«Ժողովուրդ»-ը գրել էր, որ շուտով կլրանա երեք ամիսը, ինչ Մատենադարանը տնօրեն չունի: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 3-ին մահացել էր այդ պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Թամրազյանը: Գրել էինք, որ նոր տնօրենի նշանակման շուրջ Մատենադարանում լուրջ քննարկումներ են: Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լեւոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ է: Թեեւ վերջինս մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ չի ցանկանում մասնակցել տնօրենի պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին: Ինչեւէ. «Ժողովուրդ»-ը Մատենադարանի տնօրենի պաշտոնի շուրջ ծավալվող քննարկումների մասին զրուցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:
-Պարո՛ն Մկրտչյան, շուտով կլրանա երեք ամիսը, ինչ Մատենադարանը տնօրեն չունի, ինչո՞ւ է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հապաղում տնօրենի պաշտոնի համար մրցույթ հայտարարելու հարցում:
-Գիտեք, չեմ ուզում ձեւակերպեմ հապաղել հասկացությունը, որովհետեւ Մատենադարանի տնօրենի պաշտոնը մեր ոլորտի համար շատ կարեւորություն ներկայացնող հաստատության ղեկավարի ընտրություն է, եւ այն պետք է լինի կոնսենսուսային ձեւաչափով: Առայժմ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատարը՝ Տեր-Ղեւոնդյանը, բավականին վստահ է եւ կարողանում է: Մենք երկու հանդիպում ունեցել ենք խորհրդի հետ: Փորձենք՝ նախ Մատենադարանը մի հատ վերագտնի իրեն, աշխատի, քանի որ իսկապես պարոն Թամրազյանի վերջին շրջանն էր, երբ ինքը հիվանդ էր, եւ մի քիչ այնտեղ աշխատանքային վիճակը կարգավորելու հարց կա: Հետո համատեղ՝ Մատենադարանի կոլեկտիվի հետ, կքննարկենք: Գիտեք, եթե մենք ունենայինք այսպես շատ մեծ մի կերպար, որը անխոս պետք է լիներ Մատենադարանի տնօրեն, հավատացե՛ք, լուծումը կտայինք: Հիմա պետք է հասկանանք եւ ճիշտ ընտրություն անենք:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լեւոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ է: Կոնկրետ կասեք, թե այս ընթացքում ում թեկնածությունն է քննարկվել, եւ ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը հենց Սերժ Սարգսյանի եղբոր անվան շուրջ տարածված խոսակցությունների կապակցությամբ:
-Որեւէ թեկնածություն չի քննարկվել, իսկ պարոն Սարգսյանի եղբայրը լավ գիտնական է, մեր արտաքին գործերի նախարարության երեւի ամենահմուտ դիվանագետներից մեկը, խորհրդային շրջանից դեռեւս պրակտիկա ունեցող եւ ինքը իր գործունեությամբ շատ-շատ նպաստել է Մատենադարանի ուժեղացմանը եւ ֆոնդերի առաջացմանը: Եկեք, պայմանավորվենք այդ խնդրին անդրադառնալ այն ժամանակ, երբ կլինեն թեկնածուները: Ընդհանուր կադրային իրավիճակի մասին ուզում եմ ասել, որ գիտնականների մի ամբողջ շարք ունենք, որոնք կարող են հավակնել Մատենադարանի տնօրենի պաշտոնին:
-Իսկ նախարարությունը, ի դեմս Ձեզ, գիտնականների այդ ամբողջ շարքից ունի՞ իր նախընտրած թեկնածուն:
-Ո՛չ, նախարարությունն այստեղ թեկնածու չի կարող ունենալ, որովհետեւ շատ ավելի կարեւորության հարց է, հասարակությունը եւ գիտական միջավայրը պետք է համաձայնեն այդ հարցի շուրջ:
–Դուք անձամբ կցանկանայի՞ք Սերժ Սարգսյանի եղբորը տեսնել այդ պաշտոնում:
-Ես ինքս անձամբ, իհարկե, այսինքն՝ ես տեսնում եմ այն ցանկի մեջ, որտեղ հնարավոր խոսակցությունները կլինեն, որովհետեւ մեր լավ գիտնականներից է եւ Մատենադարանի բարեկամներից: Բայց նորից կրկնում եմ՝ դեռ վաղաժամ է անուններ հրապարակել եւ խոսակցություն սկսել:
-Մատենադարանի պաշտոնական կայքում Վիգեն Սարգսյանը շարունակում է մնալ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ հանդիսանում է Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ: Ինչպես հայտնի է՝ նա նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, արդյոք այս փոփոխությունից հետո նա կշարունակի մնալ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ:
-Այո՛, նա դեռ խորհրդի նախագահն է:
զրուցեց Քնար Մանուկյանը