Հրդեհի հետևանքները` 3 մլն դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը պետական գույքի կառավարման վարչությանը առաջիկայում բաժնեմասեր ձեռք բերելու համար 3 մլն 356 հազար դոլարի չափով գումար հատկացրեց:  Վարչությունը մտադիր է ձեռք բերել Երեւանի Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը, ինչպես նաեւ՝ փոխհատուցել ստացած վնասները:

Այսինքն՝ Երեւանի Վ. Սարգսյան փողոցի 3/3 հասցեում գտնվող շենքի ձեռքբերման միջոցառումների ծրագրի համաձայն՝ վարչությունը նախատեսում է պետական միջոցներով գնել այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է «Եվրոպական բժշկական կենտրոն», «Լեւոն-1», «Անժելա-91», «Արեւիկ հուշանվեր» եւ «Պողոսյան Սրահ» ընկերությունների 100 տոկոս բաժնեմասերը ձեռք բերել: Ի դեպ, բաժնեմասերի ձեռքբերումից հետո էլ ընկերությունները պետք է լուծարվեն:
Նշենք, որ անցած տարեվերջին Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղի էր ունեցել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացումը, որի շինարարության մեկնարկը տրվել էր 2013 թվականի ապրիլին:  Այժմ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված են արտաքին գործերի եւ արդարադատության նախարարությունները:

Համալիրի՝ կառուցապատված եւ բարեկարգված տարածքն ընդգրկում է նախկին «Սեւան» հյուրանոցի սահմանագծից մինչեւ ՀՀ գլխավոր դատախազության շենք եւ Վ. Սարգսյան փողոցից մինչեւ Զաքյան փողոցի հատվածը: Նոր համալիրը կառուցվել է արդարադատության նախարարության նախկին այրված շենքի եւ շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս