ՀԱՅԱՍՏԱՆԸ ԷԼԻ՞ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով Թուրքիայից ՀՀ ուղարկված մարդասիրական օգնության մասին «Ժողովուրդ»-ի հրապարակած պաշտոնական տվյալներին՝ նշեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին եւ խոստացավ անպայման ստուգել՝ հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը:

Գրել էինք, որ ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների` 2015 թ. ՀՀ-ի ստացած մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 5 հազար տոննա, որը եղել է մոտ 50 մլն դոլարի չափով: 2015 թ. Հայաստանին «օգնած» երկրների թվում է նաեւ Թուրքիան: Ըստ ԱՎԾ-ի՝ Թուրքիան ՀՀ է ուղարկել ավելի քան 5 տոննա պլաստմասսա եւ դրանից պատրաստված իրեր, կաուչուկ, ռետին եւ դրանցից պատրաստված իրեր՝ ավելի քան 3 հազ դոլարի չափով, թաղիք, բամբակ, հատուկ գործվածք, ճոպան, պարան, տրիկոտաժե պաստառ, հնոտիներ, իրեր սեւ մետաղներից, Էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, ձայնագրող ապարատներ եւ դրանց մասեր, կահույք, անկողնային պարագաներ, խաղալիքներ, խաղեր եւ սպորտային գույք, դրանց մասեր եւ հարմարանքներ:
«Ժողովուրդ»-ն այդ արտասովոր մարդասիրական օգնության մասին զրուցեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան
-Պարո՛ն Արամյան, հրապարակել էինք, որ 2015 թ. Հայաստանին «օգնած» երկրների թվում է նաեւ հարեւան Թուրքիան, որը նշված տարում Հայաստան է ուղարկել ավելի քան 5 տոննա պլաստմասսա եւ դրանից պատրաստված իրեր, կաուչուկ, հնոտի եւ այլն:
-Ճիշտն ասած՝ այդ հրապարակմանը տեղյակ չեմ:
-Հրապարակմանը ծանոթ չեք, բայց գոնե տեղեկացված պետք է լինեք, թե արդյո՞ք Հայաստանը Թուրքիայից մարդասիրական օգնություն ստանում է կամ ի՞նչ փաստաթղթի հիման վրա է ստանում:
-Դժվարանում եմ ասել, երեւի Դուք սկզբնաղբյուրին դիմեք: Գիտեք, ազգային վիճակագրական ծառայությունը ոչ այլ ինչ է, քան փաստերի հաշվեգրում կատարող, եւ այդ հաշվեգրման հիման վրա վիճակագրություն է պատրաստում: Անպայման պետք է հասկանալ, թե սկզբնաղբյուրը որն է:
-Այսինքն՝ Դուք երբեւէ չեք լսե՞լ, որ Հայաստանին մարդասիրական օգնություն կարող է տրամադրվել Թուրքիայից:
-Անկեղծ, իրականում տեղյակ չեմ, բայց կստուգեմ, թե այդ ինչ տեղեկատվություն է, Դուք արդեն նշեցիք, որ ազգային վիճակագրական ծառայությունն է հրապարակել պաշտոնական տեղեկությունը, տեղյակ չեմ, բայց կստուգեմ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյան
-Պարո՛ն Մելքումյան, տեղյա՞կ եք, որ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանը մարդասիրական օգնություն է ստացել Թուրքիայից:
-Տեղեկատվությանը չեմ տիրապետում, բայց կարող եմ երկու տիպի ենթադրություն անել: Չենք կարող, չէ, բացառել, որ դա միգուցե Թուրքիայում գործող հայկական ինչ-որ տիպի կրոնական կամ հասարակական կամ մեկ այլ կազմակերպություն է իրականացրել, թուրքիայում գործում են, չէ ,տարբեր կազմակերպություններ, որոնք հայեր են, հայկական համայնքից են: Եվ երկրորդ տարբերակը, որ դա այլ երկրից է եկել, ուղղակի Թուրքիայում չի եղել տարանցիկ, կապարանակնքված չի եկել, ասենք՝ եկել է Թուրքիա, այնտեղ մաքսազերծվել է, նորից այլ տրանսպորտային ընկերություն բերել է: Սա ուղղակի ենթադրում եմ, այլ բան չեմ պատկերացնում:
-Զարմանալին այն է, որ շատերը տեղյակ չեն, մի զգալի հատված բացառում է, իսկ վիճակագրական ծառայությունը հստակ ներկայացրել է: Բայց հարկ է, որ տրվեն պարզաբանումներ. միգուցե, դրա կարիքը եղել է կամ ինչ փաստաթղթի հիման վրա է դա իրականացվել:
-Իհարկե, իմ պատասխանը այստեղ պետք է բացասական լինի, բայց մեկ բան նշեմ, իհարկե, սա նրա հետ կապ չունի, բայց 1992-93 թթ, երբ պատերազմի մեջ էինք, Հայաստանում հացի վաճառքը քարտերով էր, այն ժամանակ հացի գործարանները պետական էին, քանի որ Հայաստանը ցորենի արտադրությունը 1/3-ով էր բավարարում, մենք դրսից էինք ներկրում, հիմա էլ ենք կեսից ավելին դրսից ներկրում: Այն ժամանակ մարդասիրական օգնություն էր՝ 247 հազար տոննա ալյուր Եվրամիությունից եւ 150-160 հազար տոննա Միացյալ Նահանգներից: Արդյունքում, այդ փուլում քանի որ ուշացել էր այդ մարդասիրական օգնությունը, եթե չեմ սխալվում, մեր կառավարությունը դիմել էր Թուրքիային, կարծեմ՝ այն ժամանակ Օզալն էր վարչապետը, դիմել էինք, որ մենք ալյուր ստանանք եւ ստացել էինք: Անցել է 22 տարի, հարցնում եք՝ եղե՞լ է նման բան, ասում եմ, որ եղել է:
-Հիմա մենք Թուրքիայի մարդասիրական օգնության կարիքն ունե՞նք:
-Ազգային վիճակագրական ծառայությունը երեւի չոր թվեր է գրել՝ միջից հոգին հանելով, այսինքն՝ դու մի բան ես գրում, պետք է բացատրություն տաս, որ թյուրիմացություն չառաջանա: Սա ես բացատրում եմ անհասցե անհոգի աշխատանքով: Բացառում եմ, որ մեր կառավարությունը կարող է սպասել նրանցից մարդասիրական օգնություն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԳԱՂՏՆԻՔ ՉԷ, ԲԱՅՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԷԼ ՉԷ

Դեռեւս հոկտեմբերին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակեց իշխանափոխության ճանապարհային քարտեզ, որում երեք կետ էր ներառված՝ վարչախմբի հեռացում, անցումային կառավարության ձեւավորում եւ ազատ, արդար արտահերթ ընտրությունների անցկացում: Այդ քարտեզի իրականացման ուղղությամբ, սակայն, մինչ օրս որեւէ նշմարելի քայլ չի կատարվել: «Ժողովուրդ»-ը «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանից փորձեց պարզել՝ ի՞նչ փուլում է գտնվում նրանց գործունեությունը, եւ, ընդհանրապես, ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո դրա իրագործման համար ի՞նչ քայլեր են կատարվել:

-Պարո՛ն Ենիգոմշյան, «Նոր Հայաստանի» ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո անցել է մոտ մեկ ամիս: Այս ընթացքում ի՞նչ քայլեր եք հասցրել անել:
-Ճանապարհային քարտեզի իրականացման համար աշխատանքները շարունակվում են, կատարվում են ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ քարտեզի գաղափարների տարածմանն ուղղված քայլեր, բայց շատ աշխատանքներ կան, որ արտաքինից կարող է չերեւան: Որպես նշմարելի քայլ կարող եմ ասել, որ դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, քաղբանտարկյալների, «Սասնա ծռեր» ռազմագերիների եւ, ընդհանրապես, Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, տարբեր անօրինականությունների դեմ բողոքի եւ պահանջատիրության երթ է կազմակերպվելու:
-Կարող եք նշել, թե ինչպիսի՞ քայլերի մասին է խոսքը, որոնք իրականացվում են, սակայն տեսանելի չեն:
-Ես ասում եմ` կազմակերպչական հարցեր են եւ ճանապարհային քարտեզի պահպանողական, քարոզչական աշխատանքներ, սենյակներում մարդկանց հետ քննարկում, ոչ թե գաղտնի, այլ ոչ բացահայտ, հրապարակային, դա չի նշանակում գաղտնի:
-Քաղաքական ուժերի՞ հետ են այդպիսի քննարկումներ անցկացվում:
-Քաղաքական անձնավորությունների հետ, քաղաքական գործունեություն ծավալող մարդկանց հետ՝ այո, քաղաքական ուժերի, կուսակցությունների հետ` ոչ: Կուսակցությունների հետ նման քննարկումներ չեն եղել:
-Խոսքն այն մարդկանց մասի՞ն է, ովքեր մինչ այդ եղել են Ձեր կողքին, թե՞ Ձեր շարքերում նոր քաղաքական դեմքեր էլ են ավելացել:
-Չէ, ես հիմա անուններ չեմ տալիս, երբ իրենք ցանկանան, կհայտարարեն իրենց անունները, բայց գաղտնիության խնդիր չկա այստեղ, կան մարդիկ, ովքեր անցած տարիների ընթացքում շփվել են եւ համագործակցել են «Հիմնադիր խորհրդարանի» հետ, կան այլ անհատներ, ես չէ, որ պետք է այդ անձերի անունները տամ:
-Հասարակությունը ե՞րբ կտեսնի հստակ քայլեր:
-Դա կարող է լինել մինչեւ 2017 թվականի ապրիլին ռեժիմի կողմից նշանակված ընտրությունները, կարող է լինել այդ կեղծ ընտրությունների կեղծիքը հերթական անգամ բացահայտելու արդյունքում, ես չեմ ուզում կանխատեսումներ անել:
-Ի վերջո, որքանո՞վ եք իրատեսական համարում այդ ճանապարհային քարտեզի իրագործումը:
-Մենք համարում ենք, որ ճանապարհային քարտեզը միակ ուղին է մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու համար, մենք տեսնում ենք, որ այլ միջոցներ չկան, հետեւաբար վստահության առումով վստահ ենք, որ դա է ճանապարհը: Իսկ թե երբ իրականություն կդառնա, դա արդեն բազմաթիվ հանգամանքներից է կախված` ե՛ւ մեր աշխատանքից, ե՛ւ այլ հանգամանքներից:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ԸՆԴԴԵՄ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ
Արդեն երկու օր է` գործարար ու քաղաքական դաշտը քննարկում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եւ գարեջուր արտադրողների միջեւ առաջացած վեճը: Ինչպես հայտնի է՝ «Երեւան գարեջուր» ընկերությունը 110 մլն դրամ տուգանքի է ենթարկվել: «Գյումրու գարեջուր» գործարանի նկատմամբ եւս տուգանք գրելու գործընթաց է սկսվել, ու էլի խոսքը մեծ թվերի հասնող տուգանքի մասին է: Հասկանալի է, որ այս տուգանքները իրենց մեջ ունեն նաեւ քաղաքական բաղադրիչներ, քանի որ Սամվել Բալասանյանին, իսկ ավելի ճիշտ՝ նրա որդուն՝ Միսակ Բալասանյանին, խորհրդարանական ընտրություններից հեռու պահելու խնդիր կա: Եւ ահա այս հարցում քաղաքական խարդավանքների գործիքը դառնում է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որը եւս ծնունդով Շիրակի մարզից է: Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Շիրակի մարզից պատգամավոր դառնալու հավակնություն ունեն նաեւ նախկին ԿԳԲ-ական Ֆելիքս Ցոլակյանը եւ Արման Սահակյանը: Հուսանք՝ հանուն ներիշխանական խարդավանքների չի վտանգվի աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրու արտադրական հսկայի՝ «Գյումրի գարեջրի» փակումը:

 

 

ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ
Կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Աշտարակ կաթ» ընկերության հետագա գործունեությունը անհայտ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ընկերության առաքիչները բոլոր խանութներից եւ սուպերմարկետներից հավաքում են կաթնամթերքի բոլոր տեսակի ապրանքները՝ խանութների տնօրեններին փոխանցելով, որ դեռ հայտնի չէ, թե երբ կսկսեն բնականոն հունով աշխատել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ տեւական ժամանակ է, ինչ ընկերությունը չի աշխատում՝ ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով: «Աշտարակ կաթ»-ը մթերման կաթի դիմաց պարտքեր ունի կուտակած նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչներին: Ի դեպ, ընկերության՝ Ճամբարակում գտնվող պանրի գործարանը նույնպես չի աշխատում:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ «ԿՈՇ» ՔԿՀ-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ին երեկ տեղեկություններ հասան, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ հացադուլ է հայտարարել կալանավոր Վարդան Ենոքյանը, վերջինիս բողոքը պայմանավորված է իրեն անհիմն կալանքի տակ պահելու հետ: Ի դեպ, երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ «Կոշ» ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել մասնավորապես սննդի բաժնում, քանի որ տեղեկություններ են հասել, որ սնունդը դատապարտյալներին չի հասնում, իսկ թե ինչ արդյունք կտան այս ստուգումները, ցույց կտա ժամանակը:




Լրահոս