Այսօր Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է:
Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում ծնողների հետ 15-ամյա տղան ճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41 քաղաքներում։ Եղել է Արեւմտյան Հայաստանում, իր պապերի տանը… Ուսումնասիրել է 1915 թվականի եղեռնի պատմությունը։
1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկ ու կես տարում Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երեւակում է այնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։
1975 թվին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տեր՝ նա չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության եւ ասիական պատմության մասնագետի վկայականներ։
Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» եւ կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ եղեռնին։
Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978 թվին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները եւ կացարանները չափագրելու եւ ուսումնասիրելու համար։
1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։
1980 թվականին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարեւոր դեմքը։ Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» եւ Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաեւ անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի եւ իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։
1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկավ Երեւան, յոթ ամիս աշխատեց Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը եւ հարեւանները» գիրքը գրելու եւ հրատարակելու նպատակով։
Օգոստոսին ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետ ծանոթացել էր դեռեւս Լիբանանում եղած ժամանակ։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։