10 հազար դրամանոց ավիատոմսերը՝ փուչի՞կ. նախատոնական օրերին տոմսերի գինը կթանկանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դեռ հոկտեմբերին մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ հայկական ավիաշուկա մուտք է գործել ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, որը ՀՀ քաղաքացիներին կառաջարկի էժան՝ նվազագույնը 7000 դրամ արժեքով ավիատոմսեր:

Այս հայտարարությունը ՀՀ քաղաքացիների մոտ նախ՝ զարմանք, ապա՝ մեծ ոգեւորություն առաջացրեց: Այս լուրից ուրախացան հատկապես արտագնա մեկնողները, որովհետեւ նրանք կարող էին հաճախակի տուն վերադառնալ:

Նշենք, որ «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից կիրականացնի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ուղղությամբ չվերթներ: Իսկ ավիատոմնսերի վաճառքը ընկերությունը սկսեց նոյեմբերի 21-ից: Սակայն օնլայն տարբերակով ծանոթանալով «Պոբեդա»-ի ավիատոմսերի գներին՝ պարզ դարձավ, որ այս ընկերությունը ուղղակի մոլորեցրել է սպառողներին:

Բանն այն է, որ ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին, 18-ին, 20-ին, 22-ին, 25-ին դեպի Գյումրի-Մոսկվա ավիատոմսը առաջարկում է մոտ 7000 դրամով (956.95 ռուբլի): Իսկ ահա նախատոնական օրերին՝ դեկտեմբերի 27-ին, ընկերությունն այն առաջարկում է 2945 ռուբլիով՝ մոտ 21.5 հազար դրամով, որը 29-ին ավելի կթանկանա՝ 25 հազար դրամ (3425 ռուբլի): Ընկերությունը ավիատոմսը հունվարի 3-ին եւ 5-ին կշարունակի 25 հազար դրամով առաջարկել, իսկ ահա հունվարի 8-ին այն գրեթե կրկնակի կթանկանա՝ 49.500 դրամ (6781 ռուբլի): Բայց հունվարի 10-ին եւ 12-ին ավիատոմսերի գները կէժանանան՝ 28 հազար 500 դրամ (3904 ռուբլի), հունվարի 15-ին՝ 21.500 դրամ (2945 ռուբլի): Հունվարի 17-ից այն կրկին կէժանանա՝ մոտ 7000 դրամ, նույն գինը կպահպանվի 19-ին, 22-ին, 24-ին, 26-ին, 29-ին, 31-ին, փետրվարի 2-ին, 5-ին, 7-ին, 9-ին, 12-ին, 14-ին, 16-ին, 19-ին, 21-ին, 23-ին: Փետրվարի 26-ից այն նորից կթանականա՝ դառնալով 21 հազար 500 դրամ, իսկ 28-ից կէժանանա, եւ գները կպահպանվեն մարտի 2-ին, 5-ին, 7-ին, 9-ին:

Այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հետ: Սակայն վերջինս կարծես թե թեմայից հոգնած՝ հայտարարեց. «Շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունը եւ իմ գործընկերները «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչները կամ տոմսերի վաճառքի գործակալները չեն: Մենք կարող ենք մեկնաբանել, թե ինչ է նշանակում լոուքոսթ ավիաընկերություն»: Վերջինս չզլացավ եւ քաղաքացիներին խորհուրդ տվեց էժան տոմս գնելու համար հետեւել ընկերության գնային առաջարկներին եւ հնարավորինս արագ արձագանքել: «Ակնհայտ է, որ տվյալ ավիաընկերության գնային առաջարկը լինելու է ավելի ցածր, քան «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկող ավիաընկերություններինը: Շուկան է թելադրում գնագոյացումը»,- հայտարարեց քաղավիացիայի երիտասարդ պետը: Ստացվում է, որ «Պոբեդան» մի բաժակ ջրում փոթորիկ արեց, ինքնագովազդ ապահովեց` իրականում մոլորեցնելով քաղաքացիներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

15207822_1275790722477825_1787431348_n




Լրահոս