ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրությունն ավարտվեց` աշխարհի առաջատար պետության առաջին դեմքի կարգավիճակը փոխանցելով գործարար Դոնալդ Թրամփին: Վերջինիս անհավանական ու անսպասելի թվացող հաղթանակը այլեւս կայացած փաստ է, որի հետ առաջնահերթորեն հաշտվեց Միացյալ Նահանգների քաղաքական էլիտան: Թրամփն արդեն իսկ սկսել է պաշտոնների բաժանման գործընթացը, ինչը զգալիորեն տարբերվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում հաստատված պրակտիկայից:

Հարկ է նախ նկատել, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում Թրամփը հետաքրքրվել էր, թե քանի աշխատակից կարող է փոխել Սպիտակ տանը: Ըստ լրատվական տիրույթում տարածված տեղեկությունների` Թրամփն անակնկալի է եկել` իմանալով, որ Սպիտակ տանը նա կարող է փոխել բոլոր աշխատողներին եւ նշանակել իր համար ցանկալի անձանց: Անշուշտ, նախագահական նստավայրի բոլոր աշխատակիցներին եւ նույնիսկ կառավարության առանցքային բոլոր դերակատարներին պաշտոններից հեռացնելը չի կարող լինել խելամիտ որոշում, քանզի գոյություն ունեն փորձառության ու աշխատանքային լարվածությանը հարմարվելու խնդիրներ: Այսպիսի հարցերը հատկապես Միացյալ Նահանգների պես երկրներում կարեւորագույնն են, քանզի նոր ընտրված նախագահը պարզապես չի կարող իր հետ բոլոր ոլորտների համար բերել նոր մարդկանց: Նա պարտավոր է նախ աշխատել արդեն իսկ այդ պաշտոններում կոփվածների հետ եւ համապատասխան գիտելիքի բազա կուտակելուց հետո միայն կադրային լրջագույն փոփոխություններ իրականացնել: Օրինակ` 2009թ. ստանձնելով ԱՄՆ նախագահի լիազորությունները` Բարաք Օբաման պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսին պահեց նույն պաշտոնում: Տպավորություն է, որ Գեյթսը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն էր, նախագահ Ջորջ Բուշի զինակիցը, սակայն մինչեւ 2011թ. աշխատեց նախարար հենց դեմոկրատական վարչակազմում: Այս փաստը խոսում է այն մասին, որ նույնիսկ պաշտպանության բնագավառի պես գերկարեւոր բնագավառում նախագահներն այս երկրում առաջնորդվում են ոչ թե իրենց քաղաքական հետաքրքրություններով, այլ առաջին հերթին պետական շահերով:
Թրամփն արդեն հայտարարել է, որ իր աշխատակազմի ղեկավար է նշանակելու Ռեյնս Փրայբուսին` Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովի նախագահին, իսկ գլխավոր խորհրդական` Սթիվ Բենոնին, որը հայտնի է որպես ամերիկյան քաղաքական էլիտայի սուր քննադատ: Հարկ է նկատել, որ Փրայբուսի ու Բենոնի նշանակումները լիովին համարժեք են միմյանց: Փրայբուսն ամերիկյան ընտրախավի դասական ներկայացուցիչներից է, իսկ Բենոնը` դրա հակառակորդը: Թրամփի առաջին որոշումը աշխատակազմի ղեկավարի ու գլխավոր խորհրդականների պաշտոնները հակառակ ճամբարների ներկայացուցիչներին բաշխելու հարցում իսկապես գովելի է: Որպես պրագմատիկ` նոր նախագահը կարծես թե ցույց է տալիս պետական կառավարման համակարգում հակակշիռների մեխանիզմի հանդեպ իր համակրանքը: Այդուամենայնիվ, միմյանցից տրամագծորեն հակառակ կարծիքներ ունեցողներին գրեթե հավասար դիրքերում նշանակելը հղի է նաեւ ապակայունացման վտանգով, սակայն ամերիկյան պետական համակարգը, կարծում ենք, այնքան կայացած է, որ հակադրությունը մրցակցությունից թշնամության չի հանգեցնի: Հետաքրքիր է, որ դեռեւս պաշտոնապես ստանձնած չլինելով պաշտոնները` Փրայբուսն ու Բենոնը արդեն իսկ միմյանց դեմ են աշխատում` նպատակ ունենալով Թրամփին համոզել իրենց համար ցանկալի մարդուն ԱՄՆ պետքարտուղար նշանակելու հարցում: Ներկայումս այս պաշտոնում ակտիվորեն քննարկվում են Բուշ կրտսերի օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան աշխատած Ջոն Բոլթոնի եւ Նյու Յորքի նախկին նահանգապետ Ռուդի Ջուլիանիի թեկնածությունները: Չի բացառվում նաեւ Ջարեդ Քուշների թեկնածությունը` ամերիկյան հայտնի երիտասարդ գործարարի, որը նաեւ Թրամփի փեսան է: Ի դեպ, եթե Թրամփը նախընտրի իր փեսային` ի հեճուկս Փրայբուսի ու Բոլթոնի վերոնշյալ ֆավորիտների, ապա դա լավ առիթ կարող է դառնալ, որպեսզի Հայաստանում էլ Սերժ Սարգսյանը իր դեսպան փեսային նշանակի ԱԳ նախարար: Անկասկած, այդ նշանակումը Շարմազանովը համարելու է հայ-ամերիկյան համագործակցության փայլուն վկայությունն ու պահպանողականության համաշխարհային հաղթանակը:
Հայաստանում, ի տարբերություն ԱՄՆ-ի, նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի նշանակությունը նույնական չէ: ԱՄՆ-ում, հաշվի առնելով վարչապետի պաշտոնի բացակայությունը, աշխատակազմի ղեկավարը գերկարեւոր դերակատարություն ունի: Այդ երկրում հենց նա է հանդիսանում ապարատի ու նախագահի կապավորը: Հայաստանում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի ղեկավարը Շահեն Կարամանուկյանն էր, ակադեմիական պատրաստվածությամբ գործիչ, որի քաղաքական ազդեցությունը ՀՀ ՊՆախարար Վազգեն Սարգսյանի ու ՆԳնախարար Վանո Սիրադեղյանի դիրքերի հետ անհամեմատելի էր: Ռոբերտ Քոչարյանի օրոք աշխատակազմի ղեկավարներից հատկապես զգալի էր Արմեն Գեւորգյանի դերակատարությունը: Վերջինս, ըստ ամերիկյան «վիկիլիքսյան» հրապարկումների, իշխանության «գորշ կարդինալն» էր, որը համակարգում էր Քոչարյանի ու իշխանական բուրգի հարաբերությունները: Իսկ ահա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարներից թերեւս ամենաընդգծվողը ներկայիս ՊՆ Վիգեն Սարգսյանն էր:
Բայց եւ այնպես, եթե Տեր-Պետրոսյանի օրոք նախագահի աշխատակազմի ղեկավարի ինստիտուտը դեռ նոր էր կայանում, իսկ Քոչարյանի իշխանության ավարտին Ա. Գեւորգյանը խոշորագույն կուլիսային ազդեցություն ուներ, ապա Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում այդ պաշտոնի նշանակությունը համեմատաբար թույլ էր: Իշխանավարության սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանն աշխատակազմի ղեկավարի պաշտոնը օգտագործում էր իր առանձին թիմակիցների քաղաքական ախորժակը բավարարելու համար, ինչպես Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի դեպքում: Այսօր կարծես Սերժ Սարգսյանը նախագահական ապարատը օգտագործում է Քոչարյանի «կադրերին» մեկտեղելու նպատակով` հաշվի առնելով Արմեն Գեւորգյանին ու Ալեքսան Հարությունյանին համապատասխանաբար նախագահի աշխատակազմի ղեկավար եւ տեղակալ նշանակելու որոշումները: Մինչդեռ Սարգսյանի անմիջական հավատարիմները աստիճանաբար տեղավորվում են կառավարությունում, որտեղ հաջորդ տարի հավանաբար կտեղափոխվի նաեւ Սերժ Սարգսյանը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Չէ

Կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը արդեն մի քանի ամիս է, ինչ կանգնած է ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ: Բանն այն է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ «Աշտարակ կաթ» ընկերությունից պահանջում են վճարել մթերած կաթի գումարները: Իսկ ընկերության ներկայացուցիչները ամեն անգամ բնակիչներին խոստանում են կաթի մթերման դիմաց կուտակված պարտքը վճարել յուրաքանչյուր ամսվա վերջին, սակայն այդպես էլ չեն կատարում տված խոստումները:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Աշտարակ կաթ»-ի՝ Ճամբարակում գտնվող պանրի գործարանը ավելի քան երկու ամիս է, ինչ չի աշխատում, քանի որ ընկերությունը չի վճարել պանրի գործարանի աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձը: «Ժողովուրդ»-ին դիմած բնակիչների պատմելով՝ գործարանում այս պահի դրությամբ բավական քանակությամբ պանիր կա, սակայն անհասկանալի պատճառներով ընկերությունը չի կարողանում իրացնել այն:
Իսկ ահա Ճամբարակի քաղաքապետ Յուրի Ավալյանը «Ժողովուրդ»-ին ներկայացրեց, որ «Աշտարակ կաթ»-ի սխալ մենեջմենթի արդյունքում ճամբարակցիները անելանելի դրության մեջ են հայտնվել: «Տեղեկացնեմ, որ մենք՝ բնակիչներով, պարտադիր հսկում ենք ընկերության՝ մեզ մոտ գտնվող պանրի գործարանի արտադրած պանիրը, որովհետեւ լուրջ մտավախություն ունենք, որ ընկերությունն այն կհանի գործարանից, կվաճառի եւ դրանով կվճարի այլոց պարտքերը: Իսկ մեր քաղաքի բնակիչները կմնան կոտրած տաշտակի առաջ»,- նկատեց քաղաքապետը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարը անհասանելի էր: Ապա Ափոյանին գտնելու նպատակով զանգահարեցինք Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին (նրանք կուսակից ընկերներ են): Վերջինս հայտնեց, որ Ափոյանը այս օրերին երկրում չէ: Իսկ ընկերության ֆինանսական խնդիրների մասով մարզպետը հրաժարվեց մեզ տեղեկություններ տրամադրել:
Ավելի ուշ Յուրի Ավալյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը 4-5 օր առաջ Երեւանում հանդիպել է Ափոյանի հետ եւ քննարկել ներկայիս իրավիճակը: Զրույցի ավարտին Ավալյանը նշեց նաեւ, որ Ափոյանը այս հարցով առաջիկայում դիմելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Նախկին զինծառայող, 29-ամյա Արկադի Մկրտչյանը ԼՂՀ պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2005 թվականին: Վերջինս 2007-ի մայիսի 3-ին ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի արձակած կրակոցից ստացել է գլխի հրազենային վնասվածք: Արկադին առաջին կարգի զինհաշմանդամ է, ստանում է 91 հազար դրամ թոշակ: ArmLur.am-ի հետ զրույցում Արկադիի մայրը՝ Սուսաննա Մկրտչյանը, պատմել է, որ այս պահին նրանք գտնվում են ֆինանսական ոչ բարվոք վիճակում. «Պատկերացրեք՝ ամեն ինչը ծախել ենք, ո՛չ մի հնարավորություն, ո՛չ մի բան չունենք: Նույնիսկ էն ֆինանսական ծախսը չունեմ, որ ես մի հատ սոկ վերցնեմ, գնամ իմ երեխու մոտ: Նոր ամուսինս զանգել ա, ասում եմ՝ տենամ ումից կարամ 1000 դրամ փող ճարեմ, որ ես գամ քո մոտ»: Նշենք, որ Արկադի Մկրտչյանն այս պահին գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժման թերապիաներ անցնելու նպատակով: «Ամուսինս ա պահում: Ես մի քիչ վատառողջ էի, չէի կարող մնալ իր մոտ: Իր մի կողմը լրիվ թույլ է, ու՞մ թողնեմ, որ ես գնամ, աշխատեմ: Հիմա շատ ծանր վիճակում ա իմ տղեն, աժդահա, որ տեսնեք, կասեք՝ դուք կին արմատ, էդքան ո՞նց եք վերցրել, դրել: Գիշերները չի քնում, անընդհատ պետք ա տեղափոխեմ, նստելուց հոգնում ա, կանգնելուց հոգնում ա»: Սուսաննա Մկրտչյանի խոսքով՝ անցած ինը տարիներին ոչ ոք ձեռք չի մեկնել՝ իրենց դժվարին հոգսը թեթեւացնելու համար. «Ում որ դիմել եմ, ասել եմ` նեղն եմ, ոչ մեկը չի արձագանքել… բոլոր սեփականության հողերը ծախել ենք, ոչ մի հող չունենք: Էնքան վարկեր ենք վերցրել, որ գոնե բուժման ծախսերը հոգանք, մասաժների տանենք, մենք մեր ուժերով»: Ըստ նրա՝ ինը տարվա մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը Մկրտչյանների ընտանիքին մեկ անգամ 10.000 դրամ է տրամադրել. «Մեկ անգամ էլ դիմել եմ, 100 հազար դրամ են տվել: Չգիտեմ՝ էտ ո՞նց ստացվավ»: Արցախում վիրավորված Արկադիի ընտանիքը ձմռան շեմին անգամ վառելիք չունի, այս մասին խորը մտահոգությամբ հայտնեց տիկին Սուսաննան: Մինչ հազար դրամների համար բուռն քննարկումներ են անցկացվում, այս ընտանիքը կանգնած է լուրջ խնդիրների առջեւ եւ անգամ հազար դրամ չունի, որպեսզի մայրն այցելի իր որդուն: Հարց է ծագում. ո՞վ պետք է զբաղվի այս ընտանիքի հոգսերով:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐ»՝ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԳԼԽԻՆ
Նոյեմբերյանի քաղաքային ավտոկայարանի սպասասրահի տանիքի մետաղյա թիթեղը պոկվել-կախվել է: Ավտոկայարան ժամանող եւ այդտեղից տարբեր ուղղություններով մեկնողների մեծամասնությունը սովորաբար վերեւ չի նայում, որպեսզի դամոկլյան սրի պես կախված վտանգից հեռու գնա: Ավտոկայարանները գործում են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության ներքո: Հուսանք, որ նախարարությունը նշված խնդրի վերացման ուղղությամբ միջոցներ կձեռնարկի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս