Խորհրդարանական ընտրությունների նոր կարգն ամբողջությամբ կիրառվելու դեպքում Հայաստանի իշխանությունների կողմից ընտրությունների վերահսկումը կդարձնի անհնար, ուստի սպասվում է, որ, ինչպես միշտ, իշխանությունները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի օրենսգրքի որոշ դրույթներ չգործեն:
Օրենքը խեղաթյուրելու ուղղությամբ իշխանություններն արդեն իսկ սկսել են միջոցներ ձեռնարկել, բայց մինչ այդ խնդրին անդրադառնալը փորձենք ձեւակերպել, թե որ դեպքում հայաստանյան ընտրությունները կարող են համարվել «արդար», ինչն այս դեպքում շատ կարեւոր է: Հայտնի իրողություն է, որ ընտրակեղծարար ասելիս բոլորը նկատի ունեն իշխանություններին՝ ի դեմս ՀՀԿ-ի եւ նրա արբանյակ քաղաքական ուժերի: Մեր իրականության մեջ կարեւոր է, որ ընտրողը քվեարկի ազատ: Եթե այդ դեպքում էլ նա կորոշի իր ձայնը տալ իշխող քաղաքական ուժերին, ապա դա է նրա ընտրությունը: Այս մոդելը արդեն իսկ կիրառվել է այս տարվա ընթացքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում:
Չնայած դրանց մեծ մասի արդյունքներով իշխող քաղաքական ուժերին հաջողվել է տեղական մակարդակում իշխանությունը պահպանել, բայց միեւնույն ժամանակ շատ կարեւոր արդյունք է արձանագրվել՝ Հայաստանի հանրության բառապաշարից անհետացել է «ձայն տվեցինք, չկարողացաք մեր քվեն պահել» արդարացումը:
Քվեարկության ընթացքը սովորաբար վերահսկվում է երկու ճանապարհով՝ բաց քվեարկությամբ կամ ընտրակեղծարարության հանրահայտ «կարուսել» կոչվող մեխանիզմի միջոցով: Բաց քվեարկությունը կիրառվում է բացարձակ «անտեր» թողնված կամ թույլ վերահսկողությամբ տեղամասերում: Վերջին երկու համապետական ընտրություններում նման տեղամասերը եղել են մոտ 500-ը, որոնց միջոցով էլ իշխանությունները կարողացել են իրենց համար «հաղթանակ» ապահովել: Ուստի ԱԺ գալիք ընտրությունների ժամանակ ի սկզբանե պետք է բացառվի, որ որեւէ տեղամաս կթողնվի առանց վերահսկողության՝ անկախ նրանից, թե այս կամ այն տեղամասը քանի ընտրող ունի:
Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ՀՀ ԿԸՀ-ի առջեւ պահանջ դնել, որպեսզի բոլոր տեղամասերն այնպես կահավորվեն, որ քվեախուցերը լինեն թիկունքով դեպի պատը եւ «փակված» պատուհանների տարբերակն ի սկզբանե բացառվի: Ի վերջո, ՀՀ ԸՕ 58-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում է. «Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ եւ այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը»: Այսինքն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավունք չունի քվեախուցը թղթով կամ վարագույրով փակված պատուհանի տակ տեղակայել, քվեախուցի թիկունքում պետք է լինի պատ եւ վերջ:
ՀԱՆՈՒՆ «ԿԱՐՈՒՍԵԼԻ» ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԸՕ-Ն ԱՆՏԵՍԵԼ
ԱԺ ընտրությունների համար ԸՕ-ով սահմանված կարգը ճշգրիտ կիրառելու դեպքում խնդիրը լուծվում է: Հիշեցնենք, որ «կարուսելի» ժամանակ կեղծարարները ընտրողին տալիս են իշխանական կուսակցության կամ թեկնածուի օգտին քվեարկված քվեաթերթիկ, որը ընտրողը տեղամասում դնում է ծրարի մեջ եւ գցում քվեատուփը, իսկ տեղամասում ստացած «մաքուր» քվեաթերթիկը նա վերադարձնում է ընտրակեղծարարին: ԱԺ ընտրությունների նոր կարգով մասնակից քաղաքական ուժերից ամեն մեկի համար առանձին քվեաթերթիկ է տպագրվելու, որի մի կողմում տպագրված են լինելու տվյալ կուսակցության համամասնական ցուցակի երեք անունները, իսկ հակառակ կողմում՝ տվյալ տարածքում այդ ուժի կողմից առաջադրած տարածքային թեկնածուների անունները:
Իսկ քվեարկության կարգը շատ հստակ սահմանված է ՀՀ ԸՕ 67-րդ հոդվածի 3-րդ կետով. «ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որեւէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Տարածքային ընտրական ցուցակի թեկնածուներից որեւէ մեկին ընտրելու դեպքում ընտրողն իր ընտրած կուսակցության քվեաթերթիկի երկրորդ էջում ԿԸՀ սահմանած ձեւով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ»:
Այսինքն՝ նախապես քվեարկված քվեաթերթիկով «կարուսել» իրականացնելը դառնում է անհնար: Ընտրակեղծարարության այդ ձեւը կարող է գործել միայն այն դեպքում, եթե ընտրողը փորձի բոլոր «ավելացած» քվեաթերթիկները հետը տեղամասից տանել՝ իրեն վերահսկող ընտրակեղծարարին ապացուցելու համար, որ ինքը հենց իշխանական կուսակցության քվեաթերթիկն է դրել ծրարի մեջ եւ գցել քվեատուփը: Այս համակարգը աշխատացնելու նպատակով իշխանություններն արդեն սկսել են նախապատրաստվել: Բանն այն է, որ հանձնաժողովի անդամ լինելու իրավունք տվող վկայականների համար ԿԸՀ-ի կողմից հուլիս-օգոստոս ամիսներին կազմակերպված դասընթացների ժամանակ ուսուցանողները պնդել են, թե իբր ընտրողը ազատ է «ավելացած» քվեաթերթիկների հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում է:
Այս մոտեցումը ԿԸՀ-ի կողմից քարոզվել է նաեւ օրերս Ծաղկաձորում կուսակցությունների համար կազմակերպված կոնֆերանսի ժամանակ: Այդ միջոցառման ժամանակ ԿԸՀ անդամները կուսակցությունների ներկայացուցիչներին են ներկայացրել նոր ԸՕ-ի առանձնահատկությունները: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստ է, որ ԸՕ 67-րդ հոդվածի վերը բերված 3-րդ կետի պահանջները, այն է՝ «Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ», ԿԸՀ-ի կողմից փորձ է արվել ամբողջությամբ անտեսել:
Ստեղծված իրավիճակում ընտրություններին մասնակցել պատրաստվող ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտադրված են ԿԸՀ-ից պահանջել, որ նա պաշտոնապես հայտարարի, որ «ավելացած» քվեաթերթիկների հետ վարվելու հարցում ընտրողն ազատ չէ եւ նա պարտավոր է դրանք գցել քվեախցում տեղադրված աղբամանում:
Միեւնույն ժամանակ ԿԸՀ-ն այսօրվանից արդեն պետք է պարտավորվի ընտրական տեղամասերը կահավորել այնպես, որ քվեախցերում տեղադրվելիք աղբամանները հանձնաժողովների անդամների, վստահված անձանց եւ դիտորդների համար լինեն տեսանելի, ինչը ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող սուբյեկտներին հնարավորություն կտա համոզվելու, որ ընտրողը քվեարկելուց հետո «ավելացած» քվեաթերթիկները գցեց աղբամանի մեջ: Իսկ եթե որեւէ ընտրող չի կատարի ԸՕ պահանջը, ապա ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնողներն իրավունք ունեն նրանից պահանջելու, որ ուղղի իր «սխալը»:
Ընտրողի հրաժարվելու դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահը տեղամաս պետք է հրավիրի իրավապահներին եւ նրանց հանձնի օրինազանցին, որպեսզի իրավական ընթացակարգով պարզեն, թե ինչու է ընտրողը ցանկանում «ավելացած» քվեաթերթիկները հետը դուրս հանել, եւ արդյո՞ք ինքն այդպիսով չի ցանկանում օժանդակել քվեարկության գաղտնիության բացահայտմանը:
Այլ կերպ ասած՝ ԿԸՀ-ն, ՀՀ ԸՕ 51-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի ուժով, որպես ընտրական օրենսգրքի միատեսակ կիրառման համար պատասխանատվություն կրող մարմին, պարտավոր է միջոցներ ձեռնարկել ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու համար: Անհրաժեշտության դեպքում ԿԸՀ-ն ՀՀ ԸՕ 51-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի հիման վրա «իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում»:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ