ՊՊԾ գնդի գրավումից անցել է ավելի քան 4 ամիս: Ու թեեւ իրադարձություններն արագ են զարգանում, այնուամենայնիվ, դրանցից բխող կարեւոր հարցը մինչ օրս պատասխան չի ստացել. ինչու «Սասնա ծռերին» տրված խոստումները չկատարվեցին: Այդ օրերին «խաղաղության աղավնու» դեր ստանձնած Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը անուրանալի դերակատարություն ունեցավ հնարավոր արյունահեղությունը կանխելու գործում: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց` նրա ծրագրերը փոխվել են:
Ինչպես հայտնի է` Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբի անդամներին հայտնել էր, որ զենքերը վայր դնելու եւ հանձնվելու պայմանով Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ, ով այդ ժամանակ արդեն կալանավորված էր: Վ. Բալասանյանի խոսքն այդպես էլ իրականություն չդարձավ: Բացի այդ՝ ՀՀ ԱԱԾ-ն էլ գրավոր ծանուցումներ էր բաժանում՝ «Ծռերին» հայտնելով, որ ինքնակամ հանձնվելու դեպքում կլինեն մեղմացուցիչ հանգամանքներ:
Սակայն մեղմացումների փոխարեն շուրջ 12 զինյալների մեղադրանքները խստացվեցին ու ավելացվեցին, իսկ Վիտալի Բալասանյանն էլ նոյեմբերի 3-ին նշանակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Խոստումների մասին մոռացել են գրեթե բոլորը: Մինչդեռ ճիշտ կլիներ, որ վստահություն վայելող մարդիկ այնպիսի խոստումներ տային, որոնք ի զորու կլինեին իրագործել` այդկերպ խուսափելով նաեւ հանրության մոտ օրեցօր արմատացող անվստահության մթնոլորտից:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Եվ այս վիճակը ստեղծվեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հրաժարվել է իր նախորդի` Արմեն Աշոտյանի` ԿԱԻ-ի կողմից ստացված «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայից, եւ այն աճուրդի է հանվել: Այսպես՝ նախ վերահսկիչ պալատն այստեղ ստուգումներ իրականացրեց` եզրակացնելով, որ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը սխալ է ծախսվել: Ապա ՀՀ գլխավոր դատախազությունը այս եզրակացության հիման վրա քրեական գործ հարուցեց, որը նախաքննության փուլում է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հիմա էլ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն է ստուգումներ իրականացնում հարկային պարտավորությունների մասով: Ընկերության տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ին պարզաբանեց, որ ՊԵԿ-ի ստուգումները 2012-13թթ-ին են վերաբերում. «Ես պնդում եմ, որ ընկերությունը ոչ մի խախտում էլ չի արել»,- վստահեցրեց տնօրենը: Հիշեցնենք, որ չարաբաստիկ «Տուարեգը» ԿԱԻ-ն նվիրել էր նախկին նախարար Արմեն Աշոտյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոր ձեւավորված կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, այդ թվում նախարարները, որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ չեն, մինչեւ նոյեմբերի 26-ը կայանալիք ՀՀԿ համագումարը մեկ մարդու պես կանդամագրվեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը: Իհարկե, մինչ այս նրանք բոլորը տարբեր առիթներով ասել են, որ չեն լինելու ՀՀԿ-ական, բայց ճակատագիրը նրանց հանդեպ բավականին դաժան է: Վերջին վառ օրինակը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր, ով երեկ հաստատեց տեղեկությունը, որ արդեն հանրապետական է դառնում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս Հանրապետական կուսակցության անդամ կդառնա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ գործարարների` նոյեմբերի 11-ին կայացած հանդիպումից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ վարչապետը գործարարների հետ առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ վերջիններս հայտնել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ զրույցի թեմաներից մեկը եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը: Այսպես՝ գործարար թեւը Կ. Կարապետյանին դժգոհել է, որ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անհիմն եւ առանց ստույգ փաստերի տուգանքներ է սահմանում: Եվ «Երեւան գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է հենց այս բողոքների հետ: Ըստ երեւույթին, վարչապետը «դաստիարակչական» զրույց է ունեցել Շաբոյանի հետ, վերջինս էլ որոշել է ավելի լավ «աշխատել»: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում՝ գործարարները հասնեն նրան, որ Արտակ Շաբոյանը լքի պաշտոնը:
ԿԱՄԱՑ ԽՈՍԵՔ
1000 դրամների աղմկահարույց նախագիծն առանց հանրային քննարկումների Աժ ներկայացրած պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախագծի շուրջ սպասվածից ավելի բուռն քննադատությունից հետո ստիպված եղավ ուշացումով հանրային քննարկումների շարք սկսել: Նախօրեին էլ ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ ինքը խնդրելու է ԱԺ բոլոր պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին, իսկ նրանց էլ, ովքեր չեն ցանկանում կողմ քվեարկել, խնդրեց գոնե չմասնակցել քվեարկությանը՝ այդկերպ, ըստ երեւույթին, չցանկանալով, որ սահմանին կանգնած զինվորները արձանագրեն այդ պատգամավորների դեմ լինելը: ՊՆ նախարարը նաեւ Աժ ամբիոնից նախագծի քննադատներին հորդորեց՝ կամաց խոսե՛ք, հանկարծ սահմանում կանգնած զինվորները չլսեն:
Երեկ, սակայն, սահմանին կանգնած զինվորների անունից Աժ-ում պաթետիկ եւ ճոռոմ հայտարարություններով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Մարդ, ով, ի դեպ, տնօրինում է ամեն տարի պետական միջոցներից ՀՀ երիտասարդական հիմնադրամին հատկացվող հարյուրավոր միլիոնները: Եվ, ահա, բանակում չծառայած սույն պատգամավորը անհուն պաթոսով հայտարարեց.«Այս օրերին մենք Հայաստանի տարբեր անկյուններում ոգեւորում ենք երիտասարդներին, մեծարում երիտասարդությանը, փառաբանում երազանք ունենալու իրավունքը: /Հավանաբար երազանք ունենալու իրավունքի փառաբանման վրա են ծախսվում Ավագյանի ղեկավարած հիմնադրամի միլիոնները/: Այսօր սահմանին կանգնած են երիտասարդ տղաները, ովքեր հայոց երազանքն իրականություն են դարձնում: Զինվորը չի էլ մտածում, թե որ զենքը ձեռքին կանգնած է, իր հաշվին հարստացողի՞ն է պաշտպանում, թե՞ սեփական ընտանիքը: Զինվորը պաշտպանում է իր հավաքական հայրենիքն ու բոլորիս անվտանգությունը»:
Այո՛, զինվորը չի մտածում՝ բանակում չծառայած, մեծ-մեծ խոսող իշխանական պատգամավորին է պաշտպանում, նրա կուսակից միլիոնատեր գեներալներին թե սեփական ընտանիքը: Բայց այդ նույն զինվորը հաստատ չի երազում /երազանքի իրավունքը փառաբանողներին ի գիտություն/, որ իր անունից խոսի բանակում չծառայած, կարիերիստ մի պատգամավոր, այն էլ՝ այսպիսի անկաշկանդ ճոռոմությամբ: «Իսկ մենք այսօր քննարկում ենք զինվորին 1000 դրամ տալ-չտալու հարցը: Ու ես համոզված եմ, որ նույն զինվորը, այնտեղ՝ սահմանին կանգնած, տեսնելով այս քննարկումներն ու շահարկումները, ներողամտորեն ժպտում է… Ամեն ինչ կարելի է քննարկել ու ուղղել, մի բան կա միայն, որի հարցում սխալ անել չի կարելի, քանի որ ուղղելը շատ դժվար կլինի: Զինվորի ինքնասիրությունն է: Մի՛ դիպչեք հայրենիքի պաշտպանի հոգուն»,- կոչ արեց ընդմիշտ երիտպատգամավորը:
Ավագյանի այս «սրտաճմլիկ» ելույթից հետո մնում է միայն կրկնել Վիգեն Սարգսյանի հորդորը՝ կամաց խոսե՛ք, Կարեն Ավագյա՛ն, հանկարծ սահմանին կանգնած զինվորները չլսեն, թե չէ մեկ էլ տեսար՝ այդքան էլ ներողամիտ չլինեն…