Գեղարքունիքում գյուղացու վրա ոստիկանի ատրճանակից կրակոց է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը երեկ հայտնեց, որ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Վերին Շորժայի համայնքապետի` Արտեմ Երանոսյանի որդին` Խաչիկ Երանոսյանը, նոյեմբերի 22-ին Այրք գյուղում գազային ատրճանակից կրակել է նույն գյուղի բնակիչ Գագիկ Զաքոյանի վրա եւ եւս մի քաղաքացու վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել կատարվածի ողջ մանրամասներն ու հանգամանքները: Այսպես, մեր տեղեկություններով՝ կատարվածի պատճառը եղել է այն, որ գյուղապետի որդին, բառիս ամենալայն իմաստով, զրկել է Այրք գյուղի բնակիչներին խմելու ջրից: Բանն այն է, որ գյուղի ջրագիծը Խաչիկ Երանոսյանը կտրել է, փոխել է ջրի հունը, իսկ ավելի ուշ ջրագիծն ամբողջությամբ սառել է, եւ խնդիրը լուծելն ավելի է բարդացել: Արդյունքում բնակիչները չորս օր շարունակ զրկված են եղել խմելու ջրից:

Եվ այն բանից հետո, երբ գյուղի տղամարդիկ փորձել են պարզաբանում ստանալ Վերին Շորժայի համայնքապետի որդուց, նա հանել է իր մոտ եղած գազային ատրճանակը եւ կրակ արձակել Գագիկ Զաքոյանի ու նրան ուղեկցողներ Զարզանդ Պողոսյանի, Վաչե Նուժիկյանի ուղղությամբ:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց կապ հաստատել տուժածներից Գագիկ Զաքոյանի հետ, ով հայտնեց, որ ջրի հարցը կատարվածից հետո եւս չի լուծվել. «Ջրի հունը, դա երբ փոխեց, մենք գյուղի 8-10 տղամարդկանցով գնացինք մոտը, հարցրինք` ինչ է եղել, խի է եղել, ու վիճաբանություն սկսվեց: Հետո հանեց հրազենը, մտածեցի՝ մարտական զենք է, ու խուճապի մեջ ընկա: Գյուղապետի տղա ա, եղբայրն էլ` Գարիկ Երանոսյանը, Վարդենիսի անձնագրային ծառայության պետն է: Էդ դեպքից հետո Խաչիկն ասեց, թե միլիցեն էլ ենք մենք, գյուղապետն էլ ենք մենք, ի՞նչ պիտի անեք: Ու ես կազդուրվելուց հետո հաղորդում տվեցի ոստիկանությունում»:

Տուժած տղամարդը պատմեց, որ հաղորդումը ներկայացնելուց հետո նրա մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել: Գագիկ Զաքոյանն ուշագրավ տեղեկություն հաղորդեց: Պարզվում է` գազային ատրճանակը, որով կրակոց է արձակվել, պատկանում է Վարդենիսի անձնագրային ծառայության պետ Գարիկ Երանոսյանին:

Թե ինչպես է անձնագրայինի պետի ատրճանակը հայտնվել եղբոր մոտ, դժվար չէ կռահել: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտեմ Երանոսյանը չբացառեց, որ որդիներից մեկը պաշտոնյա որդու ատրճանակից կրակած լինի. «Երեւի, չեմ իմանում: Կարող ա՝ մեքենայի մեջ ա էղել, էնտեղ անախորժությունների ժամանակ հանել, կրակել ա: Ճիշտն ասած՝ չեմ խոսել որդիներիս հետ կատարվածի մասին: Հաստատ չեմ կարող ասել, բայց չի բացառվում»: Հուսանք` գյուղապետի որդու` ոստիկան լինելու հանգամանքը այս անգամ չի խոչընդոտի արդար քննություն իրականացնելուն:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս