ՀՀ Արդարադատության նախարարը դեմ արտահայտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի ներկայացրած նախագիծի որոշ դրույթներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի և Արմեն Ռուստամյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագծին:

Անդրադառնալով առավել կարևոր առաջարկություններին՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ դրանք հակասում են կամ որոշակի խնդիրներ են առաջացնում ՀՀ Սահմանադրության տառի և ոգու հետ:

«Մասնավորապես, առաջին հերթին խոսքը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածին, որտեղ նշված է հետևյալը. մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Անմիջապես հաջորդ կետում խոսքը գնում է այն մասին, որ խմբակցությունն իր անդամների թվին համապատասխան մշտական հանձնաժողովներում ունի առնվազն մեկական տեղի իրավունք: Մեր կարծիքով՝ այս երկու դրույթների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հնարավոր է իրավիճակ ստեղծվի, երբ օրինակ ԱԺ-ում փոքր խմբակցությունները համապատասխան մեկական տեղի իրավունք ըստ բաշխման չունենան, բայց այս դրույթի ուժով նրանք ստանան այդ տեղերը և խախտվի Սահմանադրությամբ նախատեսված ԱԺ-ում համապատասխան խմբակցությունների թվին համահունչ տեղեր ունենալու իրավունքը: Խոսքը վերաբերում է մեծամասնության և փոքրամասնության համամասնության խախտմանը»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Նրա երկրորդ դիտարկումը վերաբերում էր արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու իրավունքին: «Խոսքը վերաբերում է կանոնակարգ օրենքի այն դրույթին, որին համահունչ Սահմանադրության դրույթի համապատասխան արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու իրավունք ունեն պատգամավորների մեկ քառորդը կամ կառավարությունը: Արտահերթ նիստը կամ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով: Սա Սահմանադրության 100-րդ հոդվածի երկրորդ մասն է: Այնուհետև կանոնակարգ օրենքով նախատեսված են այնպիսի ընթացակարգային կանոնակարգումներ, օրինակ, որ հանձնաժողո վներում պետք է պարտադիր անցած լինեն քննարկումներ, կամ եթե այդպես չէ, ապա պետք է լինի խորհրդի համաձայնությունը, վարչապետի գրավոր հիմնավորումը և այլն»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս կանոնակարգումների արդյունքում արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու իրավունքն իր բովանդակային առումով դառնում է խնդրահարույց և խոչընդոտվում է ընթացակարգային նորմերով: Նախարարը ներկայացրել է նաև այն վերապահումները, որոնք վերաբերել են խորհրդարանական վերահսկողությանը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախարարության առաջարկությունների կամ մտահոգությունների որոշ մասը մասնակիորեն արտացոլվում է Ազգային ժողովի կանոնակարգի լրամշակվող նախագծում: «Կառավարությունը եզրակացությունը ներկայացնում է, որ իր համար ընդունելի ուղղումներով՝ նախագծի եզրակացությունը լինի դրական»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, նախագիծը հիմնովին լրամշակման կարիք ունի: Նախարարի խոսքով, եթե հիշյալ նախագծի կարգավորման առարկան միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն են (դա բխում է օրենքի վերնագրից), ապա «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագծում պատգամավորի իրավունքների և պարտականությունների մասին կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է:

«Իրավունքներն ու պարտականությունները երաշխիքներ չեն: Բացի դրանից, նախագծում թվարկված իրավունքներն ու պարտականություններն արդեն իսկ ամրագրված են ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծում: Բացի այդ, նախագծում ամրագրելով, որ օրենքի կարգավորման առարկան պատգամավորի գործունեության իրավական երաշխիքների սահմանումն է` անխուսափելիորեն պետք է անդրադառնալ նաև պատգամավորական իմունիտետի և դրա մեխանիզմների կարգավորման հարցերին»,- ընդգծել է Հովհաննիսյանը:




Լրահոս