«ԵՐԵՎԱՆ ԳԱՐԵՋՈՒՐ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵՑ 110 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարեջրի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող երկու ընկերությունները՝ «Երեւան գարեջուր»-ը եւ «Գյումրի»-ն, հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում: Արդյունքում ՏՄՊՊՀ-ն գերիշխող դիրքի չարաշահման համար «Երեւան Գարեջուր» ընկերությանը տուգանել է 110 մլն դրամով: Իսկ «Գյումրի գարեջուր» ընկերության մարքեթինգային եւ տրանսպորտային ծախսերի ուռճացման հետ կապված ուսումնասիրության արդյունքներն էլ հանձնաժողովը ուղարկել է պետական եկամուտների կոմիտե:

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ նախորդ տարեվերջից սկսած ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւան գարեջուր» ընկերությունը 1 լիտր գարեջուրը 30 դրամով թանկացրել է, ինչի կապակցությամբ ՏՄՊՊՀ-ն ընկերության դեմ հարուցել է վարչական վարույթ եւ ուսումնասիրություններ անցկացրել՝ պարզելու համար գնի բարձրացման հիմնավորվածությունը: Գարեջրի արտադրությամբ զբաղվող նշված ընկերությունը 30 դրամի թանկացումը հիմնավորել է արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ որոշ ծախսերի ավելացմամբ, ինչպես նաեւ գարեջրի իրացման ծավալների՝ 6 տոկոսով կրճատմամբ: Սակայն ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաեւ այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել: Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին՝ ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ: Երեկ հայտնի դարձավ, որ ՏՄՊՊՀ որոշմամբ՝ ընկերության 110 մլն դրամի չափով շահույթը ամբողջությամբ կգանձվի պետբյուջե: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ ընկերությունը գործել է մրցակցային օրենսդրության խախտումներով:
«Երեւան գարեջուր» ընկերության տնօրենի տեղակալ Արմեն Հայրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հանձնաժողովից պաշտոնապես չեն ստացել տուգանքի մասին որոշումը: «Բայց նշեմ, որ մեր ընկերության կողմից ՏՄՊՊՀ-ին ներկայացվել են տարբեր պարզաբանումներ, հիմնավորումներ, ինչը իրենք հաշվի չեն առել: Ի դեպ, առաջինը «Գյումրի գարեջուր» ընկերությունն է թանկացրել իր արտադրանք, իսկ երկու ամիս անց՝ մենք: Բայց ես այս պահին չեմ ուզում ինչ-որ հայտարարություն անել: Կքննարկենք, ապա հայտարարությամբ հանդես կգանք: Լրացուցիչ ծախսեր են առաջացել, ինչի հիման վրա էլ թանկացրել ենք գարեջուրը»,- ներկայացրեց Հայրյանը:
Հիշեցնենք, որ «Երեւան Գարեջուրն» անցած տարի ՀՀ վարչական դատարանում բողոքարկել էր իրեն տուգանելու մասին ՀՀ ֆինանսների նախարարության կազմած ակտը՝ 653 մլն դրամի չափով: Արդյունքում դատարանը որոշում կայացրեց, որ ընկերությունը չի վճարելու այդ գումարը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՏՄՊՊՀ-ն գնային բարձրացում է արձանագրել նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերությունում: Վերջինս նույնպես հիմնավորումներ է ներկայացրել: Ըստ ընկերության պարզաբանումների՝ ավելացել են որոշ ծախսեր, ինչն էլ անդրադարձել է ինքնարժեքի ձեւավորման վրա: Սակայն հանձնաժողովը ուսումնասիրելու ընթացքում պարզել է, որ փաստաթղթերում նշված ծախսերը ուռճացված են եւ կրել են ձեւական բնույթ: Ի դեպ, եթե «Երեւանի գարեջուր» ընկերության դեպքում իրացման ծավալները նվազել են 6 տոկոսով, ապա «Գյումրի գարեջուր»-ի մոտ դրանք նվազել են 17 տոկոսով: Ավելին՝ գարեջրի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը պարզաբանել է, որ տրանսպորտային ծախսերը, որոնք անմիջականորեն կապված են իրացման ծավալների հետ, աճել են շուրջ 86 տոկոսով:
Բայց ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրության ընթացքում բացահայտել է նաեւ, որ ընկերությունը սեփական մեքենաները անհատույց կերպով տրամադրել է իր հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության եւ վերջինից վարձակալել նույն մեքենաները, ինչի արդյունքում տրանսպորտի մասով տարեկան ծախսերը կազմել են շուրջ 276 մլն դրամ: Պարզվել է նաեւ, որ ընկերությունը իր մի քանի նախկին աշխատակիցների, ինչպես նաեւ որոշ անհատ ձեռնարկատերերի պատվիրել է իրականացնել շուկայի վիճակագրական ուսումնասիրություն կամ մատուցել մարքետինգային ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը հասել է մինչեւ 29 մլն դրամի: Ընդ որում, այս ծառայությունների մատուցման վերաբերյալ որեւէ փաստ կամ հաշվետվություն չկա: Ըստ հանձնաժողովի՝ ընկերությունը այսպես փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները: Արդյունքում հանձնաժողովի որոշմամբ՝ ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե:
«Գյումրի գարեջուր» ընկերության տնօրեն Արշալույս Սանոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք թանկացման վերաբերյալ հիմնավորումները ուղարկել են հանձնաժողով: «Գարեջրի գնի բարձրացումը պայմանավորված է էներգակիրների, ներմուծված ապրանքի թանկացմամբ: Այդ ամենը ասվել, ներկայացվել, հիմնավորվել է հանձնաժողովին»,- հայտարարեց Սանոյանը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր գործարարներին, որի ընթացքում վերջիններս բարձրաձայնել էին տրանսպորտային փոխադրումների, էներգակիրների մատչելիության, հարկային եւ մաքսային վարչարարության հետ կապված հարցեր: Այդ հանդիպման ժամանակ վարչապետ Կարապետյանը հայտարարել էր. «Մենք պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին, որպեսզի մենք ձեզ հետ համատեղ ձեւավորենք մեր ստրատեգիան այս ոլորտում»: Վարչապետի այս հայտարարությունից հինգ օր անց գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը տուգանվեց 110 մլն դրամի չափով, ինչը անկասկած լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի գործարարին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս