք, որ 12 միավոր հաստիքներ ունեցող ընկերության հիմնական գործառույթը առցանց տարբերակով՝ armef.com կայքի միջոցով, տնտեսական, գիտական եւ վերլուծական հրապարակումներ թողարկելն է, ինչպես նաեւ կառավարության՝ տնտեսությանն առնչվող որոշումները, օրենսդրական նախաձեռնությունները, հաստատած ծրագրերը տեղադրելը: Նրանք ունեցել են բավականին մեծ բյուջե: Այս տարվա համար կայքին 99 մլն 312.5 հազար դրամ գումար է տրվել բյուջեից: Նշենք, որ միայն աշխատավարձը կազմում է բյուջետային հատկացման գումարի 46.5 տոկոսը, իսկ այլ ծախսերը՝ 53.5 տոկոսը: Ընկերության լուծարման պատճառը պետական բյուջեի ծախսերի նվազումն է, կրճատումը: Այսուհետ կայքի գործը կանի ֆինանսների նախարարության աշխատակազմը:

 

 

ԵՎՍ ՄԵԿ ԾԻԳ ԼՈՒԾԱՐՎԵՑ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում կդադարեցվի ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: ԾԻԳ-ի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվելու է լուծարման հանձնաժողով: ԾԻԳ-ի հաշվեկշռում մնացած գույքը կամրացվի, իսկ դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերը կփոխանցվեն «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 

 

ԵԿԱՄՈՒՏՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը նշել էր, որ տարեցտարի իր դրամական միջոցները նվազել են, որովհետեւ ինքը ղեկավարում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան, եւ կամա թե ակամա բազմաթիվ ծախսեր են առաջանում բռնցքամարտիկներին ճիշտ ճանապարհի վրա դնելու, մարզիկներին ֆինանսավորելու համար: «Ժողովուրդ»-ը Գեւորգյանի ներկայացրած հայտարարագրերից փորձեց պարզել՝ որքանով են նվազել պատգամավորի դրամական միջոցները: 2012 թվականին պատգամավոր ընտրվելուց հետո Գեւորգյանը հայտարարագրել է երկու մարդատար մեքենա, 43 մլն դրամ, 239 հազար եվրո եւ 945 հազար դոլար դրամական միջոց: 2015 թվականին ներկայացրած հայտարարագրում Գեւորգյանը շարժական գույք չի հայտարարագրել, դրամական միջոցներն էլ կազմել են ավելի քան 705 հազար եվրո, 230 հազար դոլար, 27 միլիոն դրամ: Ստացվում է, որ 4 տարիների ընթացքում Գեւորգյանի դրամական միջոցները նվազել են մոտ 500 հազար եվրոյով, մոտ 30 մլն դրամով եւ ավելի քան 700 հազար դոլարով: 2015-ին Գեւորգյանը չի հայտարարագրել որեւէ մեքենա: Բայց ի տարբերություն 2012-ի՝ 2015-ին Գեւորգյանի եկամուտը աճել է: Եթե 2012-ին եղել է մոտ 4 մլն դրամ, ապա 2015-ին կազմել է 15 մլն դրամ:




Լրահոս