Բաց նամակ «Սասնա Ծռեր» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանին
Հարգելի պարոն Հայրապետյան
Մենք հաստատում ենք, որ Ձեր հիմնադրած «Սասնա Ծռեր» հիմնադրամը անցած ամիսների ընթացքում իր կատարած աշխատանքով անուրանալի և երախտագիտության արժանի ներդրում է կատարել ինչպես մարդասիրական, այնպես և Հայաստանի ազատագրման գործին նպաստելու առումներով:
Այդուհանդերձ, տարակուսանքով և ցավով տեղեկացանք, որ «Սասնա Ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ քաղաքական չեզոքություն չեն պահպանում և կատարում են «Սասնա Ծռեր» խմբավորման ապստամբական – ազատագրական գաղափարը և գործողությունները մերժող քայլեր, միևնույն ժամանակ փորձելով «Սասնա Ծռեր» խմբավորման ճանաչումն ու հեղինակությունն օգտագործել նրա ծրագիրը չընդունող քաղաքական ուժի շահերը սպասարկելու համար:
Զուգահեռաբար, նրանք հոգաբարձուների խորհրդում խախտել են միջանձնային հարաբերությունների էթիկան, ինչպես նաև ձգտել են կամք պարտադրել խորհրդի այն անդամներին, ովքեր «Սասնա Ծռեր» խմբավորման և նրա մարտիկների նկատմամբ հոգեբանական և գաղափարական առումով դրական վերաբերմունք ունեն, ինչի պատճառով խորհրդում ստեղծվել է ոչ աշխատանքային մթնոլորտ և նրանցից երկուսն արդեն հեռացել են այնտեղից:
Նկատի ունենալով վերոնշյալը, վստահաբար կարող ենք եզրակացնել, որ հիմնադրամի նման գործունեությունն այլևս ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վնասակար է ազատագրական պայքարի համար:
Ուստի, առաջնորդվելով Հայաստանի ազատագրման պայքարի գերակայություններով, ինչպես նաև նպատակ ունենալով կանխել նրա աջակիցների շրջանում հնարավոր պառակտումը, առաջարկում ենք սահմանափակվել կատարած աշխատանքով և դադարեցնել «Սասնա Ծռեր» անվանմամբ հիմնադրամի գործունեությունը:
Եթե ցանկություն ունեք զուտ մարդասիրական նկատառումներով շարունակելու ձեր նախաձեռնությունը, խնդրում ենք այն իրագործել այլ անվանում ունեցող հիմնադրամի միջոցով:
Հուսով ենք, որ կընդառաջեք մեր առաջարկությանը և այն իրագործելու նպատակով կօգտագործեք օրենքի, հիմնադրամի կանոնադրության և Ձեր անձնական հեղինակության ու ազդեցության ամբողջ ռեսուրսը՝ դրանով իսկ նպաստելով պայքարի հաջորդ փուլին սահուն կերպով անցնելուն:
Ըստ այդմ՝ «Սասնա Ծռեր» շարժման համակիրներին հորդորում ենք այլևս միջոցներ չտրամադրել հիմնադրամին, իսկ մեր հարազատներին՝ չդառնալ նրա շահառուն: Մենք առաջիկայում կառաջարկենք պայքարի նյութական աջակցության նոր ձևաչափեր և գործիքարան, որոնք ենթադրում են նաև դրամահավաքներ և ծառայելու են պայքարի բոլոր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների օգնության նպատակներին:
Հարգանքով և համագործակցության հույսով՝
Մխիթար Ավետիսյան՝ «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի պետ
Պավել Մանուկյան՝ «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի անդամ
Վարուժան Ավետիսյան՝ «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի անդամ, խմբավորման խոսնակ
24 նոյեմբեր, 2016թ.