Նախօրեին հեռարձակվեց «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հարցազրույցը Սերժ Սարգսյանի հետ: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ հայ-ռուսական հարաբերություններին, ԼՂՀ կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին:
Թե ինչ ենթատեքստեր կային Սերժ Սարգսյանի պատասխաններում, եւ ինչ ուղերձներ էր նա ցանկանում հասցնել միջազգային հանրությանը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել քաղաքագետներից, որոնք տարիներ առաջ ակտիվորեն վերլուծում, վեր էին հանում Սարգսյանի հարցազրույցներն ու ելույթները: Բայց այս անգամ որեւէ մեկից հստակ պատասխան ստանալ չհաջողվեց. բոլորը միաբերան նշում էին, թե ծանոթ չեն Սարգսյանի հարցազրույցին: Այս անտարբեր վերաբերմունքը, իհարկե, հասկանալի է: Վերջ ի վերջո, Սերժ Սարգսյանի պաթետիկ ելույթներն ու հարցազրույցները վաղուց արդեն որեւէ մեկին չեն զարմացնում եւ ոչ էլ լուրջ ակնկալիքներ են ձեւավորում: Այնուհանդերձ, ժամանակ առ ժամանակ միջազգային լրատվական հարթակներով հանդես գալը եւ Հայաստանի խնդիրների մասին հիշեցնելը կարեւոր է: Թե որքանով է Սարգսյանը դա լավագույնս անում, թերեւս հարկ չկա նշել: Բավական է հիշել ապրիլյան լարված օրերին Բեռլինում նրա ունեցած ելույթը՝ 80-ականների զենքով կռվելու մասին, կամ էլ պատերազմից օրեր անց Բլումբերգին տված հարցազրույցը, որտեղ նա խոստովանեց տխրահռչակ Կազանյան փաստաթուղթը ստորագրելու՝ Հայաստանի պատրաստակամության մասին:
Ինչեւէ: Հիմա անդրադառնանք այս հարցազրույցի բովանդակային մասին: Նորություն համարելով հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին որոշումը` լրագրողը հետաքրքրվեց` ինչո՞ւ, ի՞նչ նպատակով եւ ի՞նչ միջոցներով է ստեղծվելու զորախումբը, ո՞վ է լինելու հրամանատարը։ Հարցին Սարգսյանը պատասխանեց կարճ՝ մասնավորապես նշելով, որ դա նորություն չէ, այլ արդեն վաղուց գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունների շարունակություն։ Իսկ ահա արդեն երկրորդ հարցի պատասխանի մեջ Սարգսյանը մի փոքր հակասեց իր նախորդ պատասխանին: Կիսիլյովի այն հարցին, թե Վլադիմիր Պուտինը հանձնարարական է տվել կառավարությանը զորախմբի հետ կապված, պաշտոնական կայքում կա տեքստը, ի՞նչ է դա, Սարգսյանը պատասխանեց. «Երկկողմ հարաբերություններ միշտ եղել են, բայց միշտ չէ, որ մենք դաշնակիցներ ենք եղել. տնտեսական հարաբերություններ միշտ եղել են, բայց չի եղել ընդհանուր տնտեսական տարածք»։ Հարց է առաջանում` հիմա Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վաղո՞ւց են գոյություն ունեցել, թե՞ միշտ չէ, որ դաշնակիցներ ենք եղել:
Հաջորդիվ զրուցակիցները անդրադարձան Հայաստանի կյանքում Ռուսաստանի դերին: Կիսիլյովն ու Սարգսյանը փորձում էին իրար լրացնող հարց ու պատասխանով Ռուսաստանից հիասթափված հայ հասարակությանը «համոզել», որ այդ երկիրը մեր «պահապանն է»: Կիսիլյովը Սարգսյանից հետաքրքրվեց` եթե խոսենք այստեղ Ռուսաստանի խաղաղապահ դերի մասին, ապա կարո՞ղ եք մանրամասնել եւ պատմել, թե ինչպե՞ս դա եղավ ապրիլին, ո՞րն է եղել Ռուսաստանի դերը ռազմական գործողությունների պայմաններում։ Սարգսյանը սկսեց ինչպես միշտ ռուսական կողմին «սիրաշահել». «Ռուսաստանն առանցքային դեր ունի մեր տարածաշրջանում, այդ թվում` խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործում։ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել մարտական գործողությունները դադարեցնելու գործում։ Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, որովհետեւ հայ հասարակության մեջ միանշանակ չընդունվեց Ռուսաստանի հավասարակշռված քաղաքականությունը, համենայն դեպս, զանգվածային լրատվամիջոցների, ԱԳՆ մակարդակով։ Կարելի է հասկանալ հայ հասարակությանը, որովհետեւ Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ վտանգի դեպքում Ռուսաստանը միշտ կլինի Հայաստանի կողքին։ Բայց, ինչպես ասում են, երազելը վնաս չէ… Մարդկանց մի մասը հասկացավ, որ Ռուսաստանը ստիպված էր պահպանել հավասարակշռություն, հակառակ դեպքում դա կարող էր հանգեցնել ավելի լայնածավալ գործողությունների…»,-Ռուսաստանին շտապեց արդարացնել Սարգսյանը:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ սիրիահայերի խնդրին, մասնավորապես հարց եղավ, թե ինչպես են սիրիահայերն իրենց զգում Հայաստանում: Ահա այսպիսի հարցադրումներին տրված Սարգսյանի պատասխանը նման էր իր ելույթներին` խոստումներ, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնում: Սարգսյանի խոսքով` փորձում են լուծել այն սիրիահայերի բնակարանային հարցը, ովքեր ապրելու տեղ չունեն, նաեւ նրանց փորձում են աշխատանքի տեղավորել։ Մինչդեռ Հայաստանի քաղաքացիներին լավ հայտնի է, թե քանի հալեպահայ, հայրենիքում բազմաթիվ խնդիրների բախվելով, հեռացավ Հայաստանից:
Հիմա անցնենք հարցազրույցի` Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հատվածին:
«Վերջերս տեղի ունեցավ հանրաքվե, որը փաստացի փոխում է պետության կառավարման համակարգը, Հայաստանը վերածում խորհրդարանական հանրապետության։ Ի՞նչ կտա դա Հայաստանին»,- հետաքրքրվեց Կիսիլյովը։ Սարգսյանի պատասխանը, իհարկե, նորություն չէր: Նրա խոսքով` մենք ունեցել ենք կառավարման կիսանախագահական ձեւ, որն ուներ իր թերությունները, դրա համար խորհրդարանական պետություն ունենալը կվերացնի այդ թերությունները: Նկատենք, որ այսպիսի պատասխանից հետո անգամ ռուսաստանցի հեռուստադիտողի մոտ կարող էր հարց առաջանալ. Սերժ Սարգսյանը հնարավորություն ուներ փոխելու այդ ձեւը դեռ վաղուց, ինչո՞ւ դա չէր անում, մի՞թե այդ թերությունները հիմա են նկատելի դարձել, թե՞ անձնական ապագան ապահովելու խնդիր կար:
Նոր ձեւավորված կառավարությանը եւս անդրադարձան զրուցակիցները: Սարգսյանը կրկին նոր կառավարությանը հայտնեց իր հավատի առհավատչյան՝ համենայն դեպս, նշելով. «Վերջին հինգ տարիների ընթացքում մեր տնտեսությունն աճել է 20 տոկոսով։ Աճը միջինում կազմում է տարեկան 4 տոկոս»: Մինչդեռ, ինչպես հայտնի է, իր պաշտոնավարման սկզբում Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մեր տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է:
Այս կոնտեքստում տարօրինակ է Սարգսյանի գովերգը` ուղղված ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Չնայած մեր տնտեսության ներկայիս չափազանց վատ վիճակին՝ Ս. Սարգսյանը չվարանեց Տիգրան Սարգսյանին գովերգել որպես փորձառու եւ առաջադեմ հայացքների տեր գործիչ: Ստացվում է, որ մեր տնտեսության հետընթացը իրականացվել է առաջադեմ հայացքներով, փորձառու վարչապետի շնորհիվ:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅՈՒՄ
Այսօր` ժամը 12:00-ին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ: Միակ թեկնածուն համալսարանի ներկայիս ռեկտոր Շահեն Շահինյանն է։ Այն, որ ընտրությունները ձեւական բնույթ են կրելու, արդեն երեւում է ընտրություններին մասնակցողների քանակից: Այսինքն՝ ընտրություն՝ որպես այդպիսին, չի լինելու:
Բայց, այնուամենայնիվ, հարկ ենք համարում հիշեցնել, թե ով է Շահեն Շահինյանը: Դեռեւս 2013 թվականին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեկ տասնյակից ավել բուհի ռեկտորների կողմից թույլ տված չարաշահումների փաստի առթիվ ՀՀ գխավոր դատախազի հրահանգով քրեական գործեր էին հարուցվել: Այդ ռեկտորների թվում էր նաեւ Շահեն Շահինյանը: Բայց ժամանակները ցույց տվեցին, որ Շահինյանը շարունակեց պաշտոնավարել: Ստացվում է` Շահինյանը այս անգամ էլ իր տեղը զիջել չի ցանկանում:
ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
Երեկ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ըստ էության, նկատողություն արեց ՀՀ կառավարության ներկայացուցիչներին, թե առաջին անգամ է տեսնում, որ բյուջեի քննարկումը սկսվել է, սակայն ՀՀ կառավարությունից ներկայացուցիչներ, մեղմ ասած, չկան: Ի պատասխան Գալուստ Սահակյանի դիտողության՝ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը հայտնեց, թե արդյո՞ք ճիշտ չէ քննարկումները հետաձգել, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց, թե ինքը գիտի՝ ինչ հետաձգի, երբ հետաձգի եւ ինչի համար հետաձգի: Ի դեպ, ԱԺ նախագահի այս դիտողությունը նաեւ բարձր գնահատեցին որոշ ընդդիմադիր պատգամավորներ: Սակայն այս պատկերին զուգահեռ վատ չէր լինի՝ Գալուստ Սահակյանը նաեւ նկատողություն աներ ԱԺ մի շարք պատգամավորների, որոնք առավոտյան ԱԺ են գալիս՝ կոճակ սեղմելու համար եւ հեռանում են նիստը չավարտված: Եւ շատ կարեւոր հարցերի քննարկման ժամանակ ԱԺ դահլիճում «մատերի» վրա կարելի է հաշվել պատգամավորների թիվը:
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել ՔԿՀ կալանավորների կամ դատապարտյալների կողմից ՔԿՀ-ի ներսից մարդկանց գույքը հափշտակելու դեպքերին: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա սեպտեմբերին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել էր շախմատի կանանց հավաքականի անդամ, 2016թ. չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանի iphone տեսակի հեռախոսը, որ շախմատիստուհին պատրաստվում էր վաճառել:
ՄՈՏ ԵՆ ԵՂԵ՞Լ
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվի ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում: «Եթե մենք մերժում ենք ազգերի ինքնորոշման սկզբունքները, ապա մենք չպետք է դուրս գայինք Սովետական Միության կազմից, դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա»,-ասել է Սարգսյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ մի քանի անգամ Երեւանն ու Բաքուն մոտ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով փաստաթղթի ստորագրմանը, որտեղ արտացոլված են եղել այդ հիմնարար սկզբունքները:
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ
«Կայացել են Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, եւ կողմերին հաջողվել է գրանցել հաջողություններ»,- երեկ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ակնկալում ենք նաեւ առաջիկայում սկսել բանակցություններն ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու ուղղությամբ: Ինչպես նաեւ հուսով ենք, որ շուտով կմեկնարկի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»,- նշել է նա: