44-ամյա կինը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ՝ սպանվել. ամուսնուն մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել է ընտանեկան բռնության զոհ։

1972թ. ծնված կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել է 2016թ. սեպտեմբերի 9-ի առավոտյան. ամուսինն ահազանգել էր, որ կնոջն առավոտյան մահացած է հայտնաբերել։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբ և նախաձեռնել անհետձգելի քննչական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքերը: Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ:

Կնոջ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են արյունզեղումներ, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով փորձանմուշներ են վերցվել տուժած կնոջից, ինչպես նաև՝ նրա ամուսնուց, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել մի շարք փորձաքննություններ։ Ամուսնու նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ ստացված 16.09.2016թ., նրա վրա մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ կամ դեպքի վաղեմությանը համապատասխանող՝ դրանցից մնացած հետքեր չեն հայտնաբերվել:

Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կինը դեպքից օրեր առաջ ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, 44-ամյա մահացած կինը ճանաչվել է տուժող, իսկ վերջինիս հայրը՝ տուժողի իրավահաջորդ։

Ամուսնուն սեպտեմբերին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և միաժամանակ միջոցներ ձեռնարկվել՝ նրա կողմից Հայաստանի պետական սահմանի հնարավոր հատումը կանխելու համար։ Արդյունքում՝ սեպտեմբերի 21-ին կանխվել է Բագրատաշենի սահմանային անցակետով նրա՝ ՀՀ պետական սահմանը հատելու փորձը։

Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Վարույթն իրականացնող մարմինը նոյեմբերի 23-ին ստացել է կնոջ մահվան պատճառը պարզելու ուղղությամբ սեպտեմբերին նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ կնոջ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է եղել՝ արտաքին շնչառական ուղիներն օտար մարմնով փակելով: Փորձաքննությամբ տուժողի վրա հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ, որոնք պատճառվել են մահվանից կարճ ժամանակ առաջ՝ բութ կոշտ առարկաների ներգործությամբ, ինչպիսին կարող են լինել նաև մարդու ձեռքը, ոտքը:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նոյեմբերի 24-ին տուժողի ամուսնուն նոր մեղադրանք է առաջադրվել՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը քննիչը որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս