ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ համալսարանում հայտնաբերված խախտումների հետ է կապվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանի անունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Կարեն Ավագյանը վստահեցրեց, որ հիմնադրամը բժշկական համալսարանի հետ կապ չունի:

-Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով սահմանվելու է, որ այսուհետ բուհերի խորհրդի անդամները չպետք է լինեն պաշտոնյաներ: Նախարարի այս քայլի նպատակը բուհերը ապաքաղաքականացնելն է: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:
-Տեսեք, անկախ ամեն ինչից, բուհը երբեք քաղաքական չի եղել, Դուք չեք կարող հիմա ներկայացնել մեկ օրինակ, որտեղ տեսնեք այս կամ այն քաղաքական ուժը քաղաքական գործունեություն է իրականացնում:
-Բայց բազմաթիվ հրապարակումները եւ արձանագրված փաստերը միանգամայն այլ բանի մասի են խոսում: Ի վերջո, Ձեզ համար պիտի որ նորություն չլինի այն, թե ընտրություններից առաջ ինչպես են բուհերի դասախոսներին, ուսանողներին, տանում ընտրական հավաքների եւ այլն, եւ այլն:
-Դա բացարձակապես քաղաքացիների իրավունքն է:
-Վստա՞հ եք, որ իրենք իրենց սեփական կամքով են գնում այդ հավաքներին, այն էլ հիմնականում իշխանական ուժի կազմակերպած:
-Բացառապես քաղաքացիների իրավունքն է, երբեք պայմանավորված չի եղել խորհուրդներում իրենց ներկայությամբ: Եթե չլինեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այլ լինեն քաղաքացիներ, չի բացառվում, որ այդ քաղաքացիների մեջ լինեն կուսակցական պատկանելիություն ունեցող մարդիկ, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ այնտեղ իրականացնելու են կոնկրետ կուսակցական գործունեություն: Կուսակցական գործունեությունը կրթական օջախում օրենքով արգելված է, եւ եթե որեւէ դեպք Դուք գիտեք, կարող եք համապատասխան մարմիններին դիմել եւ համապատասխան մարմինները օրենքի ուժը կկիրառեն նաեւ այդ ձեր օրինակի վրա:
-Դատելով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մտադրությունից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, փաստորեն, այլ կարծիքի է, նա նման վտանգ տեսնում է: Ի դեպ, այդ մասին տարիներ ի վեր բարձրաձայնել է նաեւ մարդու իրավունքների նախկին պաշտպանը:
-Դուք գիտեք, որ 4 մասից են բաղկացած խորհուրդները` 25 տոկոսը կառավարության ներկայացուցիչներ են, 25 տոկոսը՝ բուհի ներկայացուցիչներ, մյուս 25 տոկոսը համապատասխան գերատեսչության ներկայացուցիչներն են եւ 25 տոկոս բուհի ներկայացուցիչներ են: Այսինքն՝ այդ տոկոսային հարբերությունների մեջ բնական է, որ կլինեն կուսակցական պատկանելիություն ունեցող մարդիկ: Սա մի խնդիր է, եւ եթե պաշտոնյաների հետ կապված որոշակի հարցադրումներ ունի նախարարը, մենք կլսենք նաեւ նախարարին: Կարծում եմ, որ բուհերը այսքան ժամանակ իրենց գործունեության ընթացքում որեւէ խնդիր չեն ունեցել կամ որեւէ պրոբլեմ չեն ունեցել, որը խոչընդոտել է բուհի զարգացմանը կամ կրթական որակին կամ, ընդհանրապես, կառավարմանը:
-Ինչպես հայտնի է՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում լուրջ խախտումներ են հայտնաբերվել, եւ լուրեր կան, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի ղեկավարը Դուք եք, այդ խախտումների հետ առնչություն ունի:
-Որեւէ կապ չունեմ, երբեւէ կապ չեմ ունեցել, դրա համար ծիծաղից բացի՝ այլ բան չի առաջանում: Հիմնադրամը որեւէ կապ չունի համալսարանի հետ:
-Այսինքն՝ եթե համալսարանի խախտումների գործին իրավապահները ընթացք տան, որեւէ մտավախություն չունե՞ք:
-Բացարձակ մտավախություն չունեմ եւ միայն ուրախ կլինեմ, որ այդ կեղծ տեղեկություններ տարածողները եւս բացահայտվեն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵՍԱՖԻԼՄ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հոկտեմբերի 17-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացի Վահագն Կարապետյանի հետ եւ գնել տեսաֆիլմեր, ինչի համար պետբյուջեից հատկացվել է 2 մլն 250 հազար դրամ: Նշենք, որ «Հաղթահարելով դժվարությունները» ֆիլմ-ձեռնարկ տեսաֆիլմը հանդիսանում է «Սովորում ենք միասին» ֆիլմաշարի թվով 5-րդ ֆիլմը: Այն ներկայացնում է Հայաստանի կրթական համակարգում ներառական կրթության ներդրման շուրջ 10 տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքը: Ֆիլմում ցուցադրվում են ներառված երեխաների ուսումնական շրջանի անցած ուղին, ճակատագիրը: Ֆիլմի ցուցադրումը նախատեվում է հանրակրթական դպրոցների մանկավարժների, ծնողների համար եւ նպատակ ունի ներկայացնել ներառական կրթության արդյունքները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ տեսաֆիլմի օրինակները բազմացվել են եւ առաքվել ՀՀ մարզեր: Հետաքրքիր է՝ տեսաֆիլմը ինչ-որ հետեւանք թողե՞լ է կրթության որակի բարձրացման վրա, թե՞ ոչ:

 

 

ԴՈԼԱՐՈՎ ՏԵՂԱԿԱԼԸ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, որը հոկտեմբերի 25-ին է նշանակվել այս պաշտոնին, ներկայացրել է իր հայտարարագիրը: Ըստ այդմ, վերջինս հայտարարագրել է, որ ունի մեկական բնակարան, մեկական ավտոտնակ եւ «Volkswagen Passat 1.8 T» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են 105 հազար դոլար եւ 6 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ ՊԵԿ պաշտոնյան հայտարարագրել է իր աշխատավարձը, որը հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը կազմել է մոտ 4 մլն 460 հազար դրամ:

 

 

ԽԱՌՆԱՇՓՈԹ ՀԱՆՐԱՅԻՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին Հանրային հեռուստաընկերությունում խառնաշփոթ է: Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների նոր տնօրենի նշանակումից հետո կադրային փոփոխություններ են ընթանում: Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից: Նա հայտնել էր. «Նոր մարդիկ են եկել, որոնք ուզում են իրենց թիմով աշխատել, նոր ոճով աշխատել, իրենց ձեռագրով աշխատել: Անկեղծ ասած` ողջունում եմ իրենց ձեռագիրն ու աշխատանքը»:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Նվեր Մնացականյանից հետո Հանրային հեռուստաընկերությունը կլքի հաղորդավար-մեկնաբան Զարուհի Ալթունյանը, որը Գեւորգ Ալթունյանի բարեկամն է: Հիշեցնենք, որ Գեւորգ Ալթունյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Հարություն Հարությունյանը:

 

 
ՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Այսօր Երեւանում կկայանա Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Երեւան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Սերժ Սարգսյանը:

 

 

ՀԱՅ-ՄՈԼԴՈՎԱԿԱՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է աշխատանքային այցով Երեւան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին: Հանդիպումը մեկնարկել է նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով: Կողմերը հագեցած քննարկումներ են ունեցել երկկողմ եւ բազմակողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

 

 

ԳՈՂԱՑԱԾԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել: «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծով նախատեսվում է, որ առաջին փուլով կուսումնասիրվի 2008 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոնավարած բարձրաստիճան անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների եւ գույքի ծագման աղբյուրները, եւ այդ մասին հանրությանը տեղեկանք կներկայացվի մինչեւ 2017թ. ապրիլի 2-ը:

 

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՎ
«Հայկական վերածնունդ» կուսակցության քաղաքական դպրոցը կբացվի նոյեմբերի վերջին: Այս մասին Armtimes.com-ին ասել է կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանը: Չնայած դպրոցի հիմնադրմանը հաշված օրեր են մնացել, սակայն կուսակցությունում դպրոցի շենքի գտնվելու վայրի, ռեկտորի եւ այլ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի դեռ չեն եկել. «Այս պահին քննարկումներ են ընթանում դպրոցի ծրագրի, ժամանակացույցի, դասավանդվող առարկաների եւ այլնի մասին»:




Լրահոս