Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ներկայացնելով ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը, երեք ամիս առաջ հայտնել էր, որ նախորդ տարվա համեմատ կա դեպքերի աճ. «2016 թվականի վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 373 ընտանեկան բռնության դեպք, նախորդ տարվա 342-ի փոխարեն: Այս տարի հարուցվել է 60 քրեական գործ, որից 49 կարճվել է: Կան նաեւ սպանություններ, որոնք 4-ն են»:
Ինչ է փոխվել մեր մտածելակերպում, արժեհամակարգում, կամ միգուցե կին-տղամարդ հարաբերություններում, որը վերջին շրջանում հանգեցրել է ընտանեկան բռնությունների դեպքերի աճի: Հոգեբաններն ու վերլուծաբանները ընտանեկան ողբերգությունները սոցիալական հարթություն են տանում: Բայց ագրեսիան բնորոշ է մարդուն, առավել եւս Կովկասում:
Երեկ «Ժողովուրդը»-ը հերթական դեպքի մասին տեղեկացավ: Այսպես՝ Լոռու մարզի Պուշկինո գյուղում կնոջ հանկարծամահությունը ամիսներ անց պարզվել է՝ սպանություն է:
Բանն այն է, որ սեպտեմբերի 9-ին արձանագրվել է Պուշկինո գյուղի բնակիչ 44-ամյա Արեւիկ Գագինյանի մահը: Դեպքից հետո դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի արդյունքները ստացվել են երեկ: Եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ա. Գագինյանը սպանվել է:
Փորձաննության պատասխաններին ծանոթանալուց հետո մահացած կնոջ հայրը՝ Գյուլաքարակ գյուղի բնակիչ, 62-ամյա Վիլեն Գագինյանը իրավապահներին հայտնել է, որ դուստրը մահանալուց մի քանի օր առաջ իրեն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին իրենց տանը ամուսինը՝62-ամյա Հակոբ Կիրակոսյանը, ծեծի է ենթարկել իրեն, ինչի պատճառով դեմքին կապտուկներ են առաջացել: ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ` Հ. Կիրակոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Իսկ ինչ է ավելի ստույգ պարզվել փորձաքննությամբ: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց տուժածի եղբոր` Անդրանիկ Գագինյանի հետ: Վերջինս պատմեց, որ քույրը սպանվել է Պուշկինոյի իր առանձնատանը՝ արտաքին շնչառական ուղիներն օտար մարմնով փակվելու եղանակով:
Անդրանիկ Գագինյանից պարզեցինք, որ քույրը մոտ տասը տարի առաջ է ամուսնացել Հակոբ Կիրակոսյանի հետ, նրա երկրորդ կինն էր: Համատեղ երեխաներ չունեին. «Քույրս առաջին ամուսնությունից մի աղջիկ ունի, երկու թոռ: Իսկ Հակոբը` մի տղա, նա Ռուսաստանում է: Վիճաբանություններ, բռնություններ այնքան էլ հաճախ չէին լինում նրանց ընտանիքում, համենայն դեպս, քույրս այդ մասին մեզ հետ քիչ էր խոսում: Ո՞ւմ տանը վեճեր չեն լինում: Բայց այս ողբերգությունը որեւէ բացատրություն չունի: Քրոջս մահից հետո մեզ Ստեփանավանի բժշկական կենտրոնից տեղեկացրին, թե նախնական ախտորոշմամբ լյարդի ցերոզն է եղել մահվան պատճառը, բայց արի ու տես…»:
Մեր հարցին՝ տեղյա՞կ է, որ կասկածյալ փեսան հետախուզման մեջ է, Ա. Գագինյանը պատասխանեց, թե նա ոչ մի տեղ չունի փախչելու. «Ո՞վ ունի, որ ում մոտ գնա… մնալու, թաքնվելու տեղ չունի: Բոլորն էլ շատ լավ գիտեն նրա տեղը: Ի՞նչ հետախուզել: Տեղը գիտեն՝ չեն գտնում: Չլսված բան է…»,- վրդովված ասաց մահացած կնոջ եղբայրը: Վերջինս դժվարացավ ասել` ինչը կարող էր սպանության դրդապատճառ հանդիսանալ՝ չբացառելով տարբերակը, որ ընտանեկան տարաձայնությունները կարող էին սրել իրադրությունը:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ կասկածյալ տղամարդու հարազատների հետ: Սակայն Պուշկինո համայնքի ղեկավար Սուրեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ Հակոբ Կիրակոսյանը որեւէ հարազատ չունի. կնոջ մահից հետո միայնակ է մնացել: Համայնքապետից պարզեցինք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին` վաղ առավոտյան, Պուշկինո գյուղի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով շնչահեղձ էր եղել կասկածյալի եղբայրը՝ 60-ամյա Հարություն Կիրակոսյանը: Ի սկզբանե առաջ էր քաշվել ինքնասպանության վարկածը, որին իրավապահները հանգել էին տեղում հայտնաբերված դեղահաբերի առկայությունից: Համայնքապետի փոխանցմամբ՝ մահացած տղամարդը, ըստ երեւույթին, հոգեկան խնդիրներ ուներ, եւ այս պահին չի բացառվում, որ կնոջ սպանության մեջ կասկածվող տղամարդու մոտ եւս նման խնդիրներ են ի հայտ եկել. «Այդ ընտանիքը տասը տարի առաջ էր Երեւանից Պուշկինո եկել: Այս պահին գյուղում չեն բացառում, որ ամուսինն է սպանել կնոջը: Գուցե հոգեպես անառողջ չէր, կդժվարանամ հստակ պատասխանել»,- հավելեց համայնքի ղեկավարը:
Այդուհանդերձ, պետք է փաստել, որ վերջին շրջանում տեղի ունեցող ընտանեկան ողբերգությունների մեծ մասը կապվում են հոգեկան շեղումների հետ: Իսկ դրանք, որպես կանոն, ազատում են հանցագործին քրեական պատասխանատվությունից, արդյունքում՝ նա հարկադիր բուժում է անցնում համապատասխան բուժհաստատությունում եւ կրկին վերադառնում տուն` ապրելով հասարակության մեջ:
Տաթեւ Հարությունյան