Ո՞նց կարելի է «տասովկաներով» առաջ գնալ. Արթուր Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է մի շարք հեռուստանախագծերից, սերիալներից հայտնի դերասան Արթուր Պետրոսյանի հետ:

-Արթո՛ւր, այժմ ինչո՞վ եք զբաղված, թատրոնում կամ ֆիլմերում Ձեզ կտեսնե՞նք:

-Արդեն մի քանի տարի է` զբաղվում եմ ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի կրկնօրինակմամբ: Այս պահին հեռուստաընկերություններից որեւէ մեկում որպես դերասան զբաղվածություն չունեմ, հուսամ` կունենամ: Տարիներ առաջ աշխատել եմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, սակայն հետագայում զգացի, որ այն շատ ժամանակ է խլում, եւ ընտրության առաջ կանգնեցի: Ամեն դեպքում, ինձ համարում եմ սունդուկյանցի ու անընդհատ մտածում եմ թատրոն վերադառնալու մասին: Չի բացառվում, որ առաջիկայում հայտնվեմ որեւէ թատրոնում: Ինձ մոտ այժմ փնտրտուքների փուլ է:

-Դուք նշեցիք, որ կանգնած եք եղել ընտրության առջեւ: Կշեռքի երկրորդ նժարին ի՞նչն էր դրված:

-Երբ դերասանները կամուկացի մեջ են ընկնում, դա մեծ մասամբ կապված է լինում ֆինանսի հետ: Ցավոք, արվեստն այդ փորձությանը հաճախ չի դիմանում:

-Որպես դերասան` Ձեր ապագան բեմի՞ հետ եք կապում, թե՞ էկրանի:

-Դերասանի ե՛ւ ներկան, ե՛ւ ապագան թատրոնն է: Դա նրա տունն է, բնակության վայրը: Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա դրանցում հայտնվելու համար բացի շնորհքից` հաճախ ուրիշ գործոններ են որոշիչ լինում: Երբեմն մենք ֆիլմերում տեսնում ենք ապաշնորհ մարդկանց, որոնք պարզապես լավ կապեր ունեն կամ տեսակով ճարպիկ են: Դա ես երբեք չեմ հասկացել: Հատկապես արվեստում խնամի-ծանոթ-բարեկամներին ո՞նց կարելի է գործի դնել, «տասովկաներով» առաջ գնալ:

-Կա՞ մի դեր, որ ցանկացել եք թատրոնում խաղալ, բայց առիթ չի ընձեռվել:

-Այո՛, շատ դերեր կան, օրինակ` Սիրանո դը Բերժերակի կերպարը կցանկանայի կերտել:

-Արթո՛ւր, հանդիսատեսի շրջանում շատերն ասում են, որ այսօր ֆրունզիկներ, փափազյաններ չեն ծնվում: Համաձա՞յն եք: Եվ եթե նույնիսկ այդպես է, ի՞նչն է պատճառը:

-Ախր ո՞նց ի հայտ գան ֆրունզիկներ: Սա կապված է դերասանին ընձեռած հնարավորությունների ու տվյալ ժամանակի հետ: Իսկ ավելի վաղ սերնդի մեծերը` Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը ինչպե՞ս ծնվեցին: Այդ մարդկանցից շատերը դրսից եկան, ամեն մեկը` մի տեղից, եւ պետական հոգածության պայմաններում սկսեցին ստեղծագործել: Հայրենիք ստեղծելու, մշակույթ զարգացնելու խնդիր կար դրված: Եվ այդպես էլ եղավ: Հիմա ո՞նց պետք է այդպիսիք ծնվեն, եթե տաղանդավորին համապատասխան հնարավորություն չի ընձեռվում: Երեւի մեր սերունդը ժամանակի զոհն է, չգիտեմ…

-Մշակույթի նախարարությունն առաջնահերթ ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի, ի՞նչ խնդիրներ պետք է լուծի:

-Կարծում եմ` անհրաժեշտ է այնպիսի պայմաններ ապահովել, որ կոմերցիան դուրս մնա արվեստից կամ կոմերցիայի դեպքում նոր ցենզեր մշակվեն: Եթերում, որքանով տեղյակ եմ, վերջին շրջանում էթիկային առնչվող որոշ կանոններ խստացվել են, օրինակ` դերասանի վերնաշապիկի բոլոր կոճակները պետք է կոճկված լինեն: Բայց սա ֆորմալ, կոսմետիկ փոփոխություն է: Հասկացանք, որ ինչ-որ բաներ են ուզում պահել, բայց կոճկած վերնաշապիկով այդ մարդիկ եթերում մարդ են սպանում: Հասկանո՞ւմ եք` կարեւոր խնդիրները թողած` ինչի հետեւից ենք ընկել: Դաշտում ընդհանուր անկում կա. մենք սերիալներով ենք սնում մեր ազգին: Եվ հետո` երիտասրադներին աջակցելու խնդիր պետք է դրվի: Թատերականի ուսանողներն ավարտում են կինոռեժիսուրայի բաժինն ու կինո նկարելու միջոցներ չունեն: Ինստիտուտը նոր ավարտած 21-22 տարեկան ռեժիսորն ի՞նչ միջոցներով պետք է կինո նկարի: Ստիպված հարսանիքներ, տեսահոլովակներ, փոքր-մոքր բաներ են նկարում: Այդ մարդկանց պետք է օգնել, որ կայանան:

Կցանկանայի անդրադառնալ նաեւ կոչումների թեմային: Կան մարդիկ, որոնք վաղուցվանից արժանի են կոչման, բայց չեն ստացել, իսկ ինչ-որ մեկը հանկարծ հայտնվում է դաշտում ու, մեկ էլ հոպ, արժանանում է այդ կոչմանը: Օրինակ՝ եթե, Աստված չանի, ինձ կոչում տան, ես կհրաժարվեմ, կասեմ` մի րոպե, ամոթ է, ավելի արժանավորները կան… Ոլորտին առնչվող մեկ այլ խնդիր էլ պետք է լուծել` արտերկրի արտիստների, ստեղծագործողների հետ շփման շրջանակը լայնացնելը:

Միայն փառատոները դրա համար քիչ են. փոխադարձ հրավերներ, փորձի փոխանակում, մաստեր-կլասներ են պետք: Թե չէ ամեն մեկս մեր տեղում լճանում ենք: Անհրաժեշտ է համատեղ նախագծեր իրականացնել, բայց ոչ միայն մասնավոր, այլեւ պետական միջոցներով: Ամփոփելով նշեմ` միակ ցանկությունս այն է, որ արվեստին պետական մակարդակով ուշադրություն դարձվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս